HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոցում 6 տարի ֆիզիկա չի դասավանդվում

Դարանակ և Փամբակ գյուղերի դպրոցի աշակերտների ավարտական վկայականում ֆիզիկա առարկայի դիմաց նշվում է՝ «չուսումնասիրած»: Դպրոցում 6 տարուց ավելի ֆիզիկա առարկա չի դասավանդվում, ուսուցիչ չկա: 

Դպրոցական ունեցող ծնողները նախընտրում են իրենց երեխաներին տեղափոխել այլ բնակավայրերի դպրոցներ: Ոմանք էլ տեղափոխվում են ընտանիքներով, որպեսզի երեխաները պատշաճ կրթություն ստանան։

Դարանակն ու Փամբակը Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրեր են։ Երկու բնակավայրերի դպրոցը համատեղ է և կոչվում է «Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ: Թեև տնօրենը մեկն է, ուսուցիչները նույնն են, սակայն երկու բնակավայրերում էլ կա դպրոցի շենք: Դարանակում երեխաները սովորում են մինչև 9-րդ դասարան, իսկ Փամբակում՝ 1-12-րդ դասարան, որտեղ հաճախում են բնակավայրում ապրող և Դարանակի ավագ դասարանների աշակերտները:

«Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սովորում է 57 աշակերտ, որոնցից 9-ը՝ Դարանակում, իսկ 48-ը՝ Փամբակում: 

Ո’չ Դարանակի վարչական ղեկավար Հովհաննես Կարապետյանը, ո’չ էլ դպրոցի տնօրեն Արթուր Բարսեղյանը չհիշեցին, թե երբ են գյուղերի դպրոցները միավորվել: Սակայն նշում էին, որ անկախության սկզբնական տարիներից ի վեր երկու համայնքների դպրոցը նույնն է եղել:

Արթուր Բարսեղյանի խոսքով՝ իրենց դպրոցում ֆիզիկա առարկայի ուսուցչի հարցը լուրջ է: Բազմիցս թերթերում հայտարարություններ են հրապարկել, սակայն 6 տարուց ավելի չեն կարողանում մասնագետ գտնել:

2016-2017թթ., տեսադասի եղանակով, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ համագործակցել են: Այնուհետև տեսակապի միջոցով աշակերտները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներին, նրանցից ստանալ առաջադրանքներ: Իսկ երեխաների կատարած առաջադրանքները սկանավորված ուղարկվել են Ֆիզմաթի ուսուցիչներին, որպեսզի վերջիններս ստուգեն, գնահատեն:

«Մենք հասկանում էինք, որ դա ուղղակի օգնություն էր Ֆիզմաթի կողմից մեզ: Հիմա, ցավոք սրտի, ոչ մենք ենք մեղավոր, ոչ գյուղացին ու ծնողն են մեղավոր այս վիճակի համար: 7 դասաժամի համար եթե որևէ մեկը կցանկանա գալ, մեծ ուրախությամբ կընդունենք»,-ասում է Արթուր Բարսեղյանը:

Տնօրենի խոսքերով՝ ֆիզիկա առարկայի գծով ընդամենը 7 դասաժամ է նախատեսված, որովհետև դպրոցը կոմպլեկտավորված դասարաններ ունի՝ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ: Եթե դասարանը երկկոմպլեկտ է, ապա ուսուցչի մեկ մուտքը չեն հաշվում երկու ժամ, թեև երկու տարբեր դասարանների երեխաների հետ է պարապում: Այդ է պատճառը, որ դասաժամը քիչ է, և հետաքրքրվողներ չկան:

Ա. Բարսեղյանի մոտավոր հաշվարկներով՝ 35.000 դրամ է կազմում 7 դասաժամի վարձատրությունը:

«Եթե 35.000 դրամով որևէ մեկը Վարդենիս քաղաքից՝ 37 կմ կգա աշխատելու, թող գա աշխատի, միայն ուրախ կլինենք: Բազմիցս դիմել ենք հարևան համայնքների ղեկավարներին, դպրոցների տնօրեններին, եթե կան մասնագետներ, գան աշխատեն, բայց չկան»,-հավելում է Արթուր Բարսեղյանը:

Դարանակի վարչական ղեկավար Հովհաննես Կարապետյանն ասում է՝ երեխաների ծնողները դժգոհում են, որ դասապրոցեսը նորմալ չի կազմակերպվում: Քանի որ երկու համայնքները միմյանցից հեռու են, մանկավարժները չեն հասցնում տեղից տեղ գնալ, ինչի հետեւանքով խաթարվում է ուսումնական գործընթացը:

Երբեմն շաբաթը մեկ անգամ է ուսուցիչը գալիս Դարանակ, շաբաթվա հանձնարարությունները տալիս ու գնում: Դրանից հիասթափվում են աշակերտները, եւ ծնողները հարկադրված տեղափոխվում են այլ համայնքներ: Կարապետյանի ասելով՝ զգալի մասը հարևան Արեգունի բնակավայրի դպրոց է տանում երեխաներին, որը Դարանակից մոտ 5 կմ հեռու է:

Փամբակ և Դարանակ բնակավայրերը միմյանցից հեռու են 6 կմ: Միջհամայնքային հասարակական տրանսպորտ չկա, և Դարանակի ավագ դասարանների աշակերտներին դպրոց հասցնում են ծնողները:

Տեղափոխման դժվարություն ունեն ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները: Արթուր Բարսեղյանն ու ևս 4 ուսուցիչ դպրոց են գալիս Վարդենիս քաղաքից: Ուսուցիչներին ամեն օր աշխատավայր բերում և հետ է տանում տնօրենը՝ սեփական ավտոմեքենայով: Բնակավայրերը Վարդենիսին կապող տրանսպորտային միջոց ևս չունեն: Նույն պատճառով դժվար կացության մեջ են նաև Մեծ Մասրիկից ժամանող ուսուցիչները:

«Անցյալ տարի 3 հոգի իրենց 6 տարեկան երեխաներին դպրոց չուղարկեցին, որ մանկավարժի հարց լուծվի: Այս տարի այդ երեխաները պիտի դպրոց գան, չգիտենք՝ ոնց է լինելու: Հնարավոր է իրենք էլ այլ գյուղի դպրոց գնան»,-նշում է Դարանակի վարչական ղեկավարը: Հովհաննես Կարապետյանը պատմեց, որ մի ընտանիք էլ Դարանակից Գեղամասար է տեղափոխվել բնակության՝ դարձյալ դպրոցի պատճառով. «Գեղամասարում ապրելն ավելի դժվար է, քան մեր գյուղում: Այստեղ պայմանները, եղանակն ավելի բարենպաստ են: Մարդը 5 երեխա ունի, չգիտի, թե ինչ անի»:

Վարչական ղեկավարի հավաստմամբ՝ դպրոցի տնօրենը ջանք ու եռանդ չի խնայում մանկավարժների պակասի հարցը լուծելու համար, սակայն այլ համայնքներից գալու դժվարությունները բարդություններ են առաջացնում:

Տնօրեն Արթուր Բարսեղյանն ասում է, որ բացի ֆիզիկա առարկայից, այլ մասնագետի պակաս չունեն: Դասացուցակն այնպես է կազմված, որ դասաժամերն իրար չխանգարեն: Ուսուցիչները մեկ օր գալիս են Փամբակ, հաջորդ օրը՝ Դարանակ: Զուգադիպություն չունեն, որ մանկավարժները տեղից տեղ տեղափոխվեն և չհասցնեն:

Հարցին, թե ինչու են ծնողներն իրենց երեխաներին այլ համայնքներ տեղափոխում, Արթուր Բարսեղյանը հետևյալ պատասխանը տվեց. «Դարանակ գյուղից ընդամենը մեկ ուսուցիչ ունենք, դասվար է: Եթե իր հետ անձնական խնդիրներ ունեն, դա իրենց գործն է»:

Այս օրերին Դարանակի դպրոցի շենքում ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում և մարզպետարանի աջակցությամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:  Թարմացնում են պատերի ներկը: Դպրոցը ջեռուցվում է դիզվառելիքով, քանի որ բնակավայրերը գազիֆիկացված չեն:

Պարզաբանում ստանալու նպատակով խոսել ենք նաև Գեղարքունիքի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Գեղամ Չարվադարյանի հետ: Ասաց, որ տեղյակ է Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոցում ֆիզիկայի ուսուցչի թափուր հաստիքի մասին, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ ժամանակավոր փոխարինում է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին և խորությամբ իրավիճակին չի տիրապետում:

Գեղամ Չարվադարյանը տեղյակ չէր, որ դարանակցի ծնողները դժգոհ են դպրոցում կրթության որակից, ինչի պատճառով երեխաներին տեղափոխում են այլ դպրոցներ: «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ: Ամբողջությամբ չեմ տիրապետում իրավիճակին»,-հավելեց Գ. Չարվադարյանը:

Փորձեցինք զրուցել նաև դպրոցի պատճառով բնակավայրը փոխած ծնողների հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին: «Թող թշնամություն չլինի»,-ասաց ծնողներից մեկը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Գլխավոր լուսանկարում՝ Փամբակի դպրոցը

Մեկնաբանություններ (1)

Արուսիկ
Ես 12 տարի սովորել եմ Փամբակ_Դարանակի դպրոցում ,և ֆիզիկա առարկա չենք ուսումնասիրել ոչ մի անգամ։Իսկ օնլայն տարբերակով ոչինչ չենք ուղարկել Ֆիզմաթ _ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter