
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները
Մանկահասակ երեխա ունեցող 1085 ընտանիք այս տարի կկարողանա օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից: Կառավարությունն այս տարվա մայիսին 14-ին ընդունել է որոշում, որով կյանքի է կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Ծրագրերն արդեն վերագործարկվել են, ուղղությունները երեքն են` աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում հիպոթեքային վարկի թեթևացում կատարել:
Ծրագրի բաղադրիչներ
Ծրագիրն իրենից ներկայացնում է 3 ենթածրագիր: Ըստ առաջինի` այս տարի նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։
Այս դեպքում շահառուն պետք է ունենա առնվազն երկու անչափահաս երեխա: Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի հինգ տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Նկատենք, սակայն, որ յուրաքանչյուր երեխայի ծննդյան փաստի հետ մեկտեղ գումարի չափը կարող է ավելանալ, միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կարող է լինել 2 միլիոն դրամ: Շահառուի` մինչև 30 տարեկան լինելու պարագայում դրամական աջակցության չափը կարող է ավելանալ, այս պարագայում առավելագույն չափը կարող է լինել 2,6 միլիոն դրամը:
Մյուս ենթածրագրով աջակցություն է տրվում ձեռք բերվող բնակարանի կանխավճարի ապահովագրության համար` ապահովագրության տարեկան վարձավճարը կատարելու համար: Այս դեպքում շահառուն առնվազն մեկ անչափահաս զավակ պետք է ունենա: Դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամը: Այս ենթածրագրով այս տարի աջակցություն կարող է տրամադրվել 540 շահառուի:
Երրորդ ենթածրագրով էլ աջակցություն է տրամադրվում երեխայի ծննդով պայմանավորված հիպոթեքային վարկ մարող ընտանիքին, գումարն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը: Այս դեպքում ընտանիքի երկրորդ երեխան պետք է ծնված լինի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և երեխայի ծննդյանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում շահառուն չպիտի ժամկետանց հիպոթեքային վարկ ունենա: Այս դեպքում աջակցություն կարող է ստանալ 300 շահառու:
Բոլոր ենթածրագրերի դեպքում շահառուն կարող է օգտվել միայն մեկ անգամ, հիպոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանի օտարման դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման: Բոլոր դեպքերում բնակարանի առավելագույն արժեքը 30 միլիիոն դրամն է, որը շահառուի երրորդ և հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5-ական միլիոն դրամով:
Ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառուներ
Վերջին տարիներին պետական աջակցության բնակարանաշինության ծրագրերի հիմնական շահառուներն են եղել երիտասարդ ընտանիքները, երիտասարդ մասնագետները, ԵՊՀ շրջանավարտները, այս ծրագրերի շրջանակում հիմնականում շեշտադրում է արվել բնակարանաշինությանը Երևանում, ինչը, սակայն հասանելի չի եղել մարզային բնակիչներին: Քանի որ բացառությամբ Վանաձորի ու Գյումրիի, այլ համայնքներում գրեթե չկան նորակառույց շենքեր: Այս ծրագրի դեպքում էական չէ՝ շահառուն որ համայնքի բնակիչ է, ձեռք բերվող բնակարանը (անհատական բնակելի տունը) առաջնային շուկայից է, թե երկրորդային, ամուսինները պետական, թե մասնավոր հատվածի աշխատակից են, որքան է նրանց տարիքային հանրագումարը: Այս ծրագրի դեպքում ծրագրի շահառու կարող են դառնալ բացառապես ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Սասուն Համբարձումյանն ընդգծում է` ծրագիրը միտված է ժողովրդագրական խնդիրների բարելավմանը, եթե քաղաքացիները նորապսակներ են, չունեն երեխա, չեն կարող ծրագրի հավակնորդ դառնալ նույնիսկ այն պարագայում, եթե ունեն լավ վարձատրվող, կայուն աշխատանք: Երեխայի ծնունդը պարտադիր պայման է, և երեխայի ծնունդների թիվը խրախուսող կոմպոնենտ է հանդիսանում այս ծրագրում:
Հուլիսի 1-ից ծրագիրը գործարկվել է, մինչ այս պահը ստացվել է 44 դիմում, 17-ի համար վճարում է կատարվել, 14-ը հաստատվել է, մյուսները` ուսումնասիրվում են:
Սասուն Համբարձումյանի հետ հարցազրույցի ժամանակ էլ ծրագրից հետաքրքրվողները զանգահարում էին ու հետաքրքրվում, թե ինչպես պետք է դիմեն: Նախարարությունը քաղաքացուց դիմում ստանալու դեպքում նախ դիմում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, տեղեկություններ ստանում երեխայի ծննդյան վկայականի իսկության վերաբերյալ, որից հետո բանկից` քաղաքացու վարկունակության վերաբերյալ դրական պատասխան ստանալու դեպքում, վերջինիս դիմումը հաստատվում է:
Նախարարության հետ համագործակցող բանկերը
Այս ծրագրի շրջանակում նախարարության հետ պայմանագիր է կնքել ութ առևտրային բանկ և մեկ վարկային կազմակերպություն, դրանք են` «Հայէկոնոմբանկը», «Հայբիզնեսբանկը», «Էվոկաբանկը», «Արմսվիսբանկը», «Ինեկոբանկը», «ԱյԴի» Բանկը, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը» և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» վարկային կազմակերպությունը: Ծրագրի հաստատումից հետո բանկերի միությունում քննարկում է եղել, և այն կազմակերպությունները, որոնք ցանկացել են միանալ ծրագրին, նախարարության հետ պայմանագիր են կնքել: Քաղաքացիները ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում կարող են և առցանց դիմել նախարարություն և դիմել բանկ, որտեղ վերջիններիս վարկունակությունը կգնահատվի:
Ցանկում նշված բանկերից մի քանիսում իրականացրած մեր հարցախույզից պարզ դարձավ, որ այս ծրագրի դեպքում բանկերը պետության և քաղաքացիների միջև միջնորդի դերում են հանդես գալիս: Եթե այլ ծրագրերի դեպքում շատ չափորոշիներ կան, որոնց պետք է համապատասխանեն ամուսինները, ինչպես օրինակ` «մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի դեպքում չունենան անշարժ գույք, ապա այս ծրագրի դեպքում իրենց անվամբ գույք ունենալը ևս խնդիր չէ: Ծրագիրը ոչ թե բնակարանաշինությանն է միտված, այլ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի միջոցներից հատկացվելու է 520 միլիոն դրամ: Ծրագրի տևողությունը մինչև 2023 թվականն է, սակայն նախարարության պաշտոնյան չի բացառում, որ շահառուների թիվը գերազանցելու դեպքում կարող են լրացուցիչ գումարներ ևս ուղղվել:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել