HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում Աշխատանքային օրենսգրքում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Լիլիթ Ստեփանյանը փոփոխություններ են առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 17-ին:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել օրենսգրքի 114-րդ հոդվածը, որը վերաբերում է խտրականության հիմքով աշխատանքից ազատման բացառմանը: Առաջարկվում է ամրագրել, որ սեռը, ռասան, մաշկի գույնը, էթնիկ կամ սոցիալական ծագումը, գենետիկական հատկանիշները, լեզուն, կրոնը, աշխարհայացքը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային փոքրամասնությանը պատկանելիությունը, գույքային վիճակը, ծնունդը, հաշմանդամությունը, տարիքը կան անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները աշխատանքային պայմանագրի օրինական լուծման հիմք չեն կարող համարվել:

Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծով արմատական փոփոխություններ չեն նախատեսվում, կարգավորումների մի մասը տեխնիկական խնդիր է լուծում, որը ծագել է կիրառության ժամանակ: Ինչպես օրինակ` աշխատանքային օրենսգրքում դեռ  սոցիալական ապահովության քարտ տերմինն է ամրագրված, մինչդեռ այդ օրենքն ուժը կորցրել է, և այժմ հանրային ծառայության համարանիշ տերմինն է կիրառվում: Նույնն է նաև սանիտարական գրքույկների պարագայում, առաջարկվում է օրենսգրքում կիրառել միայն «առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք» արտահայտությունը:

Մեկ այլ փոփոխություն վերաբերում է աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծարելուն: Ըստ գործող կարգի` եթե աշխատողն  ուզում է աշխատանքից ազատվել, 30 օր առաջ գործատուին պարտավոր է տեղեկացնել այդ մասին: Պատգամավորի համոզմամբ, սակայն, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ աշխատողը դիմում է գրում հաջորդ օրը աշխատանքից ազատվելու մասին, գործատուն չի ունենում դրա վերաբերյալ առարկություն, բայց չի կարող աշխատողի նախաձեռնությամբ լուծարել պայմանագիրը, որովհետև 30-օրյա ժամկետը չի պահպանվել, ուստի պայմանագիրը լուծարում են 110 հոդվածով` կողմերի համաձայնութամբ:

Հերիքնազ Տիգրանյանը, սակայն, վկայակոչում է Վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ որի՝ եթե աշխատողն իր դիմումի մեջ հստակ նշել է, թե կոնկրետ որ օրն է ցանկանում աշխատանքից ազատվել, և գործատուն առարկություն չունի, ապա կարելի է պայմանագիրը լուծարել առանց 30 օրվա ժամկետը սպառելու:

«Մի հիմք կա աշխատանքային օրենսգրքում, որը գործատուին իրավունք է տալիս աշխատողին աշխատանքից ազատել, եթե վերջինս աշխատանքի է ներկայացել ալկոհոլի, հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Սա պրակտիկայում գրեթե հնարավոր չէ ապացուցել, եթե աշխատողը որևէ ակտի տակ չի ստորագրել` ընդունելով, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել: Դա ստուգելու որևէ իրավական ակտ չկա, այնպես ինչպես օրինակ՝ վարորդների պարագայում է: Գործատուն էլ չի կարող հարկադրաբար աշխատողին տանել բժշկական զննության։ Ստացվում է, որ ենթադրության, տեսողական դատողության ախտանիշներից ենթադրում են, որ անձը ալկոհոլ է օգտագործել»,-ասում է պատգամավորը:

Մինչ պատգամավոր ընտրվելն աշխատանքային հարաբերություններն ուսումնասիրած իրավապաշտպանն ասում է` պրակտիկայում եղել են նման դեպքեր, երբ աշխատակիցներն ընդունել են, որ ալկոհոլ են օգտագործել աշխատանքի վայրում և նրանց աշխատանքից ազատել են, սակայն պնդում է` եթե վերջիններս իմանային, թե ինչ խնդրի առջև կկանգնեն գործատուներն այդ հանգամանքն ապացուցելու համար, չէին ընդունի աշխատավայրում ոգելից խմիչք օգտագործելու իրենց մեղսագրվող արարքը:

Պատգամավորը վկայակոչում է նաև աշխատանքային օրենսգրքի մեկ այլ հոդված, ըստ որի՝ եթե աշխատողն աշխատավայրում ոգելից խմիչք է օգտագործել, ապա գործատուն պետք է սպասի մինչ վերջինս սթափվի, նոր կատարի աշխատանքային պարտականությունները: Իսկ այդ ժամանակահատվածի համար աշխատողն, ըստ օրենսգրքի, վճարվում է:

Ստացվում է` գործող կարգում իրար հակասող երկու հոդված կա, իսկ աշխատավայրում ոգելից խմիչք օգտագործելը կարելի է համարել աշխատանքային կանոնակարգի խախտում,  նկատողություն սահմանել ,և ոչ թե աշխատանքից ազատել: Հետևաբար պատգամավորն առաջարկում է օրենսգրքից հանել աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում աշխատանքից ազատելու դրույթը:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով` նախագիծը քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, և կա դրական կարծիք փոփոխությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter