
«Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ հանդիպում է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ
«Իմ քայլը» խմբակցությունն օգոստոսի 18-ին դռնփակ հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը:
Դռնփակ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խմբակցությունը նախապես բոլոր թեկնածուների հետ հանդիպում է` անկախ այն հանգամանքից, թե որ սուբյեկտն է առաջադրել վերջինիս թեկնածությունը: Հանդիպմանը ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, սակայն տվել են իրենց հուզող բոլոր հարցերը, այդ թվում այնպիսիք, որոնք մամուլում արծարծվել են:
Մակունցը հանդիպման, հնչած հարցերի վերաբերյալ բովանդակային տեղեկություն չփոխանցեց` կոչ անելով հարցեր հղած պատգամավորների հետ խոսել վերջիններիս տպավորությունների մասին: Խմբակցության ղեկավարը ՍԴ դատավորի թեկնածուի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի փակ գաղտնի քվեարկության միջոցով:
Մակունցը նաև տեղեկություն չհայտնեց, թե արդյոք Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու ունի: Հիշեցնենք, որ Կառավարության թեկնածուն` Վահրամ Ավետիսյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին` թերահավատություն հայտնելով անհրաժեշտ 80 քվե ստանալու առնչությամբ:
Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուի` Արթուր Վաղարշյանի հետ դեռ «Իմ քայլը» խմբակցությունը չի հանդիպել:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում: Փոփոխությունների էությունն այն էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում էր ավարտված, և պաշտոնավարումը դադարում էր:
Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:
Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության: Սպասվում է, որ Կառավարությունը առաջիկայում ՍԴ անդամի նոր թկնածու կառաջադրի, որից հետո խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրություն կկատարի:
Լուսանկարում` Երվանդ Խունդկարյանը:
Մեկնաբանել