HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Նախարարի պատասխանը «բացարձակ կեղծիք» է

Դեկտեմբերի 6-ին պատգամավոր Մանուկ Գասպարյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ համայնքների վարչական սահմանների հաստատումով Իջեւան քաղաքի հարակից Գանձաքար համայնքի տարածքից 1800 հա եւ Գետահովիտ համայնքից 84 հա կցվել են Իջեւան քաղաքին: ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, պատգամավորի հարցին պատասխանելով, ասել էր, թե այդ որոշմանը համաձայն են Գետահովիտ եւ Գանձաքար համայնքների ղեկավարները, այդ համայնքների ավագանու անդամները:

Նախարարի այդ պնդումը հերքելով' Գետահովտի գյուղապետ Սարգիս Ղազարյանը, Գանձաքարի գյուղապետ Անաստաս Հակոբյանը, երկու համայնքների ավագանիները դեկտեմբերի 13-ին հեռագիր են ուղարկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանին: Վարչապետին ուղղված հեռագրում Գետահովտի համայնքապետը եւ համայնքի ավագանին գրում են. «Մեծարգո պրն վարչապետ, սույն թվի դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի հերթական նստաշրջանում «Իջեւան եւ Գետահովիտ համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների վերաբերյալ Մանուկ Գասպարյանի կողմից հնչեցրած հարցի պատասխանը խիստ զարմացրեց թե՛ մեզ, թե՛ ամբողջ համայնքին, այն, որ ընդունված որոշումները համաձայնեցվել են թե՛ համայնքների ղեկավարների, թե՛ ավագանու հետ: Դա բացարձակ կեղծիք է: Ո՛չ համայնքների ղեկավարները, ո՛չ ավագանիները ՀՀ կառավարության ընդունած որոշման մասին տեղյակ չեն եղել, այդ մասին իմացել են որոշման պաշտոնական հրապարակման պահից: Բազմիցս ուղերձներով դիմել ենք Ձեզ Իջեւան եւ Գետահովիտ համայնքների սահմանների ճշգրտման քողի տակ անհիմն կերպով Գետահովիտ համայնքի վարչական տարածքը 1/3-ով կրճատելու վերաբերյալ, սակայն մեր կողմից ուղարկված ուղերձների վերաբերյալ ոչ մի պատասխան չենք ստացել: Համայնքն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից ընդունված միակողմանի որոշման կապակցությամբ եւ հույս ունի, որ համայնքի պահանջը անմիջականորեն Ձեզ հասնելուց հետո խնդիրը լուծում կստանա»:

Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter