HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Մացակյան. «Անտառային ոլորտի աշխատավարձն այնքան էլ գրավիչ չէ, միգուցե հենց դա է պատճառը, որ շրջանավարտները չեն գալիս ոլորտում աշխատելու»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Վահե Մացակյանը

-Դուք արդեն մոտ մեկ տարի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն եք: Ի՞նչ բարեփոխումներ եք իրականացրել ոլորտում:

- Երբ ստանձնել եմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պետական բյուջեից 427 մլն դրամ է հատկացվել անտառվերականգնման և անտառպահպանման համար: Վերջինիս ուղղությամբ բավականին աշխատանքներ ենք կատարել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում: «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային  տարածքներից 2004թ.-ից ընկած քամատապալ փայտանյութը դուրս բերելուց հետո, այդտեղ  հաճարենու արտակարգ բնական վերաճ ունեցանք: Որտեղ քամատապալ փայտանյութը մնացել է, տարածքը ամբողջովին մոշի թփերով ու մոլախոտերով է պատված: Անտառում կատարել ենք բնական վերաճին օժանդակող այլ աշխատանքներ, եթե դա Ձեզ կհետաքրքրի, կարող ենք  ուղեկցել այնտեղ: Մեր կողմից  ցանված կաղնու  ծլողունակությունը վերահսկելու համար մոնիտորինգ է արվել ՄԱԿ-ի վերահսկողների կողմից: Կաղնու տնկիների կպչողականությունը 80 և ավել տոկոսը է կազմել: Այս աշխատանքների արդյունքում մենք կունենանք տեղական տնկանյութ: Դժբախտաբար կան նաև ապօրինի հատումներ: Բայց փառք Աստծո, ներկա պահին չկա մի պաշտոնյա, ով ապօրինի հատումները հովանավորի, կամ այդ շղթայի մաս կազմի: Եթե կա էդ շղթան, ապա բացահայտվողը գնում է համապատասխան վայր: Ապօրինի հատումները մեր ցավոտ թեման է, բայց մեզ քարկոծողները, մեր աշխատանքը վատաբանողները պետք է մի բան պարզ հասկանան…

-Ներեցեք, չե՞ք կարծում,  որ անտառի ապօրինի հատումների մասին ահազանգողները ուզում են Ձեզ օգնել ապօրինի հատումները կանխելու գործում: Ինչու՞ դա չգնահատել:

-Իհարկե, կան այդպիսի լրատվամիջոցներ և լրագրողներ: Ուղղակի ես համամիտ եմ անտառի մասին այն  հրապարակումների հետ, որտեղ ամեն ինչ ճիշտ է լուսաբանվում:

-Ունե՞ք որևէ լրատվամիջոցի կողմից հրապարակված ոչ ճիշտ  փաստ:

-Օրինակ, օգտատեր կա  հրապարակում է, թե անտառի այսինչ տեղը ապօրինություն կա, որը կատարվում է անտառտնտեսության տնօրենի անմիջական հովանավորությամբ: Երբ դրա հետքով գնում ենք, պարզվում է՝ այդ վայրում նշված փայտանյութը չի էլ եղել: Բայց, եթե կա ապօրինության լուրջ ահազանգ, դա միայն օգնություն է մեզ:

-Մի քանի օր առաջ վերակազմավորված  «Թումանյանի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տնօրենի ընտրությանը նկատեցինք, որ «Հայանտառը» շարունակում է շրջանցել ոլորտը մասնագետ  կադրերով համալրելու հարցը: Չեք կարծում, որ  անտառը մասնագետների պակաս ունի:

- Ձեր նշած տնօրենի ընտրության  մրցույթում անտառային  մասնագետ կադրերի հարցը ոչ թե շրջանցած էր, այլ բաց մրցույթ էր հայտարարված՝ ընտրությանը մեր նախընտրած չափանիշներին համապատասխան մարդկանց մասնակցելու համար: Ես ագրարային համալսարանի կադր եմ, 5 տարի այնտեղ եմ սովորել: Ապա  անտառի մասնագիտությամբ կրթությունս շարունակել եմ ասպիրանտուրայում: Անտառտնտեսական  աշխատանքների հիմնական մասը իրականացվում է գարնան և աշնան ամիսներին: Ագրարային համալսարանին այս տարի  առաջարկել ենք անտառային ֆակուլտետի ուսանողների ուսումնական պրակտիկան անցկացնել հենց այդ ժամանակահատվածում և անտառում անցկացնել իսկական  ուսումնական պրակտիկա: Ներկայում ուսումնական պրակտիկան անց է կացվում հուլիսի 15-ից կամ 20-ից հետո, երբ ուսանողությունն ավարտում է դասերը: Ուսանողների մի մասը չի ներկայանում պրակտիկային, վերջում գնում, թուղթ են կնքում: Մենք պատրաստ ենք հոգալ ուսանողների ճանապարհի  ծախսերը, գիշերելու, կեցության և սննդի հարցերը: Պատրաստ ենք ընդունել մեզ մոտ փորձաշրջան անցնելու՝  թեկուզ փոքր աշխատավարձ սահմանելով, միայն թե ուսանողները գան: Մեկ  տարվա մեջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում աշխատանքի ենք ընդունել  անտառագիտության մասնագիտությամբ 4 երիտասարդի: Չեմ կարող ասել, որ իրենք ամեն ինչին շատ լավ տիրապետում են, բայց վերջին 5-6 ամիսներին նրանք պրակտիկ գիտելիքներ են ձեռք բերել: Վիճարկելու ենթակա չէ այն, որ թափուր աշխատատեղերում, երբ լինում է մասնագետի կարիք, մենք նախապատվությունը տալիս ենք մասնագետին: Մեր ոլորտի աշխատավարձն այդքան էլ գրավիչ չէ: Միգուցե հենց դա է պատճառը, որ անտառային ֆակուլտետի շրջանավարտները չեն գալիս ոլորտում աշխատելու: Նրանք դիմում են հիմնականում «Հայանտառի» կենտրոնական  ապարատում աշխատելու համար: Մասնաճյուղերում այսօր ավագ անտառապետերի, ինժեներների, տնկարանի աշխատողների և էլի շատ հաստիքներով մասնագետ  կադրերի կարիք կա, բայց դիմողներ չունենք: Մենք  ագրարային համալսարանի հետ  համագործակցում ենք այնքանով, որ իրենց ուսանողների դիպլոմային աշխատանքները  գրախոսում ենք:

-Հնարավոր չէ՝ հենց  ագրարային  համալսարանի ռեկտորատն անտառային ֆակուլտետի իր ուսանողներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր  աշխատանքի գործուղի՝  Ձեր ներկայացրած  հայտերով:

-Մենք երեկ հենց այդ թեմայով մեր նախարարությունում խորհրդակցություն ունեցանք՝ նախարարի մասնակցությամբ և պատրաստվում ենք հիմա ագրարային համալսարանի ռեկտորից ստանալ  մասնագետների իրենց առաջարկը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նրանց առաջարկը ուսումնասիրելուց հետո կկատարի կադրերի ընտրություն: Անտառային մասնագետների աշխատանքի ընդունումը մեզ մոտ օրինական հիմքերի վրա պետք է դնենք:

-Ինչ նպատակ է  հետապնդել Լալվարի և Դսեղի  անտառտնտեսությունների միաձուլմամբ  վերակազմավորված  «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ստեղծումը:

-Միաձուլումը ինքնանպատակ չի եղել, կան մի քանի հիմքեր: Մինչ 2000թ.-ը Դսեղի անտառտնտեսություն չի եղել: Եղել է մի հատ Դսեղի անտառապետություն, որն ունեցել է 7 անտառապահ։ Դսեղի անտառներն այդ ժամանակ շատ լավ պահպանվել են մեկ անտառապետի կողմից: Դսեղի անտառտնտեսության ստեղծման հիմնական նպատակը եղել է մարդկանց պաշտոնի տեղավորելը: Այլ նպատակ չի եղել դրա ստեղծման հիմքում: Միաձուլված երկու անտառտնտեսություններում էլ վիճակը ծանր է: Դա կախված է եղել ղեկավարող անձանցի ց։ Այսօր մեր ամենափոքր տնտեսություններից մեկը Գյումրիի անտառտնտեսությունն է, որտեղ ապօրինի հատումներ գրեթե չկան: Բայց, եթե Գյումրիի անտառտնտեսության  աշխատակիցները տեղում չլինեին, մեկ ժամում կարելի էր վերացնել այդ անտառտնտեսության անտառները: Միաձուլման հիմքում կա անտառտնտեսական և անտառապահպանման հարցեր: Ինչ վերաբերում է անտառապատման մակերեսին, ապա Դսեղի և Լալվարի անտառտնտեսություններն այսօր անգամ 10 հա անտառապատման մակերես չունեն: Ունեն անտառավերականգնման մակերեսներ: Դսեղի և Լալվարի  անտառտնտեսությունների միացումից հետո, կարծում եմ, անտառի պահպանությունը էլ ավելի արդյունավետ կդառնա: Վերակազմավորված «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ստեղծումը միանձնյա որոշում չէ: Այդ որոշումը մասնագետների հետ քննարկման արդյունք է։

  -Լոռու անտառների կենդանական  աշխարհն անտեսված է:  Անտառների  կենդանիների պահպանության համար ինչ քայլեր են ձեռնարկվում։

-Այսօր հրամանով կենդանական աշխարհի պահպանությունը մեր անտառապահներին է կցված: Բայց պահպանությունը թղթով հանձնարարելը չի: Անտառներում  հաշվառման և կենդանիների մոնիտորինգի կարիքը կա: Մենք այս տարի մի նախաձեռնություն ունեինք: Կենդանիների միջազգային կազմակերպությունը մեզ հետաքրքիր ծրագիր էր առաջարկել, որը որոշել էինք մեր բոլոր մասնաճյուղերում ներդնել: Դրա համար նախ տեսախցիկներ էր տրամադրվում, որը պետք է տեղադրվեր կենդանիների շարժի արահետներում՝ հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար: Իրենք նաև առաջարկում էին, որ մենք միասին համատեղ թաքստոցներ պատրաստենք զբոսաշրջիկների համար, որոնք կլուսանկարեն կենդանիների անտառային շարժը: Որպես տուրիզմի ձև ամբողջ աշխարհում լայն հետաքրքրություն ունի վայրի կենդանիների տեղաշարժի դիտարկումը։ Համաճարակը մեր այդ աշխատանքը հետաձգեց, բայց հուսով ենք, որ այն կձեռնարկենք: Վայոց ձորի անտառներում մեկ այդպիսի դիտակետ տեղադրել ենք, ուղղակի հույս ունենանք, որ համաճարակի ավարտից հետո մեր մյուս անտառտնտեսությունների կենդանաշատ վայրերում կտեղադրենք նման 4-6 դիտակետ: Դա հնարավորություն կընձեռի նաև վերահսկելու կենդանական աշխարհը: 

- Ունե՞ք կենդանական աշխարհը վերահսկելու պատշաճ մեխանիզմներ:

- Մենք չունենք վերահսկելու մեխանիզմները: Վերահսկելը միայն որսագողին բռնելը և ոստիկանությանը հանձնելը չի: Իհարկե, անում ենք դա: Բայց կենդանական աշխարհի վերահսկելը ես հասկանում եմ նախ՝ կենդանիների հաշվառումը և մոնիտորինգը: Պետք է հասկանանք՝ գայլերը շատացա՞ն, եղնիկները նվազում են, թե՞ շատանում: Ամեն դեպքում այդ մեխանիզմները պետք է ներդրվի, և մեր նախարարությունը ոնց որ ունի էդ տրամադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter