
Կապանի համայնքապետը 447 մլն դրամի պայմանագիր է կնքել հորը պատկանող ընկերության հետ
Կապանի համայնքապետարանը 2020 թ.-ին հայտարարված գնումների մրցույթներից չորսով հաղթող է ճանաչել Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը պատկանում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ընտանիքին: Համայնքապետարանը 2020 թ.-ին Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 447 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ հայտարարված 4 մրցույթների համար:
Ընկերությունը Կապանում պետք է իրականացնի հետևյալ շինարարական աշխատանքները ՝
- փոսային նորոգման աշխատանքներ, որի արժեքը 3 մլն100 հազար դրամ է,
- ճանապարհների, բակերի, մայթերի վերանորոգման աշխատանքներ, որի արժեքը 213 մլն դրամ է,
- Կապան քաղաքի Ռ.Մինասյան, Կավարտ տանող ճանապարհի նորոգման աշխատանքներ, որի արժեքը մոտ 10 մլն դրամ է,
- Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում, որի արժեքը 221 մլն 450 հազար դրամ է:
Հատկանշական է, որ համայնքի ղեկավարի հոր ընկերությունը նշված մրցույթների միակ մասնակիցն է եղել, մինչդեռ համայնքապետարանի այլ գնումներով հայտարարված մրցույթներում մի քանի հայտատու է գրանցվել:
Կապանի «Նորոգշին» ընկերությունը մասնակցել է նաև Կապանի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների համար համայնքապետարանի հայտարարած մրցույթին և դարձյալ միակ մասնակիցն է: Հայտը գտնվում է գնահատման փուլում, սակայն դատելով համայնքապետարանի որդեգրած աշխատաոճից, հաղթող է ճանաչվելու Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն: Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստության (ՆՈՒՀ) վերանորոգման աշխատանքների համար ընկերությունը մոտ 180 մլն դրամի հայտ է ներկայացրել:
Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն պետք է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն ներկայացներ Ֆինանսների նախարարության www.procurement.am կայքում: Քանի որ կայքի փնտրման համակարգը չի աշխատում, չենք կարող ասել՝ նման հայտարարություն ներկայացրե՞լ է, թե՝ ոչ: Չներկայացնելն ըկերությանը չի ազատում շահերի բախման փաստը թաքցնելու պատասխանատվությունից, բայց Գևորգ Փարսյանն այդպես չի մտածում: «Մենք շահերի բախում չունենք այդ առումով»,- հայտնեց նա:
Մեր հարցին, երբ Ձեր հոր ընկերությունը, Ձեր ղեկավարած համայնքում մասնակցում է հայտարարված մրցույթին և հաղթում է, շահերի բախում չե՞ք տեսնում այստեղ: «Բայց ինչո՞ւ պիտի շահերի բախում համարվի: Չէ, ո՞նց կարող է, բաց, էլեկտրոնային մրցույթ է, ցանկացած կազմակերպություն կարող է մասնակցել, որտե՞ղ է արգելված: Ես չեմ հանդիսանում այդ կազմակերպության շահառուն և փոխկապակցվածությունը չկա, օրենքի առումով խնդիր չունենք»,-ասաց մասնագիտությամբ իրավաբան համայնքի ղեկավարը:
Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն մասնակցել է նաև Կապանի համայնքապետարանի 2019թ. հայտարարված գնումների մրցույթներին: Ի տարբերություն այս տարվա, երբ շահած մրցույթների մեծ մասում նա միակ մասնակիցն է եղել, նախորդ տարում նրանց ներկայացրած բոլոր հայտերը մրցակիցներ են ունեցել: Մեկ հայտով մինչև 8 ընկերություն է մրցույթին մասնակցել: Չենք կարող ասել, թե անցյալ տարի համայնքապետ որդին դրանցից քանիսն է շնորհել հորը, քանի որ Կապանի համայնքապետարանը պայմանագրերը չի հրապարակում https://armeps.am կայքում: Գ. Փարսյանն ասում է, որ ստույգ չի հիշում, բայց կարծես մի մրցույթում է հաղթող ճանաչվել:
Գևորգ Փարսյանը Կապանի համայնքապետ ընտրվեց 2018թ. հոկտեմբերի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններով: 2018թ. հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով նախկին համայնքապետը հրաժարական տվեց և ընտրվեց Գ. Փարսյանը: Ինքնակենսագրականում նորընտիր համայնքի ղեկավարը ներկայացրել էր, որ «Ռազ-բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, աշխատել է նաև Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ում: Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, 2018թ. նոյեմբերին նա «Ռազ-բիլդինգ» ՍՊԸ-ում իր ունեցած 100% բաժնեմասը փոխանցել է այլ անձի:
Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն, որը պատականում է նրա հորը՝ Ռազմիկ Փարսյանին, հիմնվել է 2008թ.-ին, և վերջինս մինչ օրս հանդիսանում է ընկերության 100% բաժնեմասի տերը: Ընկերությունն զբաղվում է շինարարական աշխատանքներով: Հայր և որդի գրանցված են նույն հասցեում և որպես ընտանիքի անդամներ, ամեն տարի պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց եկամուտների մասին: Ռազմիկ Փարսյանը 2019թ.-ին ներկայացրած հայտարարագրով, որը վերաբերում է 2018-ի ֆինանսական եւ գույքային վիճակին, 223 մլն դրամ շահաբաժին էր հայտարարագրել, իսկ 2019-ի համար հայտարարագիր չի ներկայացրել:
Գևորգ Փարսյանն ասում է, որ հայրը հայտարարագիր չպետք է ներկայացներ: «Ընտանիքի անդամներից լրացնում են այն մարդիկ, ովքեր պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվում են, մենք նույն հասցեում ենք հաշվառված, բայց համատեղ չենք բնակվում»,- հայտնեց նա:
2020թ.-ին կառավարությունը 6 սուբվենցիոն ծրագիր է հատկացրել Կապանի համայնքապետարանին, որից մեկն էլ վերը նշված «Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգման աշխատանքներն են»՝ ընդհանուր 1 մլրդ 7 մլն 423 հազար դրամ արժեքով: Հաստատված 6 ծրագրերից ամենամեծ գումարը սրան է հատկացվել: Իսկ ընդհանուր 6 ծրագրերի հաստատված արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ 105 մլն դրամ, որից 838 մլն դրամը համայնքի ներդումն է, 1 մլրդ 267 մլն դրամը՝ պետական բյուջեից տրված գումարն է:
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ըտրվելուց մի քանի ամիս հետո, 2019թ. ապրիլի 10-ին հանձնաժողով է ստեղծել, որի խնդիրն է «համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական և հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումն ապահովելը, շինարարական և վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքը վերահսկելը և ավարտը գնահատելը»: Հանձնաժողովը գլխավորում է Գևորգ Փարսյանը, իսկ անդամները՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն են և ավագանու երկու անդամ:
Շահերի բախման հիմնական երեւույթներից մեկը դրսեւորվում է ձեռնարկատիրական գործունեության ժամանակ: Սակայն այս հանձնաժողովը լիազորված չէ քննարկելու շահերի բախման հարցերը: Հանձնաժողովը պետք է հետևի, որպեսզի շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունները պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման համար հատկացված միջոցները նպատակային օգտագործեն: Իսկ եթե, օրինակ իր ընտանիքին պատկանող Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն ոչ նպատակային օգտագործի այդ միջոցները, ի՞նչ է պատրաստվում անել Գ. Փարսյանը: Այդ մասին հանձնարարականի մեջ ոչինչ չի ասվում:
Մեկնաբանել