HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները: Այսօր ներկայացվել է վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» հատվածի գերակայությունները և այդ պայքարում կառավարության որդեգրած քաղաքականությունը:

Մասնավորապես, կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրի միջոցառումների շրջանակում ՊՎԾ-ն մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվել է ՊՎԾ ղեկավարը: 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին 4 ամսում կատարվել են ավելի քան 30 ուսումնասիրություն և 90 մշտադիտարկում, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ և այլն։ Արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են ՀՀ պետական բյուջեի որոշակի տնտեսումներ: Մշակվել և համապատասխան մարմիններին են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների և տարբեր ոլորտների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին առաջարկություններ: ՀՀ կառավարության՝ պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրման առաջնահերթության շրջանակում իրականացվել են www.gnumner.am պաշտոնական կայքում հրապարակված գնման ընթացակարգերի հրավերների մշտադիտարկումներ, տարբեր կազմակերպությունների ներկայացվել են դրանք «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու առաջարկներ։

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են նաև կառուցվածքային բարեփոխումներ, մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներ, մշակվել են ներքին կանոնակարգային փաստաթղթեր և այլն: Քաղաքացիների հետ շփման մատչելիության ապահովման նպատակով ՊՎԾ-ում գործարկվել է դիմումների առցանց ընդունման համակարգ: Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի մասին տեղեկատվություն:

Հաշվետվությունը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊՎԾ գործունեությանն առնչվող մի շարք հարցերի: Վարչապետը, մասնավորապես, իր դիտարկումներն է ներկայացրել հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կապակցությամբ, կարևորել այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների միջև փոխհամաձայնեցված աշխատանքը և ինստիտուցիոնալ գործառույթների կրկնության վերացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է ՊՎԾ գործունեության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, այն ավելի հրապարակային, թափանցիկ և հաշվետու դարձնելու հարցում և տվել մի շարք հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter