
Հրշեջները մարել են մանկապարտեզի հրդեհը
Ալավերդու քաղաքապետարանի թիվ 6 մանկապարտեզի հրդեհը հրշեջներին հաջողվեց ամբողջությամբ մարել ժամը 12:00-ի դրությամբ: Ըստ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հախվերդյանի' հրդեհված մասնաշենքը եղել է անօգտագործելի: Այստեղ էլեկտրականությունն ու գազն անջատված են, ուստի հրդեհը չէր կարող բռնկվել դրանց անզգույշ օգտագործման պատճառով:
«Մենք մտածում ենք' մասնաշենքը շրջափակող մոշի թփերի ճյուղերը, որոնք բարձրանում են մինչև շենքի տանիք, մանկապարտեզի տարածքով անցուդարձ անող բնակիչներից մեկի շպրտած վառվող ծխախոտից բռնկվել և ճյուղերի միջոցով տարածվել է տանիքի վրա: Մենք մեր ուժերով որքան հնարավոր է պարսպապատել ենք մանկապարտեզի տարածքը, սակայն հարևան շենքերի բնակիչները մագլցում են պատերի վրայով և մանկապարտեզի տարածքով կարճացնում իրենց ճանապարհը»,- ասաց Անահիտ Հախվերդյանը:
Հրդեհի վայրում գտնվող Լոռու մարզի հրշեջ ծառայության ղեկավար Հրաչյա Անտոնյանը նորմալ գնահատեց իր ղեկավարած ծառայության աշխատողների կողմից հրդեհի մարման աշխատանքները: Հրշեջ մեքենաների ջրի արագ սպառման հետ կապված Հ. Անտոնյանն ասաց. «Ախր մեր հրշեջ մեքենան 2տոննա 300 լիտր տարողություն ունի: Այդ պատճառով էլ ջուրը արագ է սպառվում»:
Լոռու մարզային հրդեհային տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ Գարիկ Հախինյանը «Հետքին» հայտնեց, որ հրդեհի բռնկման պատճառները դեռևս չի կարող հայտնել. «Այդուհանդերձ, իմ կարծիքով հրդեհը բաց կրակի հետևանք է, մասնաշենքը հոսանքազրկված է, գազաֆիկացված չէ: Ուրիշ պատճառով չէր կարող հրդեհ բռնկվել: Թե բաց կրակից ինչպես կարող էր հրդեհ բռնկվել շենքի տանիքում, էդ կարող է ասել փորձաքննությունը»,- ասաց Գարիկ Հախինյանը:
Ալավերդու քաղաքապետարանի պատասխանատուների մոտավոր հաշվարկներով, մանկապարտեզի հրդեհի քաղաքապետարանին պատճառած վնասը կազմում է շուրջ 4,5 մլն դրամ:
Մեկնաբանել