HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարյուր հազարավոր մարդիկ Մինսկում դուրս են եկել բողոքի ցույցի

«Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ հավաքված ցուցարարների թիվն անցնում է մի քանի հարյուր հազարը։ Այդ մասին հայտնում են բելառուսական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները։ «Բողոքի ցույցին, մեր հաշվարկներով, մասնակցում է մի քանի հարյուր հազար մարդ։ Տեսանյութը չի արտացոլում ամբողջ պատկերը։ Հուշարձան-համալիրի մոտ փաստացի կանգնելու տեղ չկա, մարդիկ նորանոր տարածքներ են զբաղեցնում, որոնք չեն երևում կադրում»,- հայտնել է «Tut.by»-ը։ Ցուցարարները վանկարկում են «Հեռացի՜ր»։

Բողոքի ակցիայի մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ գտնվող հրապարակը, որտեղ մայիսի 9-ին կայացել էր զինվորական շքերթը, ամբողջությամբ լցված է մարդկանցով։ Ամեն րոպե ավելանում է ցույցի մասնակիցների թիվը։

Ականատեսները փաստում են, որ Մինսկում երբեք նման քանակությամբ զանգվածային բողոքի ցույց տեղի չի ունեցել։ Բողոքի ցույցի մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, որի արդյունքում, ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ձայների 80 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները բողոքում են նաև ուժային կառույցների գործողությունների դեմ, որոնք վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Բողոքի ցույցերի մասնակիցները գտնվում են հուշարձան-համալիրի մոտ առկա խաչմերուկի բոլոր չորս կողմերում։ Նրանք պարզել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ, ծաղիկներ, փուչիկներ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքի ցույցի տարածքում գրեթե բացակայում է բջջային կապը։ Բողոքի ցույցերի հատվածում չեն աշխատում նաև լուսակիրները, չկան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։ Ե՛վ հետիոտները, և՛ վարորդներն իրենք են կարգավորում երթևեկությունը։ Մարդիկ մի քանի րոպե տալիս են մեքենաներին անցնելու համար, այնուհետ իրենք են անցնում փողոցը։

Բողոքի ցույցին մասնակցում են նաև Բաբարիկոյի շտաբի ղեկավարը և Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Մարիա Կոլեսնիկովան։ Նա հայտարարել է, որ Լուկաշենկոն ոչ միայն բելառուս ժողովրդի, այլև երկրի գլխավոր սպառնալիքն է։

Մինչ այդ, Մինսկի Անկախության հրապարակում կայացել էր նախագահ Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը, որը հանդես էր եկել նաև ելույթով։ ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 65 հազար մարդ, որոնց մեծ մասը ավտոբուսներով և գնացքներով բերվել էին հարակից մարզերից։ Ընդդիմադիր լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները նշում են, որ Լուկաշենկոյի աջակիցների ցույցին առավելագույնը մասնակցել է 30 000 մարդ։

Զուգահեռաբար, բողոքի ցույցեր են ընթանում նաև Բելառուսի մյուս քաղաքներում։ Մի քանի հարյուր մարդ բողոքի ցույցի է դուրս եկել Գրոդնոյում։ Նրանք քայլերթով անցել են քաղաքի փողոցներով, իսկ ավելի ուշ փակել մի քանի փողոցներ։ Գոմելում էլ, տարբեր հաշվարկներով, բողոքի ցույցին մասնակցել է 5-10 հազար մարդ։ Ցուցարարները պահանջել են Լուկաշենկոյի հրաժարականը, խոստացել գործադուլեր սկսել տարբեր ձեռնարկություններում։ Վիտեբսկում էլ ցուցարարներին միացել են բժիշկները և երկաթուղայինները։ Նրանք մարզպետարանի մոտ դրել են ծեծված ցուցարարների լուսանկարները։ Բողոքի խոշոր ցույցեր են տեղի ունենում նաև Բրեստում, Մոգիլյովում, Օրշայում, Մոզիրում, Բոբրույսկում և Բելառուսի այլ քաղաքներում։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter