HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սերժ Սարգսյան. «Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին, բայց նույնը պետք էր անել 2018-ի մայիս-հունիսին»

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ չի կարելի համեմատել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը և 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունենրը:

«Անշուշտ, Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր, սա պետք է գնահատել և շնորհավորել մեր զինված ուժերին, բայց նույնը պետք էր անել 2018-ի մայիս-հունիսին Նախիջևանի ուղղությամբ, դա անհրաժեշտություն էր: Այստեղ երկու նկատառում ունեմ` ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ նաև ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես որ սխրագործության համար են 71 հոգին պարգևատրվել կամ պարգևատրվելու «Մարտական խաչ» բարձր շքանշաններով: Սա չափազանց կարևոր հանգամանք է»,- ասաց Սերժ Սարգսյանը` խոսելով տավուշյան ռազմական գործողություններից հետո պարգևատրված զինվորականների մասին:

Սարգսյանը հիշեցրեց, որ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թվականին կնքված հրադադարից հետո նախորդ չորս տարիների ռազմական գործողություններին ակտիվ մասնակցած ընդամենը երկու տասնյակ անձանց է պարգևատրել «Մարտական խաչ» շքանշանով:

Սարգսյանը վստահեցրեց, որ թե՛ ապրիլյան պատերազմից առաջ, թե՛ հետո զինված ուժերը տարբեր հատվածներում դիրքային բարելավումներ են ունեցել, սակայն դրա մասին չեն շեփորահարել` այդ հատվածները խոցելի չդարձնելու համար: Պաշտոնաթող նախագահը համոզմունք հայտնեց, որ այսօր էլ պատերազմի վտանգը չափազանց մեծ է: Սարգսյանը հերյուրանք որակեց այն տեղեկությունները, որ 2016-ի ապրիլյան դեպքերից առաջ տարածքներ զիջելու պայմանավորվածություններ է ձեռք բերել Մոսկվայում: Վերջինս վստահեցրեց` երբևէ որևէ մեկի հետ չի ունեցել որևէ պայմանավորվածություն, որը կարող է վնասել ժողովրդին կամ վտանգ լինել հայրենիքի համար:

Հարցին, թե պատրաստ է արդյոք ներողություն խնդրել քառօրյա պատերազմի զոհերի հարազատներից, Սարգսյանն ասաց.

«Պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն քառօրյայի ընթացքում զոհված սպաների ու զինվորների համար, այլ նաև առաջին արցախյան պատերազմում զոհվածների համար եմ պատասխանատվություն կրում, բոլոր զինվորների ու սպաների համար, ովքեր զոհել են 88-ից սկսած մինչև այսօր, բայց կարծում եմ տեղին չէ ներողություն բառը, այն ճիշտ բառ չէ, իմ խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին»:

Անդրադառնալով 2016-ի ապրիլին Մոսկվայում ստորագրված հրադադարի մասին փաստաթղթին՝ Սարգսյանը վստահեցրեց, որ շարունակում է ուժի մեջ մնալ 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմի մասին փաստաթուղթը, որի մասին հայտարարել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սարգսյանի խոսքով` իրեն է զանգահարել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ու հայտնել, որ Ադրբեջանը ՌԴ շտաբի պետի միջոցով կապ է հաստատել իր հետ` հրադադարի կնքման առաջարկով: Յուրի Խաչատուրովն առաջարկել է հանդիպել Թբիլիսիում, սակայն Ադրբեջանը նախընտրել է, որ հանդիպումը լինի Մոսկվայում:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Խաչատուրովն այդպես էլ չընդունեց ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավերը, Սարգսյանն ասաց, որ ըմբռնումով է մոտենում գլխավոր շտաբի նախկին պետի որոշմանը:

«Խաչատուրովը երկար ժամանակ իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը, ռազմական գործողությունների հենց սկզբից կարևոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում, ուղնուծուով զինվորական է, գեներալ է և նրա համար վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները: Մարդն ամբողջ կյանքը նվիրել է բանակին, իսկ նրա մասին հերյուրանքներ էին տարածում, որ ռազմական գործողությունների պահին բիլիարդ է խաղում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահի խոսքով` ինքը ևս հորդորել է Յուրի Խաչատուրովին մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, սակայն մերժում է ստացել:

Լուսանկարը՝ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter