HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կուզեմ մտնիմ գյուղը, բարև-բարլուս տալով գնամ». Գեղամասարի դատարկվող բնակավայրերը

11-ամյա Վահե Անդրեյանը  բնակվում է Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղում: Գյուղի առաջին տունը նրանցն է:

Վահեն գյուղի 12 երեխաներից մեկն է։ Նրան հանդիպեցինք տան առջեւ: Մեզ տեսնելով՝ սկզբից փորձեց տանը թաքնվել, բայց քիչ  հետո առաջ եկավ, սկսեց պատասխանել մեր հարցերին։ 

«Երեխեքով ոչ մի բան չենք անում, որովհետև գյուղում խաղալու ոչ մի տեղ չկա։ Մեր ներքևի գյուղում՝ Շատջրեքում, դպրոցում լավ խաղալու տեղ կա, ստեղ ոչ մի բան էլ չկա»,-ասաց Վահեն: 

Գյուղի միակ խաղահրապարակը դպրոցի բակն է` առանց խաղասարքերի: Վահեն դպրոցական արձակուրդների ընթացքում օգնում է ընտանիքին՝ անասուններին տանում է դաշտ արածեցնելու, հորն օգնում մեքենան նորոգել։ Բայց կուզեր դրա փոխարեն խաղալ իր հասակակիցների հետ։

Իրենց կենցաղային պայմանները նույնպես դուր չեն գալիս Վահեին։ Թեև տան բակում ծորակից հոսող ջուր ունեն, բայց այն խմելու համար չեն օգտագործում։ «Ամեն օր խմելու ջուրը բացում եմ և ջրի հետ մեծ որդեր են գալիս։ Խմելու ջրի հետ ո՞նց կարող է որդ գալ։ Դե եկել եք, էս հարցն էլ լուծեք կամ ասեք թող լուծեն»,-ասում է նա։

Վահե Անդրեյանը Գեղամաբակում բնակվում է ծնողների, տատ ու պապի հետ։ Գյուղում 23 ընտանիք է ապրում։ 

Գեղամաբակ բնակավայրը նախկինում անվանվել է Վարդենիսի շրջանի Կայաբաշ գյուղ։ Այն բնակեցված է եղել ադրբեջանցիներով: 1988-1989 թվականներին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքներով և 1990թ. վերանվանվել Գեղամաբակ։ Գեղամաբակում հաշվառված է 129 անձ, բայց մշտապես բնակվում է 64-ը։

Գեղամաբակը խոշորացված Գեղամասար համայնքի երեք փոքր բնակավայրերից մեկն է։ Մյուս երկուսը Ջաղացաձորն ու Ազատն են՝ 118 և 50 մշտական բնակիչներով։ Այս բնակավայրերի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Երեք գյուղերում էլ դպրոցներ կան, սակայն՝ ոչ մանկապարտեզ։  

«Ինձ համար արդեն միևույնն է։ Իմ մանկությունը, երիտասարդությունը վերջացած է։ Մանուկների օրը լավ չի անցնում։ Իրենցն էլ պիտի նենց լինի, որ իրենք էլ կարողանան մայրաքաղաք գնան, գան։ Էդի դպրոցի, կրթության, գիտության նախարարության կազմակերպելուց է, որ երեխաներին տանեն, ման գան, երեխենք էլ ինչ-որ բան տեսնեն, որ հետամնաց երեխեք չմնան»,-ասում է Վաղինակ Անդրեյանը՝ Վահեի պապը։

Երբ Վաղինակ Անդրեյանի ընտանիքը (կինը, չորս երեխաներն ու ծնողները) տեղափոխվեց Գեղամաբակ, գյուղում մոտ 170 ընտանիք էր բնակվում։ Նրանց մեծ մասը Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթածներ էին։

«Կամաց-կամաց՝ 1994 թվականից, սկսեցին արտագաղթել։ Մնացել է 25 տուն, որից հիմա 22-23-ում են ապրում»,- ասում է Վաղինակ Անդրեյանը։

Անդրեյանները Գեղամաբակ են տեղափոխվել են 1992 թվականին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղից: Վաղինակ Անդրեյանը մասնակցել է Քարվաճառի ազատագրման մարտերին:

Գեղամաբակում բնակության առաջին տարիները դժվար էին. աշխատանք չունեին, գյուղի սոցիալական վիճակն էլ վատ էր։ Հիմա կարողանում են անասնապահությամբ և հողագործությամբ իրենց նվազագույն կարիքները հոգալ։

Գյուղի 12 երեխաներից 6-ը Վաղինակի թոռներն են։ «Գյուղում բարեկամներով ենք մնացել: Կուզեմ մտնիմ գյուղը, բարև, բարլուս տալով գնամ։ Հիմա մեր տուն ստեղ ա, մյուսը էնտեղ, արանքներում թողել գնացել են (նկատի ունի լքված տները-հեղ.): Տխրում եմ, ով էլ լինի՝ կտխրի, որովհետև էս մի մետր հողի համար եմ արյուն թափել։ Հիմա էս հողերը ազատ, մեր ժողովուրդն էլ օտար երկրներում եսիմ ում հողում են ապրում»,- ասում է Վաղինակ Անդրեյանը։

Ջաղացաձոր

Գեղամաբակից 10 րոպեում կարելի է հասնել  Ջաղացաձոր։ Այս երկու գյուղերը Սևանի ավազանի բարձրլեռնային գյուղեր են՝ նույն կլիմայով։

Ջաղացաձորը մինչև 1988թ. եղել է ադրբեջանաբնակ և նույն թվականին էլ վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով: 90-ականներին գյուղում մոտ 110 ընտանիք է բնակվել, այժմ՝ 48 ընտանիք, 118 բնակչով։ Մնացողները հիմնականում ծերեր են։ Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, սակայն գյուղի մի մասում ոռոգման ջուր չկա:

Սվետլանա Մեջլումյանն ընտանիքով Ջաղացաձոր է տեղափոխվել 1998 թվականին: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-ին, Սվետլանայի ընտանիքը Ղարաբաղի Շահումյանի շրջանից նախ եկել է Մարտունի, որտեղ բնակվել է 6 տարի։ Չհարմարվելով հանրակացարային պայմաններին՝ այնուհետեւ փոխադրվել են Ջաղացաձոր:

Սվետլանա Մեջլումյանի որդին եւ դուստրերից մեկն այստեղ են ամուսնացել, ընտանիք կազմել։ Մյուս երկու դուստրերն ամուսնացել և տեղափոխվել են Տավուշի մարզի Բերդ քաղաք։

Ջաղացաձորում սկսել են անասնապահությամբ զբաղվել։ «Որ եկել ենք, շատ նեղ ենք եղել։ Թոռները էնքան սոված են եղել, որ չէին կարողանում վեր կենալ կանգնել։ Շաբաթներով հաց չի եղել, որ ուտեն։ Ստիպված իրենք էլ ասել են՝ անասուն վերցնենք, պահենք (նկատի ունի աղջկա ընտանիքը-հեղ։)։ Սկզբից մենք էլ անասուն ենք վերցրել, թեկուզ աղջիկներ են եղել, փողով բերել ենք, պահել, որ գոյատեւենք: Մի անասունն ի՞նչ ա՝ ամիսը 500 դրամով ենք պահել։ Բայց հիմա չեմ փոշմանում որ եկել եմ, մեկ է՝ գնալու ուրիշ տեղ չունեինք։ Մենք մեզանով ապրում ենք»,-ասում է Սվետլանա Մեջլումյանը։ 

Տունը, որտեղ հաստատվել են, ամբողջությամբ քանդված է եղել։ Ամիսներ առաջ ընտանիքը կարողացել է մեկհարկանի տունն ամբողջությամբ նորոգել։ 

Սվետլանա Մեջլումյանը տնամերձ հողամասն է մշակում։ Այս տարի իրենց օգտագործման համար կարտոֆիլ է ցանել ու թողել «անձրեւի հույսին», որովհետեւ ոռոգման ջուր չկա։ Իր առօրյայի մասին պատմելիս ասում է՝ անասուն է, խոտ, տուն, ճաշ։ 

Սվետլանա Մեջլումյանը Ջաղացաձորում բնակվող 5 թոռ ունի եւ, մտահոգվում է նրանց առօրյայի եւ կրթության համար։ Ասում է՝ երեխաները զբաղմունք չունեն. միայն անասուն են տեսնում կամ տանն են։ Կուզենար գյուղում մանկապարտեզ լիներ, երեխաների օրը փոքր-ինչ փոխվեր։ 

Թեև Սվետլանա Մեջլումյանի համար գյուղը մի մեծ ընտանիք է, որտեղ բոլոր բնակիչներով սրտացավ են միմյանց հանդեպ, բայց երազում է բարեկամներով կրկին միավորվելու մասին։ Հարազատների մի մասը Արցախյան պատերազմի տարիներին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

«Գյուղը էնքանով կուզեինք լավ լիներ, որ ամեն ինչ լիներ։ Մի աշխարհ էլ մենք տենայինք։ Որ դուրս ենք գալիս դուրս, մի բան ենք տեսնում, զարմանում ենք»,-ասում է նա։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter