
Կարո Կարապետյան. «Եթե ռաստամոժկա արած ավտոյի վրա կասկածանք կա, դու ի՞նչ մեղք ունես»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (մականունը՝ Յուվեցի Կարո) անունն անցնող շաբաթվա ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց քրեական գործերի համատեքստում: Նրա վարորդին` Օնիկ Հովհաննիսյանին, մայիսի 10-ին Կենտրոնի դատարանը 2 ամսով կալանավորեց:
Ազգային անվտանգության ծառայությունը վերջինիս կասկածում է մաքսանենգության մեջ:
Մամուլում շրջանառվող մյուս քրեական պատմությունն էլ կապված է պատգամավորի եղբոր` Մասիսի ՄՌՈ-ի պետ Սիմոն Կարապետյանի հետ: Ըստ հրապարակումների` նա խոշոր գումար է վերցրել ինչ-որ մեկի գողացված ավտոմեքենան գրանցման միջոցով օրինականացնելու համար, սակայն փողերը համարակալված եւ հատուկ նյութերով մակնշված են եղել, ինչի արդյունքում Սիմոն Կարապետյանը «վառվել» է:
Պատգամավոր Կարո Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ինչպես իր վարորդը, այնպես էլ եղբայրը կապ չունեն նշված արարքներ հետ:
Պատգամավորի ասելով, եթե իր եղբայրը մեղադրվեր գումար վերցնելու մեջ, ապա իրենով կզբաղվեր ոչ թե ԱԱԾ-ն, ինչպես թերթերն են գրել, այլ Հատուկ քննչական ծառայությունը:
«Եթե մեկը գա քեզ ասի, որ դու մարդ ես սպանել, թերթերն էլ գրեն, որ դու մարդ ես սպանել, կլինի՞, որ դու մարդ ես սպանել: Բա ո՞նց են էդ լուրերը տարածում: Լավ, հլա Օնիկը մեկ-մեկ իմ ավտոն քշել ա, ինձ ման ա տվել, կապում են ինձ հետ, հասկացանք: Եղբորս գործո՞վ խի են կապում ինձ հետ»,- զարմանում է Կարո Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Սիմոն Կարապետյանը «բուկվալնի կիրակի» Փարիզ-Բեռլին չվերթով մեկնել է Գերմանիա, որտեղ էլ երեկ վիրահատվել է. «Ի՞նչ եք ուզում, թողեք հանգիստ այդ մարդուն»:
Ինչ վերաբերում է վարորդ Օնիկին, ապա, ըստ պատգամավոր Կարապետյանի, ԱԱԾ-ում քննություն է կատարվում եւ շուտով կպարզվի, որ «նա անմեղ է»:
«Ոստիկանները ոչ փորձագետ են, ոչ էլ փորձագիտական եզրակացություն ունեն, որ գրեն-դնեն, թե էս ավտոն ըսենց-ընենց ա: Դու գնացել ռաստամոժկա արած ավտո ես առել, բերել ես, որ գրանցես, եթե այդ ավտոյի վրա կասկածանք կա, դու ի՞նչ մեղք ունես: Թող մեղավորներին գտնեն, պատժեն: Օնիկն էլ մաքսատուն չի գնացել, մաքսանենգություն չի կատարել, ինչի՞ են մաքսանենգության հոդվածով կասկածում»,- հարցնում է պատգամավոր Կարո Կարապետյանը:
Հիշեցնենք՝ 2009 թ. պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել էր Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա, իսկ վերջինիս հետ առերես հարցաքննության ժամանակ ուղղակի հայտարարել է, որ չի մերժել գողացված ավտոմեքենաներ ձեռք բերելու Զադոյանի առաջարկը: Ընդ որում՝ այս ամենն արձանագրել էր ՀՔԾ ավագ քննիչ Արիստակես Երեմյանը: Բայց միեւնույն է, պատգամավորին ոչ կրակելու, ոչ էլ գողացված ավտոմեքենաներով հետաքրքրվելու համար «ավելորդ» հարցեր այդպես էլ չտվեցին: Ըստ էության, մինչ օրս նման հարցադրումների համար քաղաքական որոշում կայացված չէ:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել