
Խոտի պակասի պատճառով Կախակնում գյուղացիները վաճառում են անասունները
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Կախակն բնակավայրի վարչական ղեկավարի աշխատասենյակում հավաքվել են մի խումբ գյուղացիներ և որոշում են բարձրանալ հայ-ադրբեջանական դիրքերի մոտակայքում գտնվող սարեր՝ խոտ հնձելու: Սարերը համայնքի վարչական տարածքում են, սակայն այնտեղ ելումուտը, անվտանգության նկատառումներով, հսկվում է զինվորականների կողմից:
Կախակնում և հարակից բնակավայրերում այս տարի խոտի պակաս կա, ուստի անասնապահությամբ զբաղվողները վաճառում են իրենց մանր ու խոշոր եղջերավոր անասունները: Գյուղերում հողերի մեծ մասն անջրդի է, իսկ գյուղացիների հույսն անձրեւն է: Այս տարի ցանած առվույտի կամ կորնգանի դաշտերը գրեթե չորացել են տեղումների սակավության պատճառով, եւ գյուղացիները հայտնվել են փաստի առաջ: Եթե նախորդ տարիներին մեկ հեկտարից մինչեւ 450 տուկ խոտ են հնձել, ապա այս տարի լավագույն արդյունքը եղել է 70 տուկ:
Կախակն բնակավայրը 396 բնակիչ ունի: Նախկինում այն գրեթե ամբողջությամբ բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սովետքենդ: Կախակն է վերանվանվել 1991թ.-ին՝ ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ: Ներկայումս գյուղում ապրում են Ադրբեջանի տարբեր համայնքներից բռնագաղթած հայերը: Միայն չորս տեղացի ընտանիք կա: Փախստականների մի մասը, չհարմարվելով պայմաններին, լքել է Հայաստանը, մնացողների ապրուստի միջոցը եղել է անասնապահությունը: Սակայն, վերջին տարիներին գլոբալ տաքացման հետեւանքով եղանակը պարբերաբար անակնկալ է մատուցում Կախակնի բնակիչներին՝ մեկ կարկտի, մեկ էլ երաշտի տեսքով:
Կախակնը սահմանամերձ բնակավայր է, Ադրբեջանից հեռու է ընդամենը 5 կիլոմետրով։
Անասնապահությամբ զբաղվելն այստեղ դարձել է ռիսկային: Գյուղի 150 հա խոտհարքները սարերի վրա են, բայց 70 հա են կարողանում հնձել: Տեղումների բացակայության և բարձրադիր հատվածներում ցրտի պատճառով տեղ-տեղ խոտը 5-10 սմ է բարձրացել եւ հնարավոր չէ քաղել: Գյուղացիների հույսը սարերի ստորոտի խոտն է, սակայն դա չի բավարարի պահանջարկը:
«Քիչ առաջ հենց այդ հարցն էինք քննարկում: Այս տարի խոտը պակաս է, գյուղացիներն ուզում են բարձրանալ սարերը, որ հնձեն: Նախկինում դրա կարիքը չի եղել, սակայն այս տարի շատ պակաս է»,-ասում է Կախակնի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանը:
Կախակնում կա մոտ 1000 խոշոր և 1500 մանր եղջերավոր անասուն, որոնց թվաքանակն, ըստ վարչական ղեկավարի, անխուսափելիորեն կրճատվելու է:
Ա. Վաթյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ ընդհանրապես չեն կարողացել խոտհարքից խոտ հնձել, զինվորականներն են այդ տարածքներն օգտագործել: Մոտ 3 տարի է, ինչ գյուղացիները հնարավորություն ունեն բարձրանալ սարեր:
«Մենք կապ ունենք զինվորականների հետ, թույլատրել են բարձրանալ սար, խոտ հնձել: Մեր կողմից դիրքերն այնպես են դասավորված, որ վտանգավոր չէ»,-ասում է վարչական ղեկավարը:
Նույն խնդիրը ծագել է խոշորացված համայնքի Կուտական և Տրետուք բնակավայրերում: Այստեղի արոտավայրերը նույնպես դիրքերին մոտ են և խոտ հնձելը՝ վտանգավոր: Անասնապահները մեծ դժվարությամբ են խոտի հարցը լուծում:
Կախակնում այս տարի նույնիսկ չեն հասցրել խոտհարքները մրցութային կարգով հանձնել գյուղացիներին: Աշոտ Վաթյանը նշեց, որ որոշել են առանց մրցույթի պայմանագրեր կնքել գյուղացիների հետ, որպեսզի նրանք քաղեն խոտը մինչև մրցույթ կանցկացնեն:
«Երևի համայնքապետարանի հետ ժամանակավոր մեկ տարով պայմանագրեր կնքվեն, մինչև դնենք մրցույթի: Պահանջարկ չի եղել, մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն էլ չի եղել, դրա համար հանգիստ էինք»,-հավելում է Ա. Վաթյանը:
Կարլեն Նիգարյանը որդու և այլ գյուղացիների հետ վարչական ղեկավարի աշխատասենյակում էր: Բոլորը ցանկանում են բարձրանալ սարեր՝ խոտ հնձելու: Կարլենն ասաց, որ մսավաճառները, օգտվելով իրավիճակից, շատ էժան են գյուղացուց միսը մթերում, իրենք էլ, այլ ճար չունենալով, ստիպված վաճառելու են և կրկնակի վնաս կրեն:
Վարչական ղեկավարի աշխատասենյակում հավաքված գյուղացիները պնդում էին՝ պետական աջակցություն պետք է լինի, որ կարողանան միսը նորմալ գնով վաճառել: Որպես տարբերակ առաջարկում էին մսի մասով պետական գնումներն իրականացնել հենց գյուղացիներից, այլ ոչ թե վերավաճառող ընկերություններից:
«Ես հիմա երեք կով եմ վաճառում, որ գոնե այդ գումարով կարողանամ մի քիչ խոտ առնեմ մնացած անասունների համար: Ուզում ենք բարձրանալ սար, բայց սարում էլ խոտ չկա նորմալ: Դե հիմա ինչքան լինի, էլի օգուտ ա»,-ասում է Կարլեն Նիգարյանը:
Անասունների խնամքով հիմնականում զբաղվում է Կ. Նիգարյանի որդին՝ Սամվելը: Նա 9 հա կորնգանի դաշտ ունի, որից, սակայն, քաղել է ընդամենը 260 տուկ խոտ, այնինչ 1800 տուկ էր ակնկալում:
Սամվելը պատմեց, որ այս տարի մեկ տուկ խոտն արժե 1500 դրամ, ինչը շատ թանկ է: Նախորդ տարիներին մեկ տուկ խոտն արժեցել է 800-1000 դրամ:
Այս տարվա մարտ ամսին Սամվելն 80 գլուխ մայր ոչխար է գնել Արցախից: 6,5 մլն դրամ գումար է ծախսել՝ նպատակ ունենալով զարգացնել տնտեսությունը:
«Հիմա արդեն պիտի ոչխարի արդյունքը տեսնեի, եկամուտ ունենայի, բայց գառները վաճառում եմ, խոտ եմ գնում, որ կարողանամ ձմեռը մնացածին պահեմ: Կարողացել եմ 600 տուկ խոտ առնել, բայց հիմա մոտ այդքան էլ պետք ա»,-ասում է Սամվել Նիգարյանը:
Օրեր առաջ Սամվելը 1 մլն 150 հազար դրամ վարկով ձեռքի խոտհնձիչ տեխնիկա է գնել, որ կարողանա բարձրանալ սարերը, խոտ հնձել: «Այս տարի մի կերպ յոլա կտանենք: Հույսս դնում եմ եկող տարվա վրա, որ կարողանամ դաշտերիցս քաղած անասնակերն ապահովել»,-հավելեց Սամվելը:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ են իրավիճակից, սակայն ոչինչ անել չեն կարող: Նրա խոսքով՝ նմանատիպ խնդիր եղել է նախորդ տարիներին, և գյուղացիները հաղթահարել են:
«Գյուղացիները մի քիչ չափազանցնում են, մասսայական մորթ չկա համայնքներում: Հա, ի՞նչ է եղել, նմանատիպ իրավիճակներ նախորդ տարիներին էլ է եղել, մարզպետարանն ի՞նչ կարող է անել»,-ասում է Մարտին Պետրոսյանը:
Նա տեղյակ էր, որ Կուտական և Տրետուք բնակավայրերում զինվորականները թույլ չեն տվել գյուղացիներին վտանգավոր հատվածներում, բաց տարածքում հունձ անել:
«Ինչքան գիտեմ, այդ հարցը զինվորականների հետ լուծել են»,-ասաց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարողը:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել