HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է «БелТА» գործակալությունը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետության ներսում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները։

Ինչպես հաղորդում է Կրեմի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն Պուտինին ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո Բելառուսում առկա իրավիճակը։ Երկու նախագահները հույս են հայտնել, որ առաջացած բոլոր խնդիրները շուտով կլուծվեն։ «Գլխավորը, որպեսզի այդ խնդիրներից չօգտվեն ապակայունացնող ուժերը, որոնք ձգտում են վնաս հասցնել երկու երկրների համագործակցությանը»,- նշվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նաև Բելառուսում ձերբակալված ՌԴ 32 քաղաքացիների Ռուսաստան վերադարձի հարցը, որոնց Բելառուսի իշխանություններն անվանել էին «Վագների զինյալներ»։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս մասով տրվել է դրական գնահատական երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունների փոխգործակցությանը։

Մինչ այդ Լուկաշենկոն Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Բելառուսում բողոքի ցույցերով պայմանավորված իրավիճակը։ Նրա կարծիքով՝ բողոքի ցույցերը ղեկավարվում են արտասահմանից և եթե դրանք չկանգնեցվեն հիմա, ապա կարող են հասնել Ռուսաստանին։ «Պետք է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որպեսզի կարողանամ հիմա խոսել նրա հետ։ Սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար»,- նշել էր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը կարծում է, որ երկրում բողոքի ցույցերը կազմակերպվում են գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությամբ։ Նրա խոսքերով՝ հայտնաբերվել են ապացույցներ այն մասին, որ դրանք ունեն արտաքին միջամտություն։ 

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 7-ին՝ Բելառուսի նախագահական ընտրություններից երկու օր առաջ։ Այդ ժամանակ բանակցությունների գլխավոր թեման եղել էր Մինսկի մոտ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունը, որոնց Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն անվանել էր «Վագների զինյալներ», որոնք երկիր էին ժամանել զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով։ Դրանից հետո՝ օգոստոսի 10-ին, Պուտինը շնորհավորական հեռագիր էր ուղարկել Լուկաշենկոյին՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Բելառուսի ԿԸՀ տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 %-ը։

Լուսանկարը՝ Sergei Chirikov-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter