HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու ձկնաբուծարանն օգտագործվում է որպես մշակովի հողատարածք

Լուսանկարում Արմավիրի մարզի Արտաշար համայնքի վարչական տարածքի քարտեզն է, որը փակցված է համայնքի ղեկավար Մանվել Օհանյանի աշխատասենյակի պատին: Քարտեզի վրա, կապույտ գույնով առանձնացված տարածքում լճեր են՝ մոտ 97 հա: Փաստաթղթերով դրանք ձկնաբուծարաններ են, սակայն իրականում այդ հողերն օգտագործվում են բանջարաբոստանային մշակաբույսեր ցանելու համար: Նմանատիպ պատկեր երևում է նաև հարևան Զարթոնք գյուղի քարտեզում:

«Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի տնօրեն Ազատ Հարությունյանը 1997թ․-ին պետական աճուրդով Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունից 12 մլն դրամով գնել է նախկին «Արմավիրի կարպային տնտեսություն» ԲԲԸ-ն:  «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին է անցել նաև ընկերության 152 մլն դրամ պարտքը: Տարածքը, հողամասերից բացի, ունեցել է նաև շենք-շինություններ: Հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվել գնորդին, այլ եղել է վարձակալություն:

Տարածքը ներառել է Արտաշար և Զարթոնք համայնքների վարչական տարածքում գտնվող հողերը: 20 տարուց ավելի գյուղացիները պայքարում են հողերը համայնքներին վերադարձնել համար, սակայն՝ ապարդյուն: Բոլոր ատյաններում մերժվել են, այդ թվում՝ 2001թ-ին տնտեսական դատարանում:

Կառավարության 2003թ. դեկտեմբերի 4-ի թիվ 1772-Ն որոշմամբ Զարթոնք համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին: Նույն օրվա թիվ 1766-Ն որոշմամբ նաև Արտաշար համայնքին են փոխանցվել պետական սեփականություն հանդիսացող և համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը:

Երկու համայնքի ղեկավարներն էլ նշում են, որ Կառավարության վերը նշված որոշումները վերաբերում են նաև ձկնաբուծարան կոչվող տարածքներին, որոնք տնօրինում է «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի ղեկավար Ազատ Հարությունյանը:

Համայնքապետերը նշում են, որ 2003-2005թթ. Զարթոնք և Արտաշար համայնքներին պատկանող հողերի վերաբերյալ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի տնօրեն Ազատ Հարությունյանի միջև վարձակալության կամ հողերի օգտագործման որևէ այլ պայմանագիր չի կնքվել: Սակայն, Ա. Հարությունյանը, օգտվելով  օրենսդրական փոփոխությունից, Կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանմանն է ներկայացրել 2003թ․-ից Զարթոնք և Արտաշար համայնքների սեփականություն հանդիսացող և նրա հաշվեկշռում գտնվող 215 հա հողամասը փաստացի օգտագործումը հավաստող փաստաթղթեր: Դրա հիման վրա կադաստրի ստորաբաժանման կողմից «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին տրվել է սեփականության վկայական:

Ուշագրավն այն է, որ հողամասի վերաբերյալ կադաստրի վկայականում նշագրված է եղել «վարձակալություն», որը հետագայում ջնջվել և կողքը գրվել է «սեփականություն»: «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին 2005թ․-ին տրված վկայականում հողի նպատակային նշանակությունը նշված է արդյունաբերական (արտադրական), որը եղել է ձկնաբուծարան:

«500.000 դրամ գումար եմ տվել, ասել են, որ պայմանագրում գրեմ 50.000 դրամ»

Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց վարչական տարածքից 97 հա հող ինչ-ինչ ճանապարհներով հատկացրել են «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին: 1 հա-ի համար ՓԲԸ-ն համայնքապետարանին տարեկան վճարում է 3720 դրամ հարկ:

Մանվել Օհանյանը նշում է, որպես ձկնաբուծարան տրված հողերն իրականում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Սեփականատիրոջից վարձակալում են հենց Արտաշար, Զարթոնք և հարևան գյուղերի բնակիչները:

«Այդ վճարը Կառավարության որոշումով է: Գյուղն աղքատ գյուղ է, Կառավարությունը կարող է իր որոշման մեջ փոփոխություն անել և վճարը սահմանել հողի կադաստրային արժեքի չափով: Տվյալ դեպքում համայնքում մուտքերը կլիներ մոտ 4 մլն դրամ, ոչ թե 360 հազար դրամ»,- նշում է Մանվել Օհանյանը: 

Նա պատմեց, որ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի սեփականատերը տարին մի քանի արհեստական լիճ է լցնում ջրով, որի նպատակը ոչ թե ձկնարտադրությունից շահույթ ստանալն է, այլ հողը բերրի դարձնելը: Հաջորդ տարի ջրով լցված հողերը չորացնում է և թանկ՝ մեկ սեզոնի համար 1 հա-ը 500-600 հազար դրամով, վարձավճարի դիմաց տալիս է գյուղացիներին, որպեսզի մշակեն:

Նախկինում ջրով լցված լճի տարածքում խոտ չի աճում, բերքատվությունը բարձրանում է, ինչը կրճատում է տարածքը մշակող գյուղացու ծախսերը: Իսկ այն լճերը, որը ջրով լցված չեն եղել, 200-400 հազար դրամով է տրվում գյուղացուն:

«Ունենք բազմաթիվ ընտանիքներ, որ այսօր հողի կարիք ունեն: Այսօր մենք պահուստային ազատ հող չունենք, որ նոր ձևավորված ընտանիքին գոնե վարձակալությամբ հող տանք: Մինչդեռ 97 հա հող, չգիտենք ինչ ճանապարհներով, տրվել է մեկ հոգու»,- նշում է Արտաշարի համայնքապետը: Մանվել Օհանյանի խոսքերով՝ գյուղի 97 %-ը զբաղվում է հողագործությամբ: Ունեն 1640 բնակիչ կամ 88 տնտեսություն: Գյուղն ունի ընդամենը 379 հա վարելահող, ինչը չի բավարարում պահանջարկը:

Արտաշարցի Խուդո Ուսոյանն ամեն տարի հող է վարձակալել ձկնաբուծարան կոչվող տարածքում «Արմավիրի Ֆերմեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջից, սակայն այս տարի նրան հող չեն տվել, քանի որ բողոքում է տնօրեն Ազատ Հարությունյանի դեմ: Խուդոն պատմեց, որ մեկ գյուղատնտեսական սեզոնի համար հողերը վարձակալել է 1 հա-ը 300-600 հազար դրամով: Ընտանիքում ապրում է 16 հոգի, իսկ գյուղում իրենց ունեցած հողն ընդամենը 0.6 հա է:

«Ես հիմա գնացել եմ Արարատի մարզի Ռանչպար գյուղում 2 հա հող եմ վարձակալել, ձմերուկ եմ մշակում: Մեր գյուղից 32 կմ հեռու է հողը, ուրիշ ինչ անենք, տարբերակ չկա»,- ասում է Խուդո Ուսոյանը: Նա, հողագործությունից բացի, զբաղվում է նաև անասնապահությամբ: Ուներ 3 կով, որից մեկը սատկել է:

«Արմավիրի Ֆերմեր» ընկերության սեփականատերերին մեկ կովի համար վճարել 15,000 դրամ, որպեսզի կովերը տարածքում արածեն:

Պատմեց, որ Ազատ Հարությունյանն անասուններին արածեցնելու համար պայմանագիր չի կնքում գյուղացիների հետ: Սակայն 3 տարի առաջ իր հետ կնքել է հողի վարձակալության պայմանագիր: «500.000 դրամ գումար եմ տվել, ասել են, որ պայմանագրում գրեմ 50.000 դրամ»,- հավելում է Խուդոն:

Համայնքապետարանի աշխատասենյակում հանդիպեցինք նաև 67-ամյա Ջնդի Ջնդոյանին:

«Մենք խնդրում ենք Կառավարությանը, թեև 20 տարի դիմում ենք, արդյունքի չենք հասել: Թող մեզ օգնեն, որ ապօրինի ձեռք բերված հողերը վերադարձվի գյուղացուն: Գյուղում էլ ջահել չի մնում, թողնում, գնում են, որովհետև զբաղվելու բան չկա»,-ասում է Ջնդի Ջնդոյանը:

Միշա Գենջոյանն ասում է, որ դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին, եղել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Գյուղ են հրավիրել պատգամավորներ Արգիշտի Մեխակյանին, Նարեկ Մկրտչյանին, ԱԺ-ում հանդիպել են Վարազդատ Կարապետյանի հետ և այլն: Խնդրի մասին տեղյակ են նաև նախկին և ներկա մարզպետները, բոլորն էլ խոստացել են հարցը լուծել, սակայն գնացել են՝ ոչինչ չփոխելով:

«Մենք այս տարիների ընթացքում չենք կանգնել, միշտ քաղաքակիրթ տարբերակով պայքարել ենք: Բայց ստացվում է՝ պիտի գնաս, ցույց անես, ճանապարհ փակես, որ իրենց վրա ազդի: Դա է մեզ բարկացնում, որ մարզային իշխանության ներկայացուցիչը գալիս է, քեզ լսում է ու արդյունք չի լինում, դրանից ես հիասթափվում: Մարդիկ գնում, այլ մարզերում են հող մշակում, բա սա ամոթ չէ՞»,-ասում է Մ. Գենջոյանը:

Նա պահանջում է, որպեսզի լայնածավալ ուսումնասիրություն սկսվի և պարզվի, թե ինչպես են հողերը հատկացվել «Արմավիրի Ֆերմեր»-ին և ինչպես է կարողանում արտադրական նշանակության հողն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, հարկեր չվճարել ու անպատիժ մնալ:

«Սեփականատերը 25 տարվա ընթացքում այնքան հարկ է վճարել, ինչքան մեր շարքային գյուղացիները»,- հավելեց Միշա Գենջոյանը:

Արտաշարցիների հետ այցելեցինք «Արմավիրի Ֆերմեր»-ին պատկանող հողատարածքներ: Անցնելով մի քանի հեկտար տարածքով՝ այդպես էլ ձկնաբուծարան չտեսանք:

Երբ շրջում էինք հողամասերով, մոտեցավ Ազատ Հարությունյանի եղբոր որդին՝ Լևոն Հարությունյանը, և գյուղացիներից պահանջեց դուրս գալ տարածքից, քանի որ իրենց սեփականությունն է: Նշեց, թե տարածքն «ինքն է տիրություն անում»:

Լևոնն ասաց, որ հողերը ոչ թե վարձով տալիս են գյուղացիներին, այլ ով ցանկանում է մշակել, իր հետ «օրթախ» մշակում են: «Թող բերեն պայմանագիր ցույց տան, որ վարձակալում են»,- ասում է Լևոնը: Ջնդի Ջնդոյանը հենց Լևոնի ներկայությամբ ասաց, որ ինքը վարձակալության գումար վճարել է, երբ նրանց տարածքում հող է վարձակալել:

Տարածքում աճեցնում էին ձմերուկ, եգիպտացորեն, պղպեղ և այլն: Լևոն Հարությունյանից հետաքրքրվեցինք, կոնկրետ մեր գտնվելու վայրում վերջին անգամ երբ են լճեր եղել. «4-5 տարի առաջ: Հիմա չեմ կարում լցնեմ, ջուր չկա»,-հնչեց պատասխանը: Նա պնդում էր, որ տարածքում 60-100 հա լիճ ունի, սակայն այդպես էլ լճեր չտեսանք:

Լևոնը նշեց, որ տարիներ առաջ հողը վաճառել են, իրենք էլ գնել են, ապօրինի ոչինչ չկա:

13 հազար դրամի փոխարեն վճարում են 3720 դրամ

Զարթոնք համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանը պատմեց, որ իրենց համայնքում մոտ 400 հա հող ձևակերպված է որպես ձկնաբուծարան, որոնցից մոտ 130 հա-ը՝ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ինն է:

Սամվել Աղաջանյանն ասաց, որ Զարթոնքը հողեր չունի: Սեփականաշնորհված հողի մեկ չափաբաժինը 2400 քմ է, ինչը շատ քիչ է: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ իրենց գյուղի մեկ հողաչափը մարզի միջին տվյալներից նույնիսկ երկու անգամ քիչ է:

Սամվել Աղաջանյանը նույնպես նշեց, որ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի հողերն իրականում օգտագործվում են որպես վարելահողեր:

«Ըստ էության արդյունաբերական նշանակության հողն օգտագործվում է որպես վարելահող: Դրանց վարձավճարներն ու հարկերը տարբեր են, ինչը զրկում է համայնքին լրացուցիչ եկամուտներ ստանալու իրավունքից: Համայնքին վնաս է պատճառվում: Մուծումները շատ քիչ են: Հիմա 1 հա-ի համար տարեկան վճարում են մոտ 3720 դրամ, մինչդեռ եթե հարկվի փաստացի օգտագործման նպատակներով, ապա 1 հա-ի համար պետք է վճարի 13 հազար դրամ: Մեր տարածքում տարեկան 1-2 լիճ է ջրով լցնում, ձուկ պահում: Դա էլ ցանքաշրջանառության համար: Ջուրը լցնում է, որպեսզի հողի որակը բարելավի ու բարձր գնով վարձով տա գյուղացիներին»,- ասում է  Ս. Աղաջանյանը:

Զարթոնքի համայնքապետը ցանկացել է հարցը քննարկել «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի տնօրեն Ազատ Հարությունյանի հետ, սակայն փորձերն ապարդյուն են եղել: Ս. Հարությունյանը չի եկել քննարկման, ներկայացուցիչ է ուղարկել:

Համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանն էլ ասաց, որ այս հարցը պետք է լուծվի Կառավարության աջակցությամբ, քանի որ համայնքի հնարավորություններից դուրս է: Սամվել Աղաջանյանն էլ հավելեց, որ այս հարցը միայն Զարթոնքին և Արտաշարին չի վերաբերում, ամբողջ երկրում է այս վիճակը:

Դատախազությունը «copy-paste»-ով մերժել է համայնքապետերի բողոքը

Այս տարվա ապրիլին Արմավիրի մարզի Զարթոնք և Արտաշար համայնքների ղեկավարները դիմել էին դատախազություն: Համայնքապետերը հայտնել էին, որ համայնքների սեփականություն հանդիսացող արտադրական լճերի տարածքներն ապօրինի օգտագործվում են որպես գյուղատնտեսական նշանակության հողեր: Պաշտոնատար անձանց և ներկայիս սեփականատիրոջ կողմից կատարվում են ապօրինություններ: Մասնավորապես՝ նշված հողատարածքները գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար վարձակալական հիմունքներով տրվում են համայնքի բնակիչներին:

Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ Ս. Սարգսյանը որոշել է նյութերով քրեական գործ չհարուցել՝ պատճառաբանելով, որ նախապատրաստված նյութերով առկա որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որով կհիմնավորվեր, որ Կադաստրի կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից կատարվել է կեղծիք, իսկ սեփականատիրոջ կողմից՝ ապօրինություն:

Ավագ տեսուչը նշել է, որ գյուղացիների հետ կնքած հողի վարձակալության պայմանագրեր առկա են եղել: Բայց, քանի որ չեն հարցաքննվել ոչ գյուղացիները, ոչ էլ վերը նշված անձինք, գյուղացիները պնդում են, որ դրանք կեղծ արժեքով կնքված պայմանագրեր են: Ավելին, հենց այդ պայմանագրերը վկայում են, որ իրականում տարածքը ձկնաբուծարան չէ, օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, մինչդեռ դրա համար հարկերը չի վճարում՝ համայնքին պատճառելով էական վնաս:

«Եթե նորմալ քննություն կատարեին, հնարավոր չէր, որ այնտեղ բան չգտնեին, ուղղակի հնարավոր չէր»,- ասում է Արտաշարի համայնքապետ Մ. Օհանյանը:

Զարթոնք և Արտաշար համայնքների ղեկավարների փաստաբան Կարեն Մկրտչյանը, Արմավիրի մարզի դատախազ Ռ. Խաչատրյանին ներկայացրել է բողոք: Փաստաբանը նշել է, որ հետաքննիչը չի իրականացրել բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն: Սահմանափակվել է բացառապես գործի ելքով շահագրգռված անձի՝ Ազատ Հարությունյանի բացատրությամբ և նրա ներկայացրած նյութերով:

Փաստաբան Կարեն Մկրտչյանն իր բողոքում նշել է, որ սեփականացման գործընթացը տեղի է ունեցել մի շարք խախտումներով, ինչը չի արժանացել իրավական գնահատականի: Իսկ հետաքննիչը չի հարցաքննել ոչ ՓԲԸ-ի տնօրենին, ոչ կադաստրի աշխատակիցներին ու այդ տարիների համայնքների ղեկավարներին, ոչ էլ նշանակել է փորձաքննություններ՝ պարզելու հողի շուկայական և կադաստրային արժեքները: Չեն ուսումնասիրվել կադաստրային գործերը, հարկային պարտավորությունների կատարումները: Քրեական գնահատական չի տրվել նաև Զարթոնք և Արտաշար համայնքների նախկին ղեկավարների գործողություններին:

Արմավիրի դատախազ Ռ. Խաչատրյանը ավելի «համառոտ» տարբերակով, առանց անդրադարձ կատարելու փաստաբանի առաջ քաշած հարցերին, մերժել է բողոքը՝ «copy-paste» անելով տեսուչի որոշումից:

«Արմավիր Ֆերմեր»-ին ձկնաբուծության համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը լրացել է

«Հետք»-ը գրավոր դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն, պարզելու՝ «Արմավիր Ֆերմեր» ընկերությունը ձկնաբուծությամբ զբաղվելու թույլտվություն ունի արդյոք: Նախարարության գլխավոր քարտուղարը տեղեկացնում է, որ ընկերությանը Զարթոնք համայնքում ձկնաբուծական նպատակով տրամադրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ 27.07.2016թ.-27.07.2019թ. ժամկետով։

Համաձայն ջրօգտագործման թույլտվության՝ ընկերությունն իրեն պատկանող մեկ գործող խորքային հորից իրականացնում է ջրառ, որի թողունակությունը տարեկան կազմում է 0,743 հազ․ խորանարդ մետր:

Ստացվում է, որ եթե Լևոն Հարությունյանի նշած 60 հա տարածքում ընկերությունն այս պահին զբաղվում է ձկնաբուծությամբ, ապա այն ապօրինի է, քանի որ այդ նպատակով չունեն ջրային թույլտվություն: Նախարարությունից հայտնում են նաև, որ համաձայն «Արմավիրի Ֆերմեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սեփականության վկայականի՝ ձկնային տնտեսություն կազմակերպելու համար օգտագործվող հողամասի չափը կազմում է 201,8 հա։

Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանն էլ, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ համաձայն հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների՝ «Արմավիրի Ֆերմեր» ՓԲԸ-ն 86 %-ով զբաղվում է քաղցրահամ ջրերում ձկնաբուծությամբ, 14 %՝ սեփական կամ վարձակալած անշարժ գույքի հանձնման և այլ գործառույթներով:

ՊԵԿ-ի տվյալներով՝ «Արմավիրի Ֆերմեր» ՓԲԸ-ն 2008թ․-ին վճարել է 215,322 դրամ շրջանառության հարկ, 893,440 դրամ եկամտային հարկ, ամսական 8,629 դրամ սոցիալական վճար և բնապահպանական հարկ, բնօգտագործման վճար՝ 216,370 դրամ:

2019թ․-ին վճարել է 971,334 դրամ շրջանառության հարկ, 1 մլն 53 հազար 411 դրամ եկամտային հարկ, ամսական 27,610 դրամ՝ սոցիալական վճար և բնապահպանական հարկ, բնօգտագործման վճար՝ 221,632 դրամ, դրոշմանիշային վճար՝ 128 հազար դրամ:

2020թ․-ի հուլիսի 22-ի դրությամբ ընկերությունը վճարել է 903,017 դրամ շրջանառության հարկ, 586,290 դրամ եկամտային հարկ, ամսական 16,041 դրամ՝ սոցիալական վճար և բնապահպանական հարկ, բնօգտագործման վճար՝ 145,679 դրամ, դրոշմանիշային վճար՝ 40,000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter