HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ջեմարա Վարդանյանը Ջաղացաձոր գյուղում բնակվող միակ ուսուցիչն է

Ջեմարա Վարդանյանը  Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի ռուսաց լեզվի ուսուցիչն է, միակը, որ ապրում եւ աշխատում է գյուղում (13 աշակերտ ունեցող դպրոցի ուսուցիչների հիմնական մասը՝ 10-ից 9-ը, Վարդենիսից են եւ հարակից բնակավայրերից)։

Ջեմարա Վարդանյանն ամուսնու, երեք երեխաների և սկեսրոջ հետ Ջաղացաձոր է տեղափոխվել 1988թ․-ին՝ Ադրբեջանի Խանլար քաղաքում թողնելով երկհարկանի տունը եւ խաղողի այգին։ Սկզբնական շրջանում վարձով բնակվել են Հրազդանում, հետո տների փոխանակումից հետո բնակություն հաստատել Սեւանա լճից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Ջաղացաձոր գյուղում։ Խանլարում նա 10 տարի մանկապարտեզում դաստիարակ է աշխատել։ Տեղափոխվելով գյուղ՝ հարմարվել է գյուղական կյանքին։ Ջաղացաձորում առաջին անգամ կով է կթել։ «Մի ռուս կար, երկու օր երեխուս համար կաթ բերեց, հետո ասաց՝ пускай она сама пойдет (թող ինքը գնա), ես էլ գնացի. երեխեքիս սոված չէի թողնելու, 10-15 օր գոմում աշխատելուց հետո կողքի Շատջրեք գյուղում որպես դաստիարակ աշխատանքի անցա։ Մեր ճակատագիրն էսպես ա որոշել, որ քաղաքից ընկնենք գյուղ»,- պատմում  է Ջեմարա Վարդանյանը։

Ջաղացաձորը Գեղամասար խոշորացված համայնքի գյուղերից է՝ բնակեցված հիմնականում 1980-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանից  բռնագաղթած հայերով։

1980-ականների վերջին Ջաղացաձորում մանկապարտեզ է բացվել: Ջեմարա Վարդանյանը սկսել է աշխատել մանկապարտեզում: Ութ սան են ունեցել, հետագայում երեխաների թիվը եռապատկվել է, սակայն մանկապարտեզը փակվել է: Մանկապարտեզի մասին խոսելիս նա հայացքը դեպի լքված շենքն է ուղղում եւ ասում. «Մանկապարտեզի շենքն է, 1994-ին փակվել է ֆինանսավորում չլինելու պատճառով ու մինչեւ հիմա չի վերաբացվել, թեեւ գյուղում ավելի շատ երեխաներ կան հիմա»։

Ջեմարա Վարդանյանն արդեն 25 տարի աշխատում է Ջաղացաձորի դպրոցում, 3 տարի է՝ զուգահեռ աշխատում է նաև Արցախի Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ գյուղում, շաբաթական 2 օր գնում է Արցախ՝ երեխաներին ռուսաց լեզու դասավանդելու։

Ամեն տարի է սպասում, թե դպրոցում քանի առաջին դասարանցի պետք է ընդունվի, ոգևորությունը կրկնապատկվում է, երբ դպրոցն ավարտող շրջանավարտները բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում։ «Ես իմ սաներին մանկապարտեզից եմ ճանապարհել դպրոց, իսկ դպրոցից՝ բուհ», - ասում է Ջեմարա Վարդանյանը։

Աշակերտներին սիրում է, բայց միևնույն ժամանակ խիստ է։ Ուսումնական գործընթացում կարևորում է, երբ աշակերտն ունենում է խոսելու իրավունք եւ իր կարծիքը կարողանում է արտահայտել։ Իր աշխատանքային ծրագրերում էլ առաջնային է համարում աշակերտի կարծիքը, երբեմն լսում առաջարկությունները դասապրոցեսի վերաբերյալ:

«Եթե ծնողն անընդհատ երեխային ասի՝ սուս, դա քո գործը չի, քեզ չի վերաբերում, երեխեն ամաչկոտ ու անձայն կմեծանա, իսկ նրան պետք է իրավունք տաս, արտահայտվելու ձայն տաս: Պետք է երեխան իմանա, որ ինքը կա, եթե տանը ձայն չունի, դպրոցում էլ ձայն չտանք, բա էդ երեխան որտե՞ղ կայանա»,- ասում է Ջեմարա Վարդանյանը։

Յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցում է ցուցաբերում, մեկին, ով թույլ ունակություններ ունի, մի բանաստեղծությունից 4 տող է տալիս, ավելի լավ սովորողին՝ ամբողջական, բայց կարևորում է, որ աշակերտն իր սովորածից լավ զգա։

«Երեխաներն իմ անցած, ներկա ու գալիք կյանքն են, առանց որոնց իմ օրը չեմ պատկերացնում»,-ասում է տիկին Ջեմարան։

Դասերից հետո, ամառային արձակուրդների ընթացքում  Ջեմարա Վարդանյանը տնամերձ  այգին է մշակում: Այգում ազնվամորի, լոբի, կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, այլ մշակաբույսեր և տարատեսակ ծաղիկներ է աճեցնում:

«Առավոտ վեցին արթնացել եմ, գնացել գոմը, կովերին հետեւել, հետո մալինա հավաքել, լոբի, արանքում քաղհան արել, նոր տուն մտել։ Պետք է մարդ աշխատի, որ սոված չմնա», - ասում է տիկին Վարդանյանը։

Ջեմարա Վարդանյանի 4 զավակները ևս բարձրագույն ուսումնական հաստատություններ են ավարտել, երկուսը մանկավարժի կրթություն ունեն, դուստրերից մեկը Ջաղացաձորի տարրական դասարանի ուսուցչուհին է, գալիս է հարեւան Շատջրեք գյուղից։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ
Շատ հուզիչ էր,բայց միևնույն ժամանակ ես հպարտանում եմ,որ կան այսպիսի մայրեր,նրանց մեջ ամբողջ մի կյանք է որով ապրեցնում է մյուսներին,ես խոնարհվում եմ Ձեր առջև
Manuk
Մարդ ումից դեռ շատ պետքե սովորենք♥️

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter