HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորները չեն կարողանում իրացնել կենսաթոշակ ստանալու իրավունքը

Կենսաթոշակի անցնող դատավորները վարչական դատարանում հայցեր են ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Սոցիալական ծառայության դեմ: Սահմանադրական դատարանը 2019թ․-ին հակասահմանադրական է ճանաչել օրենքի՝ դատավորներին վերաբերող դրույթները, և մինչ օրս չկա դատավորին կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ գործող իրավական նորմ:

2018-2020թթ. ընթացքում կենսաթոշակի վերահաշվարկ կատարել պարտավորեցնելու պահանջով ՀՀ վարչական դատարան է դիմել 24 դատավոր: Իսկ 7 դատավոր դատարանի միջոցուվ է փորձում պաշտպանել թոշակ ստանալու իր իրավունքը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա Սոցիալական ծառայության կողմից դատավորներին վճարվել է շուրջ 29 մլն 897 հազար դրամ կենսաթոշակի լրավճար գումար:

Լարիսա Սոսյանն այն դատավորներից մեկն է, ով կենսաթոշակի վերահաշվարկի պահանջով դիմել է դատարան: Նա 01.12.2010թ-ից մինչև 06.04.2012թ. աշխատել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնում, ապա պաշտոնավորման տարիքը լրանալու կապակցությամբ, Հանրապետության նախագահի հրամանագրով, դադարեցվել են նրա լիազորությունները:

Լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ Լարիսա Սոսյանի ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 315 հազար 600 դրամ, որից 572 հազարը դրույքաչափն է, իսկ 743 հազար 600 դրամը՝ հավելավճարը: Կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար արդեն նախկին դատավորը դիմում է ներկայացրել Սոցիալական ապահովության պետական ծառայության համապատասխան տարածքային բաժին, որի արդյունքում 2012թ. ապրիլ ամսից իրեն նշանակվել է կենսաթոշակ՝ 572 հազար դրամի չափով:

Գտնելով, որ կենսաթոշակի չափը հաշվարկվել է սխալ, Լ. Սոսյանը դիմել է Սոցիալական ապահովության ծառայություն՝ խնդրելով կատարել 2014թ. հուլիսի 1-ից տրված կենսաթոշակի վերահաշվարկ: Հղում կատարելով մի շարք իրավական ակտերին՝ նրա հաշվարկներով պետք է թոշակը տրվեր ոչ թե 572 հազար դրամի  չափով, այլ՝ 651 հազար 222 դրամի: Պահանջել է, որպես հետևանք, վերադարձնել 2014թ. հուլիսի 1-ից պակաս վճարված կենսաթոշակի գումարը:

Սոցիալական ապահովության ծառայությունը մերժել է պահանջը, ինչից հետո Լարիսա Սոսյանը դիմել է Վարչական դատարան: Գործի քննության ընթացքում նախկին դատավորը փաստել է, որ Սոցիալական ապահովության ծառայությունն իր իրավական վիճակը բարելավող օրենքի պահանջով չի առաջնորդվել:

Վարչական դատարանը 2019թ. դեկտեմբերի 17-ին ամբողջությամբ բավարարել է նախկին դատավոր Լարիսա Մոսյանի հայցադիմումը: Սոցիալական ապահովության ծառայությունը և Ֆինանսների նախարարությունը բողոքարկել են Վարչական դատարանի վճիռը: Վերաքննիչ վարչական դատարանում նշանակվել է դատական նիստ, որը կայանալու է սեպտեմբերի 14-ին:

Կառավարությունում դեռ քննարկում են օրենքի նախագիծը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ 2014թ. հուլիսի 1-ից գործող «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով են սահմանվել դատավորի կենսաթոշակի անցնելու պայմանները: Ըստ այդմ՝ կենսաթոշակի իրավունք ուներ դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են 65 տարին լրանալու հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով:

Նախարարությունը նշում է, որ նշված օրենքի «Անցումային դրույթների» համաձայն՝ վերը նշված կենսաթոշակի անցնելու պայմանները չէր տարածվում այն անձանց վրա, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (01.07.2014թ.) առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում:

Դատավորների 65 տարին լրանալու, օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում էր այլ կերպ:

Մասնավորապես՝ հաշվարկվում էր դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014թ. հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և 0,9 ն գործակցի արտադրյալի 55 %-ի չափով: Այս կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չէր կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014թ. հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 %-ը։

Այսպիսով՝ օրենքը սահմանում էր կենսաթոշակի չափը հաշվարկելու երկու կարգ. մի դեպքում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը 10 տարի դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց համար (առաջին խումբ), մյուս դեպքում՝ դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց համար, որոնց պաշտոնավարման 10 տարին լրացել է արդեն  01.07.2014թ.-ից հետո (երկրորդ խումբ): Առաջին խմբի լիազորությունները սահմանված կարգով դադարեցված դատավորների համար կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք էր վերցվում մինչև 2014թ. հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը), իսկ երկրորդ խմբի համար արդեն նշված բանաձևը:

Տարբերակված մոտեցումը, որը երբեմն ի վնաս դատավորների է եղել, անհամաձայնություն է առաջացրել թոշակի անցած դատավորների մոտ: Նրանք՝ կենսաթոշակը հաշվարկելիս վերջին ամսվա աշխատավարձերը հիմք ընդունելուն և կենսաթոշակի վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումներ են ներկայացրել Վարչական դատարան։

ՀՀ վարչական դատարանի կողմից օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Վերջինս 16.09.2016թ. կայացվել է ՍԴՈ-1302 որոշումը, ըստ որի՝ ՍԴ-ն խնդրո առարկա իրավակարգավորումը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել իր իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Սահմանադրական դատարանի կողմից նշված իրավական դիրքորոշումը և օրենքի իրավակարգավորումը կիրառելով՝ Վարչական դատարանը կայացրել է դատական ակտեր՝ ամբողջությամբ բավարարելով դատավորների պահանջները: Արդեն 12 հայցով դատական ակտերը ստացել են օրինական ուժ:

Ելնելով առկա իրավիճակից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-101-Ն ՀՀ օրենքով (օրենքը ուժի մեջ է մտել 18.07.2019թ.) կատարվել են փոփոխություններ: Սահմանվել է, որ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին 2014թ. հուլիսի 1-ից հետո սահմանված կարգով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նշանակելու օրվանից՝ հաշվի առնելով որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարը)։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Նախարարությունից հայտնում են, որ օրենքի կիրարկումն ապահովելու համար շահառուներին տեղեկացվել է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի) վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին, որից հետո վերահաշվարկվել են նրանց կենսաթոշակները:

Հարկ է նշել, որ վերոնշյալ փոփոխությունից հետո ոչ բոլոր դատավորների կենսաթոշակի չափն է փոփոխվել, քանի որ կիրառվել է օրենքի այն դրույթը, որով նախատեսվում է՝ «Սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը»:

Այդ է պատճառը, որ այս տարվա օգոստոսի 5-ի դրությամբ Վարչական և Վարչական վերաքննիչ դատարաններում է գտնվում 11 հայցով դատական գործ՝ կենսաթոշակի վերահաշվարկման պահանջով: Դատական պաշտպանության են դիմել այն դատավորները, որոնց նկատմամբ կիրառվել է պաշտոնային դրույքաչափի 92 %-ի սահմանափակումը:

Մինչև օրենքում փոփոխություն կատարելը, Վարչական դատարանի կողմից Սահմանադրական դատարանի քննարկմանն է ներկայացվել այս անգամ «առնվազն 10 տարի» ձևակերպման մասով Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Մասնավորապես, Վարչական դատարանը ՍԴ-ի քննարկմանն է ներկայացրել հետևյալ հարցադրումը. արդյո՞ք  մինչև  01.07.2014թ. դատավորի պաշտոն ստանձնած, առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած և 01.07.2014թ.-ից հետո կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած դատավորների համար կենսաթոշակի հաշվարկման տարբեր մեթոդներ սահմանելը համապատասխանում է Սահմանադրությամբ երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքին:

Սահմանադրական դատարանը 18.06.2019թ. կայացրել է թիվ ՍԴՈ-1463 որոշումը: ՍԴ-ն, հանգելով այն եզրակացության, որ օրենքով դատավորների անկախության համարժեք սոցիալական երաշխիքներ չեն ապահովվում, վերանայել է նախկինում կայացրած իր ՍԴՈ-1302 որոշումը, և հակասահմանադրական են ճանաչվել օրենքի մի շարք դրույթներ:

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2019թ. հոկտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու իր որոշման պահանջներին: Ըստ այդմ՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթները ուժը կորցրել են 30.10.2019թ.:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Սահմանադրական դատարանի վերոհիշյալ  որոշման կատարման նպատակով Կառավարության կողմից նախաձեռնվել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց, որը դեռևս գտնվում է քննարկման փուլում:

«Առկա իրավիճակում հատկանշական է նաև այն կարևոր հանգամանքը, որ ներկայում չունենք դատավորին կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ գործող իրավական նորմ, հաշվի առնելով, որ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթները 30.10.2019 ուժը կորցրել են»,- նշում է նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ ներկայում օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործող բանաձևի կիրառմամբ նույնպես հնարավոր չէ նշանակել կենսաթոշակ, քանի որ ՍԴՈ-1463 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նույն հոդվածի դատավորներին վերաբերող մասը, այն է՝ «…մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

«Ըստ էության, ներկայում դատավորները չեն կարողանում իրացնել սահմանադրորեն իրենց վերապահված կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ իրավական նորմի բացակայության պատճառով, ինչի արդյունքում 7 դատավոր կրկին դիմել է դատական պաշտպանության՝ դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը իրացնելու նպատակով»,- ասում է Ս. Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter