HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Որոգայթ փառաց կամ ոսկե հորթին երկրպագողները

Վանաձոր քաղաքի «Սանահին» կառավարման ինստիտուտն ունի կոչումներ շնորհող ծրագիր: Վերջերս այդ ինստիտուտի վերոհիշյալ ծրագիրն ու «Ոսկե հորթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ««Սանանոր» առեւտրային ապրանքանիշ» ընկերակցությունը դիմել են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքի բնակիչներին, համայնքի «ընտրյալ, պատվաշատ» ղեկավարին եւ «ընտրյալ, պատվաշատ» ավագանու անդամներին:

Ընտրյալ եւ պատվաշատ բառերը չակերտների մեջ առնելով' ամենեւին կասկածի տակ չենք առնում Ոսկեպար համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրված լինելը եւ պատվաշատ լինելը, այլ մատնացույց ենք անում գրությունն ուղարկածների փքուն, պաթետիկ ոճը: «Սանահին» կառավարման ինստիտուտի կոչումներ շնորհող ծրագիրն ու «Ոսկե հորթ» ՍՊԸ-ի ««Սանանոր» առեւտրային ապրանքանիշ» ընկերակցությունը շնորհավորում են համայնքին ու նրա ղեկավարությանը Հայաստանի անկախության հռչակման 15-ամյակի, նաեւ' «համայնքում կայացած բոլոր ընտրությունների առթիվ' որպես երկրի կայացման եւ անկախության հզորացման ու ամրապնդման երաշխիքի նախապայման, ունենալով անցյալը' որպես պատմություն, առօրյան' որպես կերպ, եւ ապագան' գալիքի...»:

Դիմումի մեջ նշվում է. «Համայնքի սիրելի բնակիչներ, սույն նամակի ծավալը շատ չհամարեք, քանզի պատմական եւ արդի ժամանակագրությունը թելադրանք է հանդիսանում թեմատիկ բացվածքներին' ունենալով գնահատման աստիճանակարգում իր առանձնահատկություններն ապագայի խնդրում...»:

Դուք բան հասկացա՞ք բառերի այս կույտից: 34 էջից բաղկացած նամակ-փաթեթում, սակայն, խայծ կա. «... հիմք ընդունելով միջհամայնքային հարցումների արդյունքները, ինչպես նաեւ պատվաստիճան կոչումներ շնորհող SMI (Սանահին կառավարման ինստիտուտի) ծրագրի ««Սանանոր» առեւտրային ապրանքանիշ» ընկերակցության կանոնակարգերը' Ձեր համայնքը ճանաչվել է լավագույնս, եւ Հայաստանի անկախության հռչակման 15-ամյակի տոնակատարության շրջանակներում ծրագրի համահեղինակ կազմակերպություններից, որպես բարի կամքի դրսեւորում,

1) Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի որակավորող

հանձնաժողովը, հոգաբարձուների խորհուրդը եւ գիտական խորհուրդը

գնահատել է.

1.1. համայնքը տնտեսական եւ քաղաքական կառավարման բնագավառում որպես

լավագույն ընտրյալ եւ շնորհել է'

ա) համայնքապետին' տնտեսական եւ քաղաքական կառավարման բնագավառում' Պատվավոր պրոֆեսորի կոչում:

բ) ավագանու յուրաքանչյուր անդամին' տնտեսական եւ քաղաքական կառավարման բնագավառում' Պատվավոր մագիստրոսի կոչում:

1.2. համայնքի վարչական տարածքում գործող միջնակարգ դպրոցը' դպրոցաշինության եւ մանկավարժության բնագավառում որպես լավագույն ընտրյալ եւ շնորհել է'

ա) դպրոցի խորհրդի նախագահին' դպրոցաշինության կառավարման բնագավառում' Պատվավոր դոկտորի կոչում:

բ) դպրոցի տնօրենին' դպրոցաշինության եւ մանկավարժության բնագավառում' Պատվավոր դոկտորի կոչում:

գ) դպրոցի խորհրդի անդամներին' դպրոցաշինության կառավարման բնագավառում' Պատվավոր մագիստրոսի կոչում:

դ) դպրոցի կողմից ներկայացված 15 (համաձայնեցված համայնքի ավագանու կողմից) մանկավարժի' մանկավարժության բնագավառում' Պատվավոր մագիստրոսի կոչում:

2) «Ոսկե հորթ» ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ' հատկացվել է ընկերության սեփականություն հանդիսացող ««Սանանոր» առեւտրային ապրանքանիշ» ընկերակցության շրջանառու միջոցների սեփականության չափաբաժնի անհատույց նվիրաբերություն'

ա) համայնքապետարանին' համայնքային սեփականության իրավունքով- մեկ բաժնետոմս' 0.03 % անվանական արժեքով,

բ) համայնքապետին, ավագանու յուրաքանչյուր անդամին' անձնական սեփականության իրավունքով- մեկ բաժնետոմս' 0.001 % անվանական արժեքով,

գ) համայնքի վարչական տարածքում գործող դպրոցին' կոլեկտիվ սեփականության իրավունքով- մեկ բաժնետոմս' 0.001 % անվանական արժեքով,

դ) դպրոցի խորհրդի նախագահին, խորհրդի անդամներին, դպրոցի տնօրենին եւ դպրոցի լավագույն 15 ընտրյալ մանկավարժներին' անձնական սեփականության իրավունքով- մեկ բաժնետոմս' 0.001 % անվանական արժեքով»:

Նամակի վերջում կրկին շնորհավորանքներ են հղվում ՀՀ անկախության հռչակման հոբելյանի կապակցությամբ եւ շնորհակալություն է հայտնվում համայնքին' «ճշմարիտ պատմություն կերտելու կապակցությամբ, որի անկյունաքարը «առօրյան իր ապագայով հզոր է անցյալով» միտքն է: Աստված ընդ Ձեզ: Ամեն...»:

Պրոֆեսորի կոչումը սովորաբար շնորհվում է համալսարաններում երկարամյա մանկավարժական աշխատանքի համար: Թե ինչու՞ է սահմանամերձ համայնքի ղեկավարին առաջարկվում «պատվավոր պրոֆեսորի» կոչում, միայն իրենց' առաջարկողներին է հայտնի: Սակայն ամենակարեւորն այս գործում այն է, որ կոչումները վանաձորցիների կողմից հենց այնպես չեն տրվում: Նամակ-փաթեթում պայմանագիր կա, որով պատվավոր կոչում ստանալու համար յուրաքանչյուր ոք «պատվավոր կոչումներ շնորհող SMI ծրագրում հաշվառման համար» 12 հազար դրամ «սպասարկման տուրք» պետք է մուծի «Ոսկե հորթ» ՍՊԸ հաշվեհամարին:

Նույն «հաշվառման» համար 3600 դրամ պետք է մուծվի «Սանահին» կառավարման ինստիտուտի հաշվեհամարին: «Պատվավոր կոչման» է ներկայացվել, ընդհանուր առմամբ, 30 մարդ' համայնքի ղեկավարը, ավագանու անդամները (7 հոգի), դպրոցի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները (5 հոգի), դպրոցի տնօրենը, «ընտրյալ» մանկավարժները (15 հոգի), ովքեր «պատվավոր կոչումները» ստանալու համար պետք է վերոհիշյալ հաշվեհամարներին փոխանցեն 468 հազար դրամ (30x15 600 դրամ): Իսկ ի՞ նչ արժեն իբրեւ «նվիրատվություն» տրված «Սանանորի» բաժնետոմսերը' ծիծաղելի փոքր տոկոսներով: Երեւի օրինաչափ է, որ ՍՊԸ-ն «Ոսկե հորթ» է կոչվում: Գուցե համանուն գրքի եւ կինոնկարի տպավորության տա՞կ են: Իսկ ոսկե հորթի պատմությունը հետեւյալն է. մինչ Մովսեսը բարձրացել էր Սինա լեռը' Աստծո հետ զրուցելու, Ահարոնի հրամանով հրեաներն իրենց զարդերից ոսկե հորթ պատրաստեցին եւ սկսեցին երկրպագել: Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսը, սարից իջնելով, ոսկե հորթը այրեց: «Պատվավոր կոչումներ» շնորհողների մտադրությունը երեւում է ոչ միայն «ոսկե հորթ» անունը վերցնելուց, այլեւ իրենց իսկ ներկայացրած փաթեթից, որտեղ նրանք իրենց «Գործունեության քաղաքականությունը» այսպես են հռչակել.

«...Այն, ինչը շատ հաճախ ընդունում ենք որպես առաքինություն, ոչ այլ ինչ է, քան տարբեր գործողությունների եւ տարբեր շահախնդրությունների զուգակցում, որը մեր ճակատագիրը կամ մեր հնարամտությունը կարողանում է ի մի բերել ու կարգավորել...»:

Նշենք, որ այս «գործողությունը» Ոսկեպարում «չանցավ»: Ոսկեպարի դպրոցի մանկավարժները, ովքեր 5 տարի սովորել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, համարում են, որ իրենք «էն գլխից» մագիստրոս են: Ոսկեպարցիները փառասիրության խայծը կուլ չեն տվել եւ քահ-քահ ծիծաղել են «սանահինցիների» եւ «ոսկե հորթին» երկրպագողների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter