HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դպրոցների ֆինանսավորման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգ։

Այն հանրային քննարկման է ներկայացվել երեկ` օգոստոսի 14-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ՝ այդ թվում դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն:

Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանալու նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը:

«Այդ ամենը հնարավորություն է տալիս կիրառելով միասնական մոտեցում՝  հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար»,- նշված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծում։

Նախարարությունն ընգծել է, որ ներկայումս գործող ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նա՝ որոշ ծախսատեսակների նորմավորումը։

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է նոր մշակված կարգին՝ առանձնացնելով դրա կարևոր փոփոխությունները։ Նրա գրառումը ստորև՝

«1․ Համընդհանուր ներառականության կոնտեքստում նախատեսվում է ֆինանսավորման բանաձևում ընդգրկել այն ծախսերը, որ մինչ այս կախված էին տվյալ դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ծանր ու միջին վկայագրված երեխաների առկայությունից, և որպես հետևանք էր ունենում այն, որ որոշ դպրոցներում ձևավորվում էր նշված խմբի երեխաների անհամաչափ բաշխվածություն՝ վերստեղծելով նոր հատուկ դպրոցներ։ Այժմ ֆինանսավորման առաջարկվող բանաձևը առաջարկում է անցնել իրական ներառականության․ բոլոր դպրոցների համար նախատեսվում է ուսուցչի օգնականի հաստիքը, ինչպես նաև առանձնացված են ներառական հարմարեցման համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3297 հազ․ դրամ /յուրաքանչուր տարի 1099 հազ․ դրամ/ և տրվում է այն ուսումնական հաստատություններին, որոնք հարմարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով կամ հիմնանորոգման համար ֆինանսավորվող ծրագրերում։ Արդեն հարմարեցված դպրոցների դեպքում կգործի այս նպատակով շարունակական ծախսերի բաժինը, որը հաշվարկվում է ներառական հարմարեցման համար նախատեսված ծախսերի 7 տոկոսի չափով,

2․ Մանկավարժական ստեղծարար գործունեության խրախուսման համար նախատեսվել են այնպիսի լրավճարներ, ինչպես մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը, որը հնարավորություն կտա նվազեցնել մեթոդմիավորման ղեկավար հանդիսացող ուսուցչի կողմից դասավանդվող ժամերը և պահպանելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը՝ այդ ժամերի մի մասն ուղղել պարբերական շաբաթական դասալսումներին։ Սա կարող է դառնալ դպրոցում ներքին վերապատրաստումների կարևոր գործիք։ Նախատեսված է նաև լրավճար դասղեկների համար։

3․Ուսուցչի նվազագույն աշխատավարձի մասով նախատեսվել է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման ավելի բարձր աշխատավարձը,

4․Ֆինանսավորման բանաձևում արտացոլվել է նաև նախակրթարանների ֆինանսավորումը, սննդի գումարը՝ այդ թվում տարրական դասարանների համար իրականացվող կայուն դպրոցական սնունդ ծրագրի մասով ևս»,-նշել է Ժ. Անդրեասյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter