25 տարվա մեջ առաջին դասընթացը
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում աննախադեպ իրադարձություն է`սկսվել են խոհարարական դասընթացներ դատապարտյալների համար: 25-րդ տարին, ինչ այստեղ եմ, առաջին անգամ է, երբ պետությունը` ի դեմս արդարադատության նախարարության, ուսուցման ծրագիր է իրականացնում այս ՔԿՀ-ում: Ծանոթացանք մեր դասախոսների հետ: Հարցրեցին`մսի, խմորի, աղցանների, թե խավարտի հետ աշխատանքն ենք նախընտրում: Բոլորս էլ ցանկացանք ամեն բան էլ սովորել: Մեզ բաժանեցին նոթատետրեր, գրիչներ, ձեռնոցներ, խալաթներ և խոհարարական գլխարկներ: Ափսոս, որ գործնական պարապմունքներ շատ քիչ են լինելու, հիմնականում` տեսական, բայց վերջում, երբ ստանանք վկայագրեր` կարող ենք աշխատել խոհանոցում և վարձատրվել:
Անկասկած, լավ ծրագիր է, սակայն առկա են մնում հարցեր և մտահոգություններ, որոնք բխում են առկա իրողությունից: Նախ, ինչու՞ երկու տասնամյակից ավելի չեն իրականացրել կրթական և աշխատանքային ծրագրեր այստեղ, մասնավորապես՝ ցմահ ազատազրկվածներիս հետ կապված: Արդյո՞ք մեկնարկած այս ծրագիրը կլինի շարունակական և իրոք աշխատանքի հնարավորություն կտրամադրվի: Ինչու՞ է դատապարտյալների ճնշող մեծամասնությունը խուսափում ուսումից և աշխատանքից: Ինչու՞ ՔԿՀ վարչակազմը կաշկանդվելով դատախազությունից` չի խրախուսում ուսումը, աշխատանքը, ստեղծագործելը, օրինապահ վարքագիծը:
Կրթությունը և աշխատանքը ազատազրկման վայրերում առանց չափազանցության պետական խնդիր է և կապված ազգային անվտանգության հետ: Բանտերում ու գաղութներում հիմնականում հայտնվում են մարդիկ, ովքեր չունեն բավարար կրթական մակարդակ և աշխատանքային հմտություններ: Գաղտնիք չէ, որ հանցագործությունների 90%-ից ավելին սոցիալ-տնտեսական են, այսինքն՝ ուղղված են ուրիշի սեփականության դեմ: Ի՞նչ նպատակ է հետապնդում պետությունը, արդյո՞ք ուղղում է հանցանքներ կատարած մարդկանց, երբ տարիներով պահում է փակ խցերում կամ գաղութներում` մատնված անգործության: Արդյո՞ք հենց այս իրավիճակը չի նպաստում քրեական ենթամշակույթի տարածմանը և է՛լ ավելի ամրապնդմանը: Դատապարտյալը, եթե նույնիսկ ունի ինչ-որ աշխատանքային հմտություններ, ապա դրանք կորցնում է, հաճախ խզվում են ընտանեկան կապերը: Արտաքին աշխարհը արագ տեմպերով փոխվում է, իսկ ՔԿՀ-ներում մարդը մնում է, ասես, կոնսերվացված վիճակում: Ցմահ ազատազրկվածներից շատերը չեն կարող օգտվել համակարգիչներից: Ոչ միայն ցմահականները, այլ առհասարակ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում դատապարտյալների ճնշող մեծամասնությունը աշխատանքով զբաղված չէ: Այս մարդիկ, հաճախ տարիներ շարունակ ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի, դուրս են գալիս ազատություն և ի՞նչ պետք է անեն: Աշխատանք չկա, ընտանեկան կապերը խզված, հաճախ տանիքի խնդիր ունեն: Հասկանալի է, թե ինչու չենք կարողանում կրճատել կրկնահանցագործությունները:
Իրականում այս խնդիրների լուծումը բավական պարզ է, բանաձևը՝ հայտնի: Քաղաքակիրթ աշխարհի օրինակներով պետք է իրականացնել կրթական և աշխատանքային շարունակական ծրագրեր: Աշխատանքը պետք է դարձնել պարտադիր պայման և հենց աշխատանքի առկայությունը պետք է արժանանա բարձր գնահատման թե՛ պայամանական վաղաժամկետ ազատման, թե՛ ռեժիմների փոփոխման հարցերի լուծման ժամանակ: Այլապես` դատապարտյալները աշխատելու մոտիվացիա չեն ունենա և քրեական ենթամշակույթը հաղթողի դերում կլինի:
Բանտային ռեֆորմի բանաձևը, որը քրեակատարողական համակարգում կբերի հեղափոխության, դատապարտյալներին վարձատրվող աշխատանքով ապահովելն է: Այն կլուծի և՛ տուժողների քաղաքացիական հայցերի բավարարման հարցը, և՛ կրկնահանցագործությունների կանխարգելման հարցը և՛ քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հարցը: Բայց օրենքների անկատարությունը, հայեցողական լիազորությունների մեծ շրջանակը, դատապարտյալների մեջ աշխատանքի բացակայությունը և աշխատանքը չգնահատելը նպաստում է քրեական ենթամշակույթի կայուն դերի պահպանմանը, ինչը լի է կոռուպցիոն ռիսկերով: Այսինքն` քանի դեռ պետությունը դատապարտյալներին չի ապահովում աշխատանքով և այն չի գնահատվում, ու դատապարտյալների մոտ չկա աշխատելու մոտիվացիա` վարձատրության, ռեժիմների փոփոխման և պայմանական վաղաժամկետ ազատման տեսքով, կոռուպցիոն ռիսկերը, քրեական ենթամշակութը շարունակելու են առկա լինել:
Օրինակ, այդպես էլ օրենսդրորեն չեն սահմանում դատապարտյալի դրական վարքագծի չափորոշիչներ և գնահատման հստակ մեխանիզմ, որպեսզի շարունակեն գործել պարզագույն սխեմաները` կլինի հրահանգ վերևից, կամ փող, կամ ծանոթ-քավոր-սանիկ-բարեկամ կապ` հարցը դրական լուծում կստանա, չի լինի, ոնց կցանկանան այդպես էլ կանեն: Ռեժիմային փոփոխությունների հարցում այդպես էլ չեն ներդնում բալային համակարգ: Համապատասխան օղակների գործունեության`որոշումներ կայացնելու ժամկետներ չեն սահմանում:
Անշուշտ, այս համակարգերում աշխատում են նաև ազնիվ և բարձր մասնագիտական որակներ ունեցող անձինք, սակայն նրանք քիչ են, և նախկին համակարգը խորը արմատներ ունի: Քրեակատարողական համակարգում ՀՀ կառավարության որդեգրած` պատժողականից վերականգնողական քաղաքականության անցմանը խոչընդոտում է ՔԿՀ-ների նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազական մարմինը`ՔԿՀ-ներում իրենց հավատարիմ կադրերի միջոցով:
Ինչ վերաբերում է դատարաններին, քննչական մարմիններին, ոստիկանությանը, ապա ոչ մի բան չի փոխվի, քանի դեռ պետական մարմիններում մնում են տարիներ շարունակ աշխատած և կոռուպցիոն սխեմաներ ձևավորած կադրեր: Կոռուպցիայի հրեշը մշտապես տրանսֆորմացիայի է ենթարկվում, և ամեն լավ, բայց կիսատ-պռատ փոփոխություն շուռ է տալիս իր օգտին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել