HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոդվածներ լսելու կախարդական փայտիկը․ հայ ինժեների ստեղծած գործիքը մարդկային ձայնով խոսքի է վերածում տեքստը

Մեկ «քլիքը» հենց այն կախարդական փայտիկն է, որի միջոցով վայրկյանների ընթացքում կարող եք ցանկացած անգլերեն հոդված փոխակերպել խոսքի: Ընդ որում՝ այն հնչում է ոչ թե ռոբոտի, այլ մարդու ձայնով՝ արտահայտելով հույզեր։ Հենց սա է այն նորարարությունը, որի հեղինակը հավաստագրված  մեքենայական ուսուցման ինժեներ (certified machine learning (ML) engineer) Արտավազդ Երիցյանն է։

Վերջինս արդեն 6 տարի «PicsArt» ընկերության ինժեներական գծով փոխնախագահն է։ Բացի նրանից, որ այս գործադիր պաշտոնում աշխատանքը շատ է՝ Արտավազդը նաեւ պետք է հետեւի ոլորտի մրցակիցների նորություններին։ Իսկ դրանց պակաս համացանցում չկա, փոխարենն ինքը ժամանակի սղություն ունի։ Ահա այս հանգամանքներում Արտավազդը որոշել է ստեղծել է մի գործիք, որի միջոցով հոդվածներն արագ կփոխակերպվեն մարդկային ձայնի։

Գործիքը (extension) հեղինակն անվանել է «Փոդքասլ» («Podcastle», «podcast» բառից)։ Այն հասանելի է «Google Chrome» բրաուզերի (browser, զննարկիչ) համար, ընդամենը պետք է ավելացնել ձեր համակարգչի «Google Chrome»-ին եւ գրանցվել, որից հետո դրանով կարող եք լսել ձեր նախընտրած կայքի ցանկացած անգլալեզու տեքստ։ «Փոդքասլի» առավելությունն այն է բովանդակությունը կարդում է իրական մարդկային ձայնով։

Ստեղծելով այս նոր գործիքը՝ կարծիքներ լսելու համար Արտավազդն այն ուղարկել է Հայաստանում եւ արտերկրում գտնվող ընկերներին, որոնցից ստացել է դրական արձագանք, ինչից հետո էլ զարգացրել է գաղափարը։ 4 ամիս առաջ ինժեները նույն՝ «Podcastle» անունով ընկերություն է հիմնել:

«Հետքը» հանդիպել է Արտավազդ Երիցյանին եւ «Podcastle»-ի մարքեթինգի գծով տնօրեն Արսեն Համբարձումյանին։ Մեր հանդիպումից 2 ժամ առաջ ընկերության այցեքարտ գործիքն արդեն տեղադրվել էր ստարտափ ընկերությունների արտադրանքը ներկայացնող «Product Hunt» հարթակում, որտեղ պետք է մնար 24 ժամ։

Մինչ մենք զրուցում էինք, հարթակում դրական մեկնաբանությունների ալիք էր սկսվել։ Զրույցի ընթացքում Արսենը հետեւում է արձագանքներին, որոշներն էլ բարձրաձայն կարդում։ Մեկնաբանողները մեծամասամբ օտարերկրացիներ էին, ովքեր այդ կարճ ընթացքում արդեն հասցրել էին օգտվել ու գոհ մնալ «Podcastle»-ից։ Ինչպես հետո տեղեկացանք, 24 ժամվա մեջ հայկական այս գործիքը հասցրել էր դառնալ օրվա լավագույն արտադրանքը հարթակում։ «Podcastle»-ի մասին սկսեցին խոսել նաեւ սոցցանցերում, այն ակտիվորեն քննարկվեց հայաստանյան ՏՏ ոլորտով հետաքրքրվողների շրջանում։

Արսենը համակարգչով ձայնի է վերածում «Հետքի» անգլերեն բաժնի հոդվածներից մեկը։ Տեքստը տղամարդու կամ կանացի ձայնով լսելու ընտրության հնարավորություն կա։ «Ներկայիս բոլոր տեխնոլոգիաները, որոնք տեքստը վերածում են աուդոյի, մի կարեւոր բան չեն անում՝ չեն հասկանում էմոցիաները։ Դրանք շատ ռոբոտացված ձայն ունեն։ Մենք ընկերներով որոշեցինք, թե ինչու չսարքենք մի գործիք, որը նաեւ հասկանա բովանդակությունը ու կկարդա՝ հաշվի առնելով տոնայնությունը»,- նկատում է Արտավազդ Երիցյանը։

«Podcastle»-ը տեքստը խոսքի վերածելու փոխարկիչ է (converter), որն օգտագործում է արհեստական բանակությունը՝ գրավոր բովանդակությունը մի քանի վայրկյանում փոդքասթի փոխակերպելով։ Հեղինակն ասում է, որ դրա համար օգտագործվել է մեքենայական ուսուցման մի մոդել, որը մինչ այդ գոյություն չի ունեցել։ Այսինքն՝ նորարարական գաղափարը հենց այդ մոդելի մեջ է թաքնված․ այն հնարավորություն է տալիս տեքստի մեջ հասկանալ էմոցիաները։ Արսենն օրինակ է բերում Բեյրութի նավահանգստում վերջերս տեղի ունեցած ողբերգական պայթյունը՝ նշելով, որ այն չպետք է կարդացվի նույն տոնայնությամբ, ինչ որ, օրինակ, օլիմպիական խաղերում հաղթանակի մասին նորությունը։ «Մենք ցանկանում ենք, որ մեքենայական ուսուցմամբ ձայնը հասկանա, թե ինչ է կարդում, եւ լսելիս դա զգանք»,- ասում է Արսենը։

Գործիքի ներբեռնումն ու օգտագործումն առայժմ անվճար է։ Այն դեռեւս հասանելի է միայն համակարգչով, սակայն թիմն առաջիկայում ծրագրում է նաեւ բջջային տարբերակ ստեղծել։ Սա հնարավորություն կտա վազելիս, մեքենա վարելիս, այլ շարժման ժամանակ լսել նախընտրած հոդվածները։ «Podcastle» ընկերության երկարաժամկետ նպատակներից մեկը նաեւ հայերեն տեքստերը կենդանի ձայնի փոխարկելն է։

«Ժամանակի ընթացքում ձեր ընթերցողներն էլ են պահանջելու, որ ձեր հոդվածները կարողանան լսել,- ասում է Արտավազդ Երիցյանն ու հավելում,- ԱՄՆ-ում հիմա մոտ 160 միլիոն մարդ փոդքասթ է լսում, աշխարհում այն դեռ պոպուլյար չէ, բայց, ինչպես գիտենք, շատ բաներ սկսվում են ԱՄՆ-ից, հետո տարածվում աշխարհում։ Մեր ամբողջ թիմով հավատում ենք, որ կգա ժամանակ, երբ մարդիկ ավելի քիչ վիդեո կնայեն ու ավելի շատ աուդիո կլսեն, որտեղ այդ դեպքում կարող ես ավելի շարժունակ լինել, ինչը հատկապես նոր սերնդի համար կարեւոր է»։

4 ամիս առաջ հիմնադրված «Podcastle»-ի թիմն առայժմ 6 հոգուց է բաղկացած, ովքեր, Արտավազդի խոսքով, Հայաստանի առաջատար մասնագետներից են։ «Հետքի» զրուցակիցը նկատում է, թե իրենք չեն ավարտել ինստիտուտն ու անմիջապես ստարտափ հիմնել, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում։ Ըստ նրա՝ նաեւ այս հանգամանքն է պատճառ դառնում, որ առանց ամուր հիմք ունենալու ստարտափներն արագ փակվում են մեր երկրում։

Ըստ Արտավազդի՝ իրենք հիմա կենտրոնացած են ոչ թե գումար աշխատելու, այլ լավ ծառայություն մատուցելու վրա․ «Մեր փիլիսոփայությունն այն է, որ մարդուց փող վերցնենք այն ժամանակ, երբ նա կսկսի փող աշխատել»։ Որպես օրինակ բերում է վիդեոները, որոնց հեղինակները մեծաքանակ հետեւորդներ հավաքելու դեպքում գովազդատուներ են ձեռք բերում ու սկսում գումար աշխատել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (4)

Nurul Syafiqa
Text to speech armenian
Nurul Syafiqa
Voice speech
haik
Unfortunately, your extention is not applicable to the pdf files. Please consider upgrading it. Otherwise it is very useful tool. Thanks.
Haik
Արտավազդ Երիցյանը ոչ թե երաշխավորված, այլ հավաստագրված ինժեներ է: :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter