HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը պաշտոնապես դարձել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը հաստաստել է 77-ամյա Ջո Բայդենի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակում։ Սա Բայդենի երրորդ փորձն է՝ Սպիտակ տան ղեկավար դառնալու գործում։ 1988 և 2008 թվականներին նա եղել է կուսակցության թեկնածուների շարքում, սակայն երկրորդ դեպքում դարձել է փոխնախագահ։ 

50 նահանգների պատվիրակների քվեակությունը կայացել է օգոստոսի 18-ի երեկոյան, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպվել էր առցանց։ Հանրապետական կուսակցության առցանց համագումարը կկայանա հաջորդ շաբաթ, որտեղ Հանրապետական կուսակցության թեկնածուի պաշտոնում կառաջադրվի Դոնալդ Թրամփը։

Համաձայն «Nielsen» համաշխարհային հետազոտական ընկերության տվյալների՝ Դեմոկրատական կուսակցության համագումարի աշխատանքներին առաջին օրվա ընթացքում հետևել է 28 %-ով ավելի քիչ հանդիսատես, քան 2016 թվականին։ Դեմոկրատները պնդում են, որ ևս 10 միլիոն մարդ համագումարի աշխատանքներին հետևել է համացանցի միջոցով։ Եթե այս փաստը հաստատվի, ապա այս տարվա ցուցանիշը կգերազանցի 2016 թվականի ցուցանիշին։

Սովորաբար դեմոկրատների և հանրապետականների նախընտրական համագումարների ժամանակ անակնկալներ չեն լինում, քանի որ թեկնածուները նախապես որոշվում են։ Դրանք երաժշտությամբ, դրոշներով, կարգախոսներով և բուռն ծափահարող հանդիսականներով զանգվածային միջոցառումներ են, որտեղ գովաբանում են տվյալ կուսակցության թեկնածուին և վատաբանում մյուսին։

Համագումարը պաշտոնապես բացել են ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման և Դեմոկրատական կուսակցության նախկին թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսը։ Առավել հիշարժան են եղել դեմոկրատ-նախագահներ Բիլ Քլինթոնի և 95-ամյա Ջիմի Քարթերի, Օբամայի վարչակազմում պետքարտուղար Ջոն Քերրիի և նրա գործընկեր Քոլին Փաուելի ելույթները։ Վերջինս հանրապետական է, աշխատել է Բուշ կրտսերի վարչակազմում, սակայն աջակցում է դեմոկրատ Ջո Բայդենին։

Համագումարի և ելույթների հիմնական մեխը եղել է այն միտքը, որ Դեմոկրատական կուսակցությունը առավել լավ է կարգավորում ներքին և արտաքին խնդիրները։ Հանրապետական կուսակցության նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնի այրին խոսել է իր ամուսնու և Ջո Բայդենի մտերմության մասին, սակայն, ի տարբերություն Փաուելի, բացահայտ չի աջակցել նրան։

Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը իր տեսաուղերձը նկարահանել է Դելավեր նահանգի դպրոցական դատարկ դասասենյակում, որտեղ 1990-ական թվականներին վերջինս դասավանդել է անգլերեն։

Բայդենի մրցակիցը՝ Դոնալդ Թրամփը վերջինիս շարունակում է անվանել ձախ ծայրահեղականների խամաճիկ։ Օգոստոսի 18-ին նա եղել է Արիզոնայում, որին հաճախ անվանում են «տատանվող նահանգ»՝ կախված ընտրություններում հիմնական նախապատվության բացակայությամբ։

Հարցումների մեծ մասը նախապատվությունը տալիս են Բայդենին, սակայն Թրամփը վերջին շաբաթներին կարողանում է կրճատել տարբերությունը, իսկ ընտրություններին դեռ երեք ամիս կա։

Դեմոկրատների համագումարը, որը պետք է կայանար Վիսկոնսկին նահանգի Միլուոկի քաղաքում, շարունակվելու է նաև օգոստոսի 19-ին և 20-ին։ Նախատեսվում է, որ ելույթով հանդես կգան փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը, Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման, իսկ ամենավերջում՝ Ջո Բայդենը, որը պաշտոնապես կհայտարարի, որ ընդունում է առաջադրումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական հերթական ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերի 3-ին։

Լուսանկարը՝ Leah Millis/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter