HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն պահանջել է «այլևս թույլ չտալ որևէ անկարգություն»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է Ներքին գործերի նախարարությանը երկրում թույլ չտալ որևէ անկարգություններ։ Այդպիսի հանձնարարական հանրապետության նախագահը տվել է Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ «БелТа» պարբերականը գրում է, որ Լուկաշենկոն երկրում կայունության ապահովման համար հանձնարարականներ է տվել ևս չորս գերատեսչությունների և կառավարությանը։

«Մինսկում այլևս չպետք է լինեն որևէ անկարգություններ։ Մարդիկ հոգնել են, մարդիկ խաղաղություն և լռություն են պահանջում»,- նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ Բելառուսի բնակչության ճնշող մասը «սովոր են ապրել հանգիստ երկրում, իսկ նախորդ շաբաթ հասկացել են, որ կարող են դա կորցնել։ Մենք պետք է նրանց վերադարձնենք այդ հանգիստ երկիրը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն պետական սահմանային կոմիտեին հանձնարարել է ուժեղացնել պետական սահմանների հսկողությունը, որպեսզի «թույլ չտրվի օտարեկրացի զինյալների, զենքի, զինամթերքի ներկրումն ու անկարգությունների ֆինանսավորումը»։ Նա վստահ է, որ դեպի Բելառուս առկա է նման փողերի ներհոսք։ Իսկ արդեն պետական անվտանգության կոմիտեին Լուկաշենկոն հանձնարարել է կանխարգելել անկարգությունների կազմակերպիչների գործողությունները և բացահայտել դրանց ֆինանսավորման աղբյուրները։ Արտաքին գործերի նախարարությանն էլ նա հանձնարարել է արևմտյան երկրների առաջնորդներին ներկայացնել ցույցերի վերաբերյալ Բելառուսի պաշտոնական տեսակետը, այդ թվում Անգելա Մերկելին և Էմանուել Մակրոնին։

Լուկաշենկոյի հանձնարարականով պաշտպանության նախարարությունը պետք է հետևի Լեհաստանի և Լիտվայի տարածքներում ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին։ Նրա խոսքերով՝ հատկապես պետք է ուշադիր լինել Գրոդնոյի ուղղությամբ, քանի որ արտաքին ուժերը առավել միտված են այնտեղ իրավիճակի լարմանը, քան Մինսկում։ Կառավարությունն էլ պետք է հետևի ձեռնարկությունների անխափան աշխատանքին՝ աջակցելով ձեռնարկությունների ղեկավարությանը։

Արդեն 10-րդ օրն է Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։ Ըստ Բելառուսի ԿԸՀ տվյալների՝ ձայների 80 %-ով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը արդեն 26 տարի է, ինչ ղեկավարում է Բելառուսը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին օրերին ձերբակալվել է գրեթե 7000 մարդ։ Ընտրություններից անմիջապես հետո Բելառուսում փաստացի ժամանակավորապես արգելափակվել է համացանցը, ուժայինները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter