HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները

ԵՄ անդամ երկրների ղեկավարները և կառավարությունները չեն ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին օգոստոսի 19-ին Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրա խոսքերով՝ քվեարկությունը չի եղել ազատ և արդար, այդ իսկ պատճառով չի կարող ճանաչվել և ընդունվել Եվրամիության կողմից։

Մերկելը նաև հայտարարել է, որ չկա որևէ կասկած ընտրությունների ժամանակ զանգվածային խախտումների վերաբերյալ։ «Մենք քննադատում ենք մարդկանց նկատմամբ դաժան բռնությունը»,- հավելել է նա։ Կանցլերն ընդգծել է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է անմիջապես ազատ արձակվեն։ Բացի այդ, անհրաժեշտ է համազգային երկխոսություն, որը պահանջում է ընդդմիությունը։ Մերկելն ընդգծել է, որ ԵՄ-ն կանգնած է խաղաղ ցուցարարների կողքին։

Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը ևս ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչվում և ընդունվում։ Բացի այդ, ԵՄ-ն սանկցիաներ կկիրառի մի շարք անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Բելառուսում բռնության կիրառման և ընտրությունների կեղծման համար։ Միշելը Մինսկին կոչ է արել գտնել ճգնաժամից դուրս գալու խաղաղ ելք։

Զուգահեռաբար, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «Բրյուսելը պատրաստ է ուղեկցել Բելառուսում խաղաղ դեմոկրատական ճանապարհով իշխանության փոխանցումը»։ Նա նշել է, որ Հանձնաժողովն աջակցում է Բելառուսի ժողովրդին, որը ցանկանում է արմատական ազատություն և ժողովրդավարություն։ Եվրոպական հանձնաժողովը Բելառուսի ժողովրդին աջակցելու նպատակով 53 միլիոն եվրո կհատկացնի։ Դրանցից 3 միլիոնը կհատկացվի բռնաճնշումների զոհերին և քաղաքացիական հասարակությանը։ Բացի այդ, տրվելիք գումարի մի մասը կհատկացվի կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարին։ 

Գագաթնաժողովին մասնակցելու համար, որն անց էր կացվում տեսակոնֆերանսի ձեւաչափով, ԵՄ անդամ երկրների բազմաթիվ առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ ընդհատել են իրենց ամառային հանգիստը։ Ավելի վաղ, Բելառուսի ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրախորհրդին կոչ էր արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Արդեն 10-րդ օրն է Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։ Ըստ Բելառուսի ԿԸՀ տվյալների՝ ձայների 80 %-ով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 26 տարի ղեկավարում է Բելառուսը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին օրերին ձերբակալվել է գրեթե 7000 մարդ, մահացել երեք ցուցարար։ Ընտրություններից անմիջապես հետո Բելառուսում փաստացի արգելափակվել է համացանցը, ուժայինները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter