
Աղվան Հովսեփյանի որդու հէկն ավել ջրառ է իրականացրել․ նշանակվել է 200 հազար դրամ տուգանք
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող հէկը տուգանքվել է 200 հազար դրամով։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող փոքր հէկում և հայտնաբերել են ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ։
Տեսչական մարմինն արձանագրել է, որ խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի և 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և նշանակել 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 264 370 դրամ։
«Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզում երկու հէկ է շահագործում Եղեգիս գետի Արտաբույնք վտակի վրա։ Առաջինը՝ «Սուրբ աղբյուր» անվամբ հէկը, շահագործվում է 2009թ․-ից։ Հզորությունը 737 կՎտ է։ Հենց այս հէկն է տուգանվել 200 հազար դրամով ավել ջրառ իրականացնելու համար։
Հովսեփյանների երկրորդ հեկը՝ «Վայոց» անունն է կրում և շահագործվում է 2014թ․-ից։ Հզորությունը 3050 կՎտ է։
«Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին է՝ Նարեկ Հովսեփյանը։
Հովսեփյանի մյուս որդին` Միսակ Հովսեփյանը, միանձնյա բաժնետեր է «Վարդահովիտ» ՍՊԸ-ում, որը Եղեգիս գետի Կարակայա վտակի վրա շահագործում է նույնանուն հէկը։ Դրա հզորությունը 4250 կՎտ է։
Մեկնաբանել