HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն` հոգեբուժական միջամտություն ստանալու հոդվածի առնչությամբ

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը: Նշվում է, որ եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, ապա նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Նշված պայմանների բացակայության դեպքում առաջարկվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրա նկատմամբ անհրաժեշտ է իրականցնել հոգեբուժական միջամտություն: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար առաջարկվում է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից:

Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 3-ին, փոփոխությունների համար հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշումը,  ըստ որի՝ առանց իր տեսակետը հաշվի առնելու երեխային հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացնելիս այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող:

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:

Ստացվում է, որ խորհրդարանը խախտել է ՍԴ-ի մատնանշած ժամկետը, և Սահմանադրությանը հակասող հոդվածը չի փոխել մինչ նախանշված ժամկետը:

Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը և հասունության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները հստակ հասկանալու և կանխատեսելու ունակությունը:

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից: Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter