HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությանը հակազդում են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Կառավարությունը մշակել է քրեակատարողական ոլորտի և պրոբացիայի նոր ռազմավարություն: 28.11.2019թ. համապատասխան որոշմամբ գնահատելով քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում, նշվել է, որ «ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները»: Որոշման մեջ նշված է, որ թե՛ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, թե՛ այս ոլորտին առնչվող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության, օրինականության և համաչափության սկզբունքներից:

Բայց այս սկզբունքները շարունակում են խախտվել, այն էլ ակնհայտ խտրականորեն, քանի որ այդպես էլ արդարադատության նախարարության կողմից չեն սահմանվում ո՛չ ՔԿԾ Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից որոշումներ կայացնելու հստակ ժամկետներ, ո՛չ էլ դատախազի կողմից այդ որոշումների վերաբերյալ հնարավոր գործողությունների ժամկետներ: Ավելին`այդպես էլ չկան իրավունքի գերակայության հիման վրա սահմանված հստակ չափորոշիչներ ռեժիմային փոփոխությունների հարցի հետ կապված չի ներդրվում բալային համակարգը, ինչը նույնպես հանգեցնում է խտրական մոտեցումների և սահմանադրական սկզբունքների խախտման:

Այս սկզբունքները խախտվում են ՔԿՀ մի շարք աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով ստեղծում են պարարտ հող պատժողական քաղաքականության ջատագով դատախազների կողմից խրախուսանքի ինստիտուտի խափանման և կոռուպցիոն ռիսկերի համար: Փաստացի վախի մթնոլորտ է ստեղծվել այն աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են ՀՀ կառավարության որդեգրած վերականգնողական արդարադատությունը կյանքի կոչել: 

Ըստ էության, ՔԿՀ-ներում պայքար է գնում հնի ու նորի միջև, և այդ պայքարում դատախազական մարմինը փաստացի կանգնած է հնի թիկունքին: Այս բախումը ակնհայտ երևում է նաև ռեժիմների փոփոխման ինստիտուտի կիրառման պրոցեսում. ՔԿ ծառայությունը փորձում է կյանքի կոչել նոր իշխանությունների կողմից կատարված օրենսդրական բարեփոխումները, իսկ դատախազությունը խոչընդոտում է: Երբ տեղ են գտնում խտրական մոտեցումներ, որոնք վկայում են կաշառքի կամ հրահանգների մասին, ապա հնի և նորի տարանջատումն այլևս վերանում է, և ստացվում է, որ նորը կրում է զուտ ձևական բնույթ, իսկ էությունը նույն հինն է: Այս պրոցեսն ընթանում է նաև ՀՀ արդարադատության նախարարությունում, որտեղ ակնհայտ է վախի մթնոլորտը դատախազական մարմնի պարտադրանքների նկատմամբ: 

ՄԻՊ զեկույցներում նույնպես անդրադարձ կա, թե ինչքան անհամաչափ են տույժերն ու խրախուսանքները, օրինակ, տարեկան երկու հազարից ավելի տույժ և հարյուրի չհասնող խրախուսանք, որից մոտ կեսը անցյալ տարի դատախազությունը կասեցրեց:

Այսինքն` ՔԿ ծառայությանը պարտադրվում է շարունակել պատժողական քաղաքականությունը, և ուսումը, աշխատանքը, ստեղծագործելը, օրինապահ վարքագիծը, ըստ դատախազության մոտեցման, չպետք է խրախուսվեն: Հարց է առաջանում` հապա ինչը՞ պետք է խրախուսվի: Միգուցե քրեական ենթամշակույթը՞ և կոռուպցիա՞ն, որոնք փախկապակցված են:

Կառավարությունը հայտարարել է  կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարման նպատակի մասին: ՔԿՀ-ներում գոյություն ունեցող քրեական ենթամշակույթին անդրադարձ է կատարվել միջազգային հանրաճանաչ կառույցների կողմից: Որոշման մեջ հիշատակված է, որ ԽԿԿ պատվիրակությունը այցելած ՔԿՀ-ներում դիտարկել է ղեկավարության և անձնակազմի կողմից   այսպես կոչված «զոն նայողներին» լիազորություններ  պատվիրակելը և նրանց օգտագործելու  միտումը: Նշված է, որ այդ նպատակով «զոն նայողներին» ակնհայտորեն տրվում են որոշ արտոնություններ, օրինակ`   ազատ տեղաշարժվելու և ցանկացած բանտախուց մուտք գործելու հնարավորություն: Այս հարցերին անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ-ը: Ընդգծվում է, որ «ոչ մի բանտարկյալ չպետք է ունենա այլ բանտարկյալների նկատմամբ իշխանություն իրականացնելու հնարավորություն»: Որոշման մեջ գրված է. «Կառավարությունը վճռական է բացառելու համակարգում տարիներ շարունակ արմատացած կոռուպցիոն դրսևորումներն ու քրեական ենթամշակույթի գոյության համար «բարենպաստ պայմանները»: 

Կարծում եմ, որ այս հարցում կարևոր է երկու հանգամանք: Նախ, համակարգը պետք է ազատվի այն կադրերից, ովքեր կոռումպացված են և համագործակցում են քրեական ենթամշակութը կրողների հետ ու փաստացի հենց իրենք են առաջնորդվում այդ ենթամշակույթի արժեհամակարգով: Երկրորդ`դատապարտյալները պետք է ապահովվեն աշխատանքով, որը պետք է խրախուսվի, ինչպես նաև յուրաքանչյուր դրական դրսևորում`ուսումը, ստեղծագործելը, օրինապահ վարքագիծը:

ՀՀ կառավարության որոշման մեջ հռչակված պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական  ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, իմ կարծիքով ստեղծված իրավիճակում անհնար է, քանի  դեռ  լիարժեք չեն իրականացվել հենց նույն որոշման մեջ նշված գործողությունները, այն է`միջազգային չափանիշներին համահունչ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը, դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը, քրեակատարողական հիմնարկների կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը, կոռուպցիայի հաղթահարումը, պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը, կադրային քաղաքականության վերանայումը: Իմ կողմից ընդգծվածի մասով գրեթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: 

Ակնհայտ է, որ քանի դեռ ՔԿՀ-ներում, հատկապես ՍՀԻԱ բաժիններում կան կադրեր, ովքեր բացահայտորեն արտահայտում են իշխանությունների որդեգրած սկզբունքներին հակադիր կարծիքներ և իրենց գործողություններով ակնհայտ կամ թաքուն կերպով խոչընդոտում են կառավարության ծրագրին, քրեակատարողական ոլորտում բարեփոխումները կձախողվեն կամ, ինչը նույնն է, կկրեն խտրական մոտեցում` վկայելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների առկայության մասին:

P.S. ՀՀ կառավարությունը իր որոշման հավելվածով կարգ է սահմանել, որի համաձայն ձևավորվել է Համակարգող խորհուրդ, որի հիմանական նպատակն է`ծրագրի ընթացքը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելը: Առկա է նաև միջոցառումների ֆինանսավորում, օրինակ`ՍՀԻԱ բաժինների գործունեության կարգի արդյունավետության բարձրացման համար 1.400.0, քրեակատարողական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի`111,098.9, ՔԿԾ և ՔԿՀ-ների կառավարման և գնահատման մոդելի արդիականացում` 18,057.6, քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում` 7,325,579.5, ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում` 42,371.8 և այլն: Ֆինանսավորման կարիքների ընդհանուր գնահատումը`49,549,213.1: Արդյո՞ք արդյունավետ և ըստ նպատակի են ծախսվելու այս գումարները…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter