HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արդյո՞ք սննդամթերքի փաթեթավորման միջոցով կարող է փոխանցվել կորոնավիրուսը

Վերջին օրերին Չինաստանից ստացվում է տեղեկատվություն այն մասին, որ Հարավային Ամերիկայից մատակարարված սառեցված ծովախեցգետնի և հավի թևիկների փաթեթների վրա հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր։ «BBC»-ն փորձել է ուսումնասիրել, թե արդյոք կորոնավիրուսը կարող է փոխանցվել սննդի փաթեթավորման միջոցով։

Արդյո՞ք հնարավոր է վարակվել սննդի փաթեթավորման միջոցով։ Տեսականորեն՝ այո’։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կարող է մի քանի ժամ, նույնիսկ օր, ապրել մարդու օրգանիզմից դուրս, այդ թվում նաև փաթեթավորման նյութերի, հատկապես ստվարաթղթի և պլաստիկի վրա։ Բացի այդ, այն առավել կայուն է ցածր ջերմաստիճանի պայմաններում, որի ժամանակ տեղափոխվում են բազմաթիվ մթերքներ։

Սակայն որոշ մասնագետներ կասկածում են, որ այս եզրահանգմանը կարելի է գալ ոչ լաբորատոր պայմաններում։ Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի թոքային հիվանդությունների պրոֆեսոր Ջուլիան Թանը նշում է, որ արտաքին աշխարհում պայմանները փոխվում են բավականին հաճախ և արագ, ինչի արդյունքում վիրուսը երկար չի ապրում։ ԱՄՆ Ռաթհերսի համալսարանի միկրոկենսաբանության պրոֆեսոր Էմանուել Գոլդմանն էլ նշում է, որ լաբորատոր հետազոտությունների ժամանակ կիրառվել են նմուշառումներ, որոնք պարունակում էին շուրջ 10 միլիոն վիրուս այն դեպքում, երբ փռշտալու ժամանակ արձակված և պատահաբար մաշկի վրա հայտնված հեղուկի կաթիլում առկա էր ընդամենը 100-ը։

«Իմ կարծիքով անշունչ մակերևույթի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հավանականությունը խիստ ցածր է։ Դա հնարավոր է, եթե հիվանդը փռշտում կամ հազում է նման մակերեւույթի վրա, իսկ մեկ ուրիշը մեկ կամ երկու ժամվա ընթացքում հպվում է դրան»,- գրում է պրոֆեսոր Գոլդմանն իր հոդվածում, որը հուլիսին հրապարակվել է «Lancet» ամսագրում։

Ինչպե՞ս է փոխանցվում վիրուսը

Սննդի փաթեթավորմամբ զբաղվող աշխատակիցների մոտ վարակման վտանգը հիմնավորված է այն ենթադրությունների վրա, որ նրանք սկզբում կհպվեն վարակված մակերևույթին, որից հետո նոր ձեռք կտան աչքերին, քթին կամ բերանին։ Սակայն գիտնականները հակված չեն նրան, որ դա COVID-19-ի փոխանցման հիմնական ուղիներից մեկն է։

«Բացառված չէ, որ ինչ-որ մեկը հպվելով վարակված մակերևույթին կամ առարկային, կարող է կորոնավիրուսով վարակվել, սակայն դա հիվանդության տարածման ուղի չէ»,- նշվում է Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնի կայքում։ Վիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն, երբ նրանց միջև պահպանված չէ առնվազն երկու մետր հեռավորությունը։ Բացի այդ վիրուսը փոխանցվում է հազի, փռշտոցի կամ խոսակցության ժամանակ, երբ հիվանդից արձակված հեղուկի անտեսանելի մասնիկները հայտնվում են առողջ մարդու թոքերում՝ քթի և բերանի միջոցով։

Բժիշկ Թանը կարծում է, որ դժվար է ապացուցել այն փաստը, որ հիվանդությունը մարդուն փոխանցվել է այս կամ այն ապրանքի փաթեթավորման միջոցով։ Դրա համար կպահանջվի լիովին բացառել վարակի այլ հնարավոր ուղիները, այդ թվում՝ սոցիալական շփումները։

Ինչպե՞ս չվարակվել

«Ներկայումս սննդի կամ սննդի փաթեթի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հաստատված դեպքեր չկան»,- պնդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Սակայն վերջինս, այդուհանդերձ, առաջարկում է պահպանել մի շարք կանոններ։ ԱՀԿ խորհուրդներում նշվում է, որ կարիք չկա ախտահանել փաթեթավորված սնունդը, սակայն փաթեթից հանելուց հետո, մինչ ուտելը, անհրաժեշտ է լվանալ ձեռքերը։

Նպարեղեն գնելիս, մինչ խանութ մտնելը և տուն վերադառնալուց հետո, ցանկալի է ախտահանիչ միջոցներով ախտահանել ձեռքերը։ Փաթեթից հանելով սննդամթերքը՝ դարձյալ պետք է լվանալ ձեռքերը։ Առավել նախընտրելի է, որ նպարեղենը գնել առաքման միջոցով, եթե իհարկե առաքիչը պահպանում է անձնական և սննդի առաքման կանոններն ու հիգիենան։ Առաքումը ստանալուց հետո՝ դարձյալ պետք է լվանալ ձեռքերը։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս պլաստիկ տոպրակներն օգտագործել մեկ անգամից ոչ ավելի։

Լուսանկարը՝  AP / Scanpix

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter