HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես մսխել ազգային ռեսուրսը. ոմանք Սեւանի մանրաձկով ձվածեղ են ուտում, մյուսները՝ դրանով «կերակրում» ճիճուներին

Նախորդ հոդվածում գրել էինք Սեւանա լճի ծաղկման գիտական հիմնավորումների եւ խնդրի լուծման համար անհրաժեշտ քայլերի մասին՝ ներկայացնելով ջրակենսաբան Գոռ Գեւորգյանի դիտարկումները: Այս անգամ զրուցել ենք ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ձկնաբան, կ.գ.թ. Տիգրան Վարդանյանի հետ, ով խնդրին նայում է իր ոլորտի՝ ձկնաբանության տեսանկյունից:

Այն, որ Սեւանի ծաղկման պատճառները համալիր են (մասնավորապես՝ լիճ թափվող կեղտաջրեր, որոնք բերում են մեծածավալ օրգանական եւ ոչ օրգանական նյութեր, ջրի մակարդակի իջեցում, լճի կենսապաշարների՝ ձկան ու խեցգետնի գերորս), գիտնականների կարծիքները չեն տարբերվում: 

Ձուկն ու խեցգետինը լճից կենսանյութ ֆիլտրելու միջոց են

Քանի որ ծաղկման պատճառների մեջ մեծ տեղ է գրավում լճում կուտակվող եւ ցիանոբակտերիաների բուռն զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծվող կենսանյութը, ձկներն ու խեցգետինը՝ որպես լճի սննդային շղթայի համեմատաբար վերին օղակներ, դառնում են այդ կենսանյութի «կուտակիչներ»: Այսինքն՝ երբ, օրինակ, ձուկը սնվում է ֆիտոպլանկտոնով (այդ թվում՝ ցիանոբակտերիաներով), զոոպլանկտոնով, հատակային անողնաշարավորներով եւ իր օրգանիզմում ձեւավորում է մարդու կողմից ուտելի բարձակարգ սպիտակուցներ, նպաստում է կենսանյութի դուրսբերմանը, երբ ինքն է որսի միջոցով հանվում լճից: Նույնը վերաբերում է խեցգետնին, որը ոչ միայն Սեւանի կողակի նման սնվում է դետրիտով՝ մահացած բույսերից, կենդանիներից կամ նրանց կենսագործունեության արգասիքներից առաջացած մասնիկներով, որոնց մեջ ապրում են միկրոօրգանիզմներ, այլեւ իր զրահի (արտաքին կմախքի) մեջ պարունակվող խիտինի սինթեզման համար օրգանական միացություններ է վերցնում ջրից:  

IMG_7140.JPG (1.83 MB)

«Որքան սպիտակուց հանենք լճից, այնքան օրգանական մաս ենք հանում, ինչը կարող է նպաստել Սեւանում օրգանական նյութի պակասեցմանը: Բայց որսը պետք է լինի բալանսավորված, կառավարելի»,- շեշտում է ձկնաբան Տիգրան Վարդանյանը: Հասկանալի է, որ գերորսի դեպքում էկոլոգիական հավասարակշռությունը խախտվում է՝ լճում շարունակում է կենսանյութ հավաքվել, բայց ձկան ու խեցգետնի նվազ, հյուծված պաշարների հետեւանքով այդ օրգանական զանգվածը լճից քիչ է դուրս բերվում:

Հարցին, թե արդյոք ձկներն ու խեցգետինը սնվում են նույն ցիանոբակտերիաներով (կապտականաչ ջրիմուռներով), որոնք թե՛ 1960-70-ականներին, թե՛ 2018-ից ի վեր առաջացնում են Սեւանի ծաղկում, գիտնականն ասում է, որ կողակը կարող է սնվել, իսկ խեցգետնի բերանային ապարատը դա թույլ չի տալիս, վերջինս օգտվում է նստվածքներից:

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, ցիանոբակտերիաները լինում են տոքսիկ եւ ոչ տոքսիկ: 2018 թ. Սեւանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ լճում ծաղկողներն արտադրում են թունավոր նյութեր, մասնավորապես՝ միկրոցիստին: Այս առումով հայ գիտնականները ներկայում սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ են անում, թե ինչպես կարող են տոքսիկ նյութերը ազդել ձկների օրգանիզմի վրա: Միաժամանակ ձկնաբանը դժվարանում է ասել, թե Սեւանի ծաղկումն ինքնին ինչպես է ազդում ձկան պաշարների վրա, քանի որ անձամբ որեւէ կապ չի նկատել:

Սեւանում այսօր 8 ձկնատեսակ կա, որոնցից 3-ը էնդեմիկ են

Գերորսի եւ ջրի մակարդակի արհեստական իջեցման ու գետերի աղտոտման հետեւանքով Սեւանի կենսապաշարների նվազումը լճի էկոլոգիական ամենացավոտ հարցերից է: Տ. Վարդանյանն ասում է, որ ներկայում այստեղ հանդիպում է 8 ձկնատեսակ (իշխան (լճի էնդեմիկ), Սեւանի կողակ (Կուրի կողակի էնդեմիկ ենթատեսակ է Հայաստանում), Սեւանի բեղաձուկ (լճի էնդեմիկ), սովորական սիգ, արծաթափայլ կարաս, ծածան, արեւելյան տառեխիկ, ամուրյան նրբաձկնիկ) եւ խեցգետնի 1 տեսակ (երկարաչանչ խեցգետին):

Սրանցից արեւելյան տառեխիկի եւ ամուրյան նրբաձկնիկի առկայությունը Սեւանում համապատասխանաբար 2010 եւ 2011 թթ. հայտնաբերել է հենց Վարդանյանը, ինչն էլ դարձել է նրա թեկնածուական ատենախոսության թեմա:

Իշխանը ժամանակին եղել է Սեւանի հիմնական ձկնատեսակը, սակայն ջրի մակարդակի իջեցման (1930-ականներից) եւ որսագողության հետեւանքով դրա պաշարները խիստ նվազել են: 1976-ին ԽՍՀՄ-ում արգելվել է իշխանի արդյունագործական որսը, իսկ 1978-ին, երբ այն ընդգրկվել է ԽՍՀՄ Կարմիր գրքի մեջ, առհասարակ որսն արգելվել է: Այժմ իշխանը Հայաստանի Կարմիր գրքում է, եւ որսն արգելված է: Ունի 4 ենթատեսակ՝ ամառային իշխան (բախտակ), գեղարքունի, ձմեռային իշխան (բախտակ), բոջակ: Վերջին երկուսը, որոնք ձվադրում էին միայն լճում նոյեմբեր-մարտ ամիսներին (այստեղից էլ առաջացել է ձմեռային իշխանի անունը), համարվում են անհետացած, ինչի պատճառ են դարձել ջրի մակարդակի իջեցումը (սրա հետեւանքով՝ լճում բնադրավայրերի ցամաքումը) եւ որսագողությունը: Ձմեռային բախտակը եղել է իշխանի ամենամեծ ենթատեսակը, իսկ բոջակը՝ ամենափոքրը: Մինչեւ 1970-ականները ձմեռայինի տարեկան որսը կազմել է 200-250 տ, իսկ բոջակինը՝ 100 տ: Ձմեռային իշխանի վերջին հավաստի որսը եղել է 1982-ին Մեծ Սեւանի հյուսիսարեւելյան ափերի մոտ, իսկ բոջակինը՝ 1986-ին: Ի տարբերություն բոջակի, որի արհեստական վերարտադրման փորձեր չեն կատարվել, 1970-80-ականներին նման փորձեր են արվել ձմեռային իշխանի բազմացման համար, սակայն դրանք ընդհատվել են, քանի որ սեռահասուն վայրի առանձնյակները վերացել են: 

Տիգրան Վարդանյանն ասում է, որ ձմեռային իշխանն ունակ էր հասնել մինչեւ 18-20 կգ-ի, այսինքն՝ աճի պոտենցիալ ունեցող ձուկ էր, բայց դրա համար նրան տարիներ էին պետք, այնինչ գերորսի պատճառով աճն արգելակվել է: Ըստ «Սեւան» ազգային պարկի պաշտոնական կայքի՝ ժամանակին նույնիսկ հանդիպել են 15-16 տարեկան, մինչեւ 1 մ երկարությամբ եւ 16-24 կգ քաշով իշխաններ: 

Ներկայում գոյություն ունեցող ամառային իշխանը ձվադրում է ապրիլ-հունիս ամիսներին (այստեղից էլ՝ անունը) հիմնականում լիճ թափվող գետերում, մասամբ՝ լճում: Գեղարքունին ձվադրում է գետերում հոկտեմբեր-հունվարին: Մեր զրուցակից ձկնաբանը նշում է, որ իր տեսած ամենամեծ իշխանը եղել է 3 տարի առաջ որսված 9,5 կգ-ոց առանձնյակ: Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի չափանիշներով թե՛ ամառային իշխանը, թե՛ գեղարքունին համարվում են կրիտիկական վիճակում գտնվող: Դրանց արհեստական վերատադրությունը շարունակվում է մինչ օրս, ինչին կանդրադառնանք ստորեւ: Հայաստանից դուրս իշխանը հանդիպում է միայն Ղրղըզստանի Իսիկ Կուլ լճում, որտեղ դեռ խորհրդային տարիներին կլիմայավարժեցվել է գեղարքունի ենթատեսակը:

Սեւանի կողակը Կուրի կողակի ենթատեսակ է, որը Հայաստանի էնդեմիկ է, մեր երկրում տարածված է հատկապես Սեւանա լճում: «Սեւան» ազգային պարկի կայքում նշվում է, որ մինչեւ 1930-ականներին լճի մակարդակի իջեցումը կողակը կազմել է Սեւանի ձկան ընդհանուր որսի 40 տոկոսը, իսկ իշխանը՝ 50: Արդեն 1965-ին կողակի բաժինը կրճատվել էր մինչեւ 32 տոկոս, իսկ իշխանինը՝ 27,5: Իշխանի նման կողակի բազմացման ու պաշարների վրա եւս ազդել են Սեւանի ու դրա մեջ թափվող գետերի էկոլոգիական խնդիրները, քանի որ այս ձուկը հունիս-հուլիս ամիսներին ձվադրում է եւ՛ լճում, եւ գետերում: Ըստ Հայաստանի Կարմիր գրքի տվյալների՝ Սեւանի կողակի գետային ձեւը պահպանվել է միայն լճի մեջ թափվող Արգիճի գետի միջին հոսանքում: Ձկան պաշարների վրա բացասական հետք է թողել նաեւ որսագողությունը:

Սեւանի կողակի արդյունագործական որսը նախկինում տարեկան հասել է 300-500 տոննայի, սակայն 1995-ից որսն ընդհանրապես արգելված է, ենթատեսակն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափանիշներով Սեւանի կողակն այսօր գտնվում է խոցելի վիճակում: Հայաստանից դուրս նախկինում փորձեր են արվել այն կլիմայավարժեցնել Վրաստանի եւ Ռուսաստանի ջրավազաններում:

Ինչպես վերեւում ասվեց, Սեւանի կողակը սնվում է ջրիմուռներով ու դետրիտով, ինչպես նաեւ բենթոսով՝ հատակային օրգանիզմներով: Սեւանի ծաղկման դեմ պայքարում այս ձկան դերը դժվար է գերագնահատել:  

Սեւանի բեղաձուկը եւս Հայաստանի էնդեմիկ է, որը հանդիպում է միայն Սեւանա լճի ավազանում: Ըստ Հայաստանի Կարմիր գրքի, որում ընդգրկված է ձկնատեսակը, նախկինում Սեւանի բեղաձուկն ունեցել է արդյունագործական նշանակություն, տարեկան որսի ծավալը հասել է 20-25 տոննայի:

Լճում եւ դրա մեջ թափվող գետերում հունիս-օգոստոսին ձվադրող այս ձկան պաշարների վրա եւս ազդել են ջրի մակարդակի իջեցումը, գետերի աղտոտումը, որսագողությունը: Լճից դուրս գործնականում պահպանվել է միայն Արգիճիի միջին հոսանքում: 1981-ից որսն արգելված է: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափանիշներով Սեւանի բեղաձուկը ներկայում գտնվում է խոցելի վիճակում:   

Իր պաշարներով Սեւանա լճի թիվ մեկ ձկնատեսակն այսօր սովորական սիգն է, որի 2 ենթատեսակ ռուս գիտնական Դերժավինի կողմից այստեղ է բերվել 1924 թ. Ռուսաստանի Չուդ եւ Լադոգա լճերից: Ձկնաբան Տիգրան Վարդանյանն ասում է, թե պատճառն այն էր, որ Սեւանում էնդեմիկ տեսակների կողմից չօգտագործվող զոոպլանկտոն կար, ինչի հիման վրա Դերժավինն առաջարկել է այստեղ կլիմայավարժեցնել սիգ, որը կսնվի դրանով: Արդեն 1965-ին Սեւանից որսվող ձկնատեսակների մեջ սիգը զբաղեցնում էր առաջին տեղը (40 տոկոս), հետագա տարիներին եւս այն եղել է Սեւանի արդյունագործական գլխավոր ձկնատեսակը: Ըստ «Սեւան» ազգային պարկի կայքի՝ 1970-ականներին սիգի արդյունագործական կենսազանգվածը հասել է 12.000-13.000 տոննայի, իսկ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Սեւանում սիգի պաշարները հասել են առավելագույն քանակի՝ 16.000-18.000 տ: Ձկնատեսակի վրա մեծ ազդեցություն են թողել գերորսը եւ որսամիջոցները, որոնց պատճառով, ըստ ազգային պարկի տեղեկատվության, սիգի պոպուլյացիան ոչ միայն նվազել է, այլեւ մանրացել, քանի որ եթե նախկինում հիմնականում օգտագործվել են համեմատաբար խոշոր անցքեր ունեցող (45 մմ եւ ավելի) ցանցեր, ներկայում առավելապես օգտագործվում են մանր անցքերով ցանցեր (40 մմ եւ ցածր), հետեւաբար, որսվում են ավելի մանր չափի ձկներ:

Տիգրան Վարդանյանն ասում է, որ Սեւանում իր հանդիպած ամենամեծ սիգը եղել է 6,3 կգ-ոց առանձնյակ, որը տեսել է անցյալ տարի: Միաժամանակ գիտնականը ցավով է նշում, որ հիմա ցանցի մեջ են հայտնվում նույնիսկ 50 գ քաշով ձկները:

Ինչ վերաբերում է Սեւանի մյուս ձկնատեսակներին, ապա 1980-ականներին, ըստ Վարդանյանի, Արարատյան դաշտի ջրավազաններից անհայտ հանգամանքներում լիճ են ներմուծվել արծաթափայլ կարասն ու ծածանը: Ինվազիվ տեսակ է նաեւ երկարաչանչ խեցգետինը, որը, ըստ ազգային պարկի տվյալների, լճում առաջին անգամ հայտնաբերվել է 1970-ականների վերջին: Ընդ որում՝ լիճ թափվող գետերում խեցգետին չի հանդիպել, փոխարենն այն շատ է Սեւանից դուրս եկող Հրազդան գետում:  

Ինչ պատասխանատվություն պետք է կրեն ապօրինի ձկնորսությամբ զբաղվողները

Սեւանի ձկնատեսակներից չի թույլատրվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված իշխանի, Սեւանի կողակի, Սեւանի բեղաձկան որսը:

Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 2-3 ամիս կալանք է նախատեսված ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու դեպքում, եթե այդ արարքները 1. խոշոր վնաս են պատճառել (խոշոր վնաս է համարվում 200.000 դրամը գերազանցող գումարը), 2. կատարվել են դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ, 3.կատարվել են ձվադրման վայրերում կամ միգրացիայի ուղիներում կամ ձվադրման ընթացքում: Նույն արարքները, որոնք կատարվել են 1. պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում են 600.000-1.000.000 դրամ կամ առավելագույնը 2 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

ՔՕ 295-րդ հոդվածն էլ սահմանում է, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերը ոչնչացնելը, ինչը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այդ օրգանիզմների ամբողջական պոպուլյացիաների բնաջնջում (մահ), պատժվում է 200.000-600.000 դրամ տուգանքով կամ առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ:

IMG_7081.JPG (1.05 MB)

Եթե ապօրինի ձկնորսությունը չի համապատասխանում Քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշներին եւ, հետեւաբար, հանցանք չէ, ապա այն տեղավորվում է վարչական իրավախախտման սահմաններում, որի տուգանքները ներկայացված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Կախված խախտման բնույթից՝ օրենսգրքով նշանակված է տուգանք՝ 50.000-ից մինչեւ 250.000 դրամ՝ զենքի, որսամիջոցների եւ որսի բռնագրավմամբ, ինչպես նաեւ որսորդությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով:

Բացի քրեական ու վարչական պատասխանատվությունից՝ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքը սահմանում է, որ, մասնավորապես, ամառային իշխանի եւ գեղարքունու յուրաքանչյուր որսված առանձնյակի (անկախ դրա տարիքից) դիմաց անձը պարտավոր է փոխհատուցել 50.000-ական դրամ, Սեւանի կողակի դիմաց՝ 10.000, իսկ Սեւանի բեղաձկան դեպքում՝ 25.000 դրամ:

Կառավարությունը կենսապաշարների որսի նոր կարգավորումներ է մտցրել

2019 թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը սահմանելու մասին: Որոշումը որոշ ձեւափոխությունների է ենթարկվել այս տարվա հունիսին: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները պետք է իրականացնեն Սեւանի ձկան եւ խեցգետնի պաշարների ուսումնասիրություն՝ սիգի, կարասի եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակները որոշելու, ինչպես նաեւ իշխանի, կողակի ու բեղաձկան եւ այլ տեսակների մասին տվյալներ հավաքագրելու համար:

Այս առումով ձկնաբան Տիգրան Վարդանյանը նկատում է, որ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն անցյալ տարի պետության աջակցությամբ նորվեգական արտադրության ձայնախորաչափ (էխոլոտ) է գնել, որպեսզի հստակ գնահատվեն ձկնապաշարները: Ըստ գիտնականի՝ իրենք նախկինում աշխատել են կորեական արտադրության մեկ այլ սարքով, որը հին էր եւ ճշգրտությունը թույլ էր, սակայն հայ մասնագետներն իրենց մշակած մեթոդաբանությամբ կարողացել են հնարավորինս հավաստի տվյալներ ստանալ, ինչն ապացուցվել է ռուս գործընկերների ստուգիչ չափումներով, որոնց արդյունքները համընկել են հայ գիտնականների ստացած տվյալներին:

Կառավարության որոշումը նաեւ ամրագրում է, որ Սեւանա լճի մասին տարեկան ծրագրերում սահմանվելու են որսի առավելագույն չափաքանակները, որսի եւ ձկնորսների հետ կնքվող պայմանագրերի ժամկետները, որսի համար թույլատրելի ձկան ու խեցգետնի չափսերն ու քաշը, որսամիջոցները, ինչպես նաեւ որսի համար լիճ մտնող լողամիջոցների մուտքի եւ ելքի տեղամասերը:

Այս որոշման հիման վրա կառավարությունը հունիսին փոփոխություն է կատարել Սեւանա լճի մասին 2020 թ. տարեկան ծրագրում, որն ընդունվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերին: Ըստ այդմ՝ տարեկան ծրագրում ամրագրվել է, որ այս տարի Սեւանում թույլատրվում է միայն սիգի, կարասի ու խեցգետնի որս: Վերջին երկուսի համար առավելագույն չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի դեպքում որոշվել է 200 տ: Սիգ թույլատրվում է որսալ Մեծ Սեւանի տարածքում՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա, ձուկը պետք է լինի նվազագույնը 500 գրամ: Քանի որ սիգը ձվադրում է դեկտեմբեր-հունվար ամիսներին, իսկ իշխանը (տվյալ դեպքում՝ գեղարքունին)՝ հոկտեմբեր-հունվարին, այս տարի Սեւանում կենդանական պաշարների որսը թույլատրվել է մարտից մինչեւ հոկտեմբեր: Ցանցերի անցքերի չափը 40 մմ-ից փոքր չպետք է լինի, իսկ լողամիջոցները լիճ կարող են մտնել եւ դուրս գալ միայն նախանշված 17 տեղամասերից օրվա լուսային ժամերին (տես վերեւի նկարում):   

Անխնա որսը խիստ վնասում է վերարտադրողական աշխատանքներին

Ձկնաբան Տիգրան Վարդանյանն ասում է, որ անհրաժեշտ է առնվազն 4-5 տարով իրապես արգելել Կարմիր գրքում գրանցված իշխանի, Սեւանի կողակի ու Սեւանի բեղաձկան որսը, քանի որ ներկայում նույն սիգի կամ կարասի անվան տակ բոլորն էլ որսվում են: Ըստ գիտնականի՝ պետք է թողնել, որ մի քանի տարի շարունակ լճում ձեւավորվի էնդեմիկ տեսակների սեռահասուն առանձնյակների որոշակի պաշար, ինչից հետո պետք է այն գնահատել, ու ըստ այդմ կարելի է եւ մտածել նույն իշխանի արդյունագործական որսի քիչ քանակի մասին:

Վարդանյանը ոչ միայն գիտնական է, այլեւ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանի ղեկավարը: Այս ընկերությունը եւ «Սեւան Ակվա» ՓԲԸ-ն ստեղծվել են Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից 2014 եւ 2015 թթ. համապատասխանաբար: Մինչ այդ պետությունը Սեւան բաց թողնելու համար մանրաձուկ էր ձեռք բերում հիմնականում Արարատյան դաշտում գործող մասնավոր ձկնաբուծարաններից, իսկ այժմ այդ առաքելությունը ստանձնել են հենց պետական կազմակերպությունները: «Սեւանի իշխանի» տնտեսությունը գտնվում է Գեղարքունիքի Կարճաղբյուր համայնքում:

«Մենք սելեկցիոն աշխատանք ենք տանում, որ իշխանի գեները մաքրվեն, որպեսզի ունենանք իսկական իշխան, ինչպես նախկինում եղել է,- ասում է Տ. Վարդանյանը՝ պարզաբանելով, որ ժամանակին արհեստական պայմաններում իշխան բուծելիս որոշ կոպիտ սխալներ են եղել, օրինակ՝ դրան կարմրախայտի գեն է խառնվել:- Մայրական կազմից ստանում ենք ձկնկիթ, այն դարձնում մանրաձուկ եւ ամեն տարի բաց թողնում էկոհամակարգ: Ձկնկիթը վերցնելուց հետո մայրական կազմն այլեւս մեզ պետք չէ, եւ այդ ձկները գնում են արտադրական նպատակի: Ինբրիդինգից (ներազգակցական խաչասերում - «Հետք») խուսափելու համար ցանկալի չէ, որ ձկնկիթը լինի նույն ծնողական կազմից»: Իր հերթին «Սեւան Ակվա» ՓԲԸ-ն զբաղվում է լճի ներսում՝ ցանցավանդակային տնտեսությունում, իշխանի ապրանքային ձկան եւ մայրական կազմի պահմամբ:

«Այս պահին լճում անխտիր որսվում են բոլոր ձկնատեսակները, անգամ նրանք, որոնք մեր կողմից բաց են թողնվում: Հարակից համայնքների բնակիչների կողմից անխնա ոչնչացվում է նույնիսկ 3 կամ 5 գրամ քաշով մանրաձուկը: Ոմանք այդ մանրաձուկը պահում են իրենց ավազանններում, որոշները, ասում են, դրանով համեղ ձվածեղ են անում: Մենք պետության միջոցներով, ջանք չխնայելով, շաբաթ-կիրակի չունենալով, արտադրում ենք, պաշարն ենք ավելացնում, իսկ այդ մարդիկ ոչնչացնում են»,- վրդովված ասում է Տ. Վարդանյանը՝ շեշտելով, որ այս հարցում անհրաժեշտ է պետության լուրջ դերակատարությունը:

«Ինձ համար ընդունելի չէ այն, որ ասում են, թե հնարավոր չէ գնալ Սեւան ու ձկնորսի հետ կոնսենսուսի գալ, հարցին լուծում տալ: Եթե դու այլընտրանք ես առաջարկում ընտանիք պահելու խնդիր ունեցող ձկնորսին, կա լուծում: Սիգն ամբողջ աշխարհում առաջին թանկ ձկնատեսակներից է: Եթե Հայաստանում դրանից շատ ունենք, դա չի նշանակում, որ կարող ենք վարվել դրա հետ այնպես, ինչպես ուզենք: Այս ձուկն ունի ոչ միայն ռազմավարական նշանակություն, այլեւ տնտեսական զարգացման մեծ դեր՝ ներքին կամ արտաքին շուկայում սիգի վաճառքից պետությունը մեծ օգուտ կարող է ստանալ»,- նշում է «Հետքի» զրուցակիցը՝ հավելելով, որ նույն ձկնորսներին կարելի է ներգրավել պետության կողմից կազմակերպվելիք որսի մեջ, այսինքն՝ այդ մարդիկ կունենան աշխատատեղ եւ որսագողությամբ չեն զբաղվի:

Որպես իր խոսքերի ապացույց՝ Վարդանյանը մեզ ուղեկցում է Սեւան-Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղու Նորատուս գյուղի հատված, որտեղ ճանապարհն անցնում է Գավառագետի կամրջով (տես վերեւում): Կամրջի տակ իսկական գարշահոտություն է՝ իրար են խառնված տիղմի, կեղտաջրի ու նեխող կենդանական մնացորդի անտանելի հոտերը: Ձկնաբանը ցույց է տալիս կամրջի տակ թափված պարկերը, որոնց մեջ ոչ մեծ չափի ձկներ են: Չկարողանալով իրացնել արդյունագործական չափի չհասած ձուկը՝ անբարեխիղճ ձկնորսները այն նետել են իբր աչքից հեռու՝ կամրջի տակ, որտեղ նեխող ձուկը դառնում է ճիճուների եւ որդերի կեր:

IMG_7109.JPG (2.28 MB)

Տ. Վարդանյանն ասում է, որ Գավառագետը Սեւան թափվող գետերի մեջ ամենաաղտոտվածներից է. այն բերում է ոչ միայն բնակավայրերի կոյուղաջրերն ու մնացած կեղտաջրերը, այլեւ փաստացի աղբատար է դարձել: Գետերի աղտոտվածությունն է պատճառը, որ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն արտադրած մանրաձուկը բաց է թողնում միայն Մասրիկ եւ Կարճաղբյուր (Մաքենիս) գետերում, որոնք մյուսներից համեմատաբար մաքուր են:  

Գիտնականը որպես տարբերակ առաջարկում է նստեցման ավազաններ պատրաստել գետերի վրա

Տիգրան Վարդանյանն ասում է, որ նախ անհրաժեշտ է կոնկրետ հաշվարկներ անել ու հասկանալ, թե գետերի միջոցով կամ վարարումների ընթացքում որքան եւ ինչ տիպի օրգանական ու անօրգանական տարրեր են մտնում Սեւանա լիճ:

«Առաջին հերթին պետք է գույքագրել լիճ մտնող նյութի հետ կապված խնդիրները: Գուցե որոշ կառույցներ ունեն այդ տվյալները, դրանք պետք է հավաքել, գույքագրել ու մշակել թիրախային լուծում ամեն խնդրի համար: Այսինքն՝ գյուղատնտեսությունից, մարդկանց միջոցով, հասարակական սննդի օբյեկտներից ինչ նյութեր են անցնում լիճ, ինչ քանակի, դրանց մուտքի ժամանակը, ուղղությունը: Ըստ այդմ՝ պետք է որոշել, օրինակ, մաքրման կայանների կառուցման նպատակահարմարությունը,- նշում է մեր զրուցակիցն ու բերում իր առաջարկը,- կարելի է փորձնական գետ վերցնել, օրինակ՝ Գավառագետը, դրա վրա նստեցման լճակներ կամ ավազաններ պատրաստել: Սեւանում ափեր կան, որտեղ 1 մ բարձրությամբ տարաներ ու ցանցեր են կուտակված: Դրանց մուտքը գետերի միջոցով է: Նստեցման լճակներում կկուտակվեն ոչ միայն այդ առարկաները, այլեւ օրգանական նյութի մեծ քանակության պայմաններում կձեւավորվեն մակրոֆիտային օրգանիզմներ, որոնք ջրային բարձրակարգ բույսեր են, դրանք կվերցնեն գետով եկող օրգանական նյութը՝ ձեւավորելով իրենց ցողուններն ու տերեւները, որոնք հետո կարելի է մաքրել, չորացնել ու ստանալ օրգանական պարարտանյութ: Այդ ամբողջը ազոտ ու ֆոսֆոր է»:

Ձկնաբանը շեշտում է, որ Սեւանի վերաբերյալ կոնկրետ գործողություններ անելուց առաջ անպայման պետք է լսել գիտնականներին ու մասնագետներին:

l-PwJNbfXnZc.jpg (1.84 MB)

Հուլիսի 21-ին՝ Սեւանում ցիանոբակտերիաների կամ կապտականաչ ջրիմուռների ծաղկման շրջանում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդեց, թե մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը: «2019-ին մեկնարկած Սեւանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք»,- հայտարարեց ՇՄՆ-ն՝ հավելելով որ դրան զուգահեռ սկսվել են լճի ափամերձ հատվածներում 1901,5 մ նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները։ Ըստ ՇՄՆ-ի՝ իր կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ ընտրվել են երեքը՝ 1. Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում, 2. ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիա, 3. Սեւանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։

Օգոստոսի 10-ին նախարարությունը հայտնեց, որ այս տարի ծրագրվում է մաքրել եւս 270 հա ափամերձ անտառաշերտ, որից արդեն մաքրվել է մոտ 50-ը, իսկ 1905 մ-ից ցածր գոտում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակը շուրջ 3800 է, որոնք բոլորը ենթակա են ապամոնտաժման եւ քանդման։

«Ես չունեմ մտավախություն, թե Սեւանը հնարավոր չէ վերականգնել: Լիճն այնքան պոտենցիալ ունի, որ, կարծում եմ, կարող է ինքնավերականգնվել, բայց դա չի նշանակում, թե մենք գործնական քայլեր չպետք է անենք: Մեր հիմնական խնդիրը համայնքներից գետերով լիճ մտնող օրգանական նյութերի կանխումն է»,- ասում է գիտնական Տիգրան Վարդանյանը:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի, համացանցի բաց աղբյուրներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter