HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փոխադրում իրականացնող որոշ վարորդներ մասնագիտական վերապատրաստում պետք է անցնեն. նոր նախագիծ 

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդները պարբերական մասնագիտական վերապատրաստում պետք է անցնեն։ 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր հանրային քննարկման ներկայացրել։

Նախարարությունը նախատեսում է ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները և միջպետական փոխադրումներ իրականացնելու գործընթացները կարգավորել։ 

Քննարկման ներկայացված նախագծով՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է հանձնեն նախնական մասնագիտական որակավորման տեսական քննություն և ստանան մասնագիտական որակավորման վկայագիր (ՄՈՎ): ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի վարորդի մասնագիտական որակավորման քարտի վրա: Առաջին վերապատրաստման դասընթացը վարորդը պետք է անցնի ոչ շուտ, քան ՄՈՎ-ը ստանալուց հինգ տարի հետո: Մասնագիտական վերապատրաստման գործընթացին և վարորդի որակավորման քարտին ներկայացվող պահանջները սահմանելու է կառավարությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագծում նշել է, որ օրենսդրությամբ սահմանված է վարորդական վկայական ստանալու համար որակավորման պահանջները, սակայն որոշակի կատեգորիայի վարորդների պարբերական վերապատրաստման պահանջներ օրենսդրությամբ նախատեսված չէ:

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) և թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական փոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումներ) իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան գործարար բարի համբավ, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և մասնագիտական որակավորում։

Լիազոր մարմինը միջպետական փոխադրումներ իրականացնելու բոլոր տեսակի իրավունքները տրամադրելու է միայն այն կազմակերպություններին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն առկա են լիազոր մարմնի միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային գրանցամատյանում: Գրանցամատյանում հաշվառվելու համար կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնելու են բանկային տեղեկանք առնվազն 9000 եվրոյին համարժեք դրամ մեկ տրանսպորտային միջոցի դեպքում և առնվազն 5000 եվրոյին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ տրանսպորտային միջոցի համար, կամ բանկային երաշխիք սահմանված գումարի չափով, ինչպես նաև փոխադրումների կառավարչի մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն։

Կազմակերպությունը պետք է ունենա մասնագիտական որակավորման վկայական ունեցող փոխադրումների կառավարիչ: Մինչև 2021 թվականի հունվարի 1-ն ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում անընդմեջ 10 տարվա կառավարման ստաժ ունեցող անձինք ազատվելու են որակավորման քննություն հանձնելուց: Մասնագիտական որակավորման քննություններ ընդունելու և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը հաստատելու է կառավարությունը:

Իսկ կազմակերպության և փոխադրումների կառավարչի բարի համբավի կորստի հիմնական գործոններ են հանդիսանալու խախտումներն ու պատժամիջոցները հետևյալ ոլորտներում՝

1) առևտրային իրավունք.

2) անվճարունակության իրավունք.

3) վճարման և մասնագիտական աշխատանքի հետ կապված պայմաններ.

4) ճանապարհային երթևեկություն.

5) մասնագիտական պատասխանատվություն.

6) մարդկանց կամ թմրանյութերի առևտուր.

7) թվային տախոգրաֆի համակարգ.

8) փոխադրումներին ներկայացվող  պահանջներ:

«Օրենսդրական փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներ»,- նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter