
Կողովագործը Բանանցից
82-ամյա Շուշանիկ Տոնյանը փախստական է եւ Հայաստանում ոչ մի հարազատ չունի:
«Արդեն տասնութ տարի է՝ այս խարխուլ հանրակացարանում եմ, սա է իմ հարազատ օթեւանը,- ասում է Շուշանիկ տատն ու շարունակում,- իմ հույսն էլ իմ ձեռքերի ուժն է եւ բնությունից տրված հրաշալի հումքը՝ ուռին»:
Շուշանիկ տատը դեռ ապրում է իրենց գյուղի' Բանանցի հեռավոր ու հարազատ հուշերով: Նա ծնվել է Բանանցում, ուսում առել եւ զբաղվել հորից ժառանգություն մնացած արհեստով՝ կողովագործությամբ:
«Հայրս՝ Ալեքսան Տոնյանը, Կիրովաբադի շրջանի հայտնի կողովագործն էր: Այդ արհեստը սովորել էր Հանս անունով մի գերմանացուց Խանլարում: Նախասովետական տարիներին Խանլար քաղաքը գերմանական գաղութ է եղել, որտեղ ապրել են նաեւ ասորիներ, հայեր, հույներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Երբ խորհրդային տարիներին գերմանացիներին Խանլարից արտաքսեցին, հայրս դարձավ շրջանի կողովագործություն ուսուցանող վարպետը: Նա իր արհեստն էր փոխանցում հազարավոր մարդկանց: Հայրս հիմնեց «Կարմիր պարտիզան» արտելը, որտեղ կողովագործություն էր սովորեցնում կույրերին ու հաշմանդամներին»,- հիշում է Շուշանիկ Տոնյանը:
Սկսվում է Հայրենական պատերազմը: Ալեքսան Տոնյանը եւս մեկնում է ռազմաճակատ: Այդ տարիներին ընտանիքի հոգսն ընկնում է մոր եւ ավագ դստեր՝ Շուշանիկի վրա: Վերջինս դպրոցից գալիս էր տուն եւ անմիջապես անցնում աշխատանքի՝ կողովներ էր գործում: Շուտով նա այնքան է հմտանում, որ ոչ միայն գործում է, այլ նաեւ' ուսուցանում:
«Երբ հայրս վերադարձավ պատերազմից, ես արդեն վարպետ կողովագործ էի : Նա ասաց' ինչի՞դ է պետք այս արհեստը, գնա սովորիր, ուսում առ, ասացի՝ ոչ, ես պետք է ավելի կատարելագործվեմ»:
Արհեստին զուգահեռ Շուշանիկը նաեւ բարձրագույն կրթություն ստացավ: Սովորել է Կիրովաբադի մանկավարժական ուսումնարանում, ապա հեռակա՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 36 տարի նա աշխատել է Բանանց գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցչուհի:
«Մեր դպրոցի համար ասեղնագործել էի Խորհրդային Միության գերբը , որի վրա գրված էր՝ «Պրոլետարնե՛ր, բոլոր երկրների, միացե՛ք»: Դա տարիներ շարունակ պատվավոր ձեւով կախված էր մեր դպրոցի պատին: Գյուղից դուրս գալու նախորդ գիշերը թաքուն գնացի դպրոց, պատի վրայից իջեցրի կտավը, շրջանակը կոտրեցի, կտավը ծալեցի եւ դուրս եկա, ասացի՝ չպետք է թողնեմ թուրքին: Ահա, հիմա էլ կախված է իմ այս փոքրիկ բնակարանի պատին»,- պատմում է Շ. Տոնյանը:
1988 թվականի դեկտեմբերի 28-ին մի կերպ ծնողներին փախցնում է ադրբեջանցիների ձեռքից եւ բերում Հայաստան, իսկ ինքը վերադառնում է գյուղ, վաճառում տունը, սակայն փողն այդպես էլ չի ստանում: Նրանք տեղավորվում են Աբովյան քաղաքում՝ փախստականներով բնակեցված մի հանրակացարանային շենքում՝ զուրկ նորմալ ապրելու բոլոր պայմաններից: Երկու ամիս անց ծնողները, չդիմանալով այդ ահավոր կորուստներին, վախճանվում են: Եղբայրներն ու քույրերը մեկնում են Ռուսաստան: Հայաստանում Շուշանիկ Տոնյանը մնում է մենակ:
«Բանանցում ես լավ փող էի վաստակում, որով մի գեղեցիկ երկհարկանի տուն էի գնել իմ հորական տան կողքին: Այդ տունը վերանորոգել էի, կահավորել, եւ ժամանակն էր, որ նորմալ ապրեինք ու վայելեինք մեր աշխատանքի պտուղները, բայց, ավաղ...,- Շուշանիկ տատը չի կարողանում զսպել արցունքները, ապա խորը հառաչանքով ավելացնում է,- ախր, ո՞նց կարող է մարդ իր ձեռքով, իր դառը քրտինքով ստեղծած տունն ու ապրուստը մի վայրկյանում ջուրը գցել եւ դատարկ թողնել, դուրս գալ...»:
«Ես նոր միջավայրում էի, որտեղ անտանելի պայմաններ էին, բայց պետք էր գոյատեւել: Նայեցի շուրջս, տեսա, որ այստեղ իմ արհեստի հումքը հանդիսացող ուռենին բավականին տարածված է: Սկսեցի ուռենու շիվեր հավաքել ու գործել: Շուտով իմ աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրին: Մարդիկ ցանկացան ունենալ դրանցից, եւ ահա, ես սկսեցի բազմաթիվ պատվերներ ստանալ ու այդ ահավոր տարիներին կարողացա գումար վաստակել ու ապրել: Հիմա արդեն ի վիճակի չեմ շատ գործել, դժվարանում եմ, բայց դրա փոխարեն սովորեցնում եմ երիտասարդներին»:
Մեկ տարի առաջ Շուշանիկը դիմեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը' խնդրելով մի սենյակ տրամադրել աշակերտների հետ պարապելու համար: Շուշանիկ Տոնյանն արդեն 16 տարի է այդ կազմակերպության խնամքի տակ է: Կազմակերպությունը հատկացրել է մի սենյակ, կահավորել այն, լուծել ջեռուցման հարցերը:
«Այժմ այդ երեխաները հանգիստ տիրապետում են այդ արհեստին, եւ ես վստահ եմ, որ կյանքում դա նրանց շատ պետք կգա: Թող նրանք կրթություն էլ ստանան, մասնագիտություն էլ ձեռք բերեն, բայց կողովագործությանն էլ տիրապետեն: Ինչպես ասում են՝ «Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, որ չվարարի, չի էլ կտրվի»»,- ավելացնում է վարպետ Շուշանիկը եւ հպարտությամբ ցույց տալիս իր սաների աշխատանքները:
Շուշանիկ Տոնյանը ունի մի երազանք' լույս ընծայել մի գրքույկ, որտեղ կհիշատակվի հոր՝ կողովագործության մեծ վարպետ Ալեքսան Տոնյանի կատարած աշխատանքների մասին, եւ որը կհանդիսանա ուսուցողական ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան տիրապետել այդ նուրբ արհեստին:
Անի Գասպարյան
Մեկնաբանել