HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լեռնակերտը նոյեմբերին կունենա հիմնանորոգված հանդիսությունների սրահ

Արթիկի նախկին վարչատարածքի Լեռնակերտ գյուղում նոյեմբերին կշահագործվի հանդիսությունների սրահը: Նախկին մշակույթի տունը ձևափոխելու և առավել գործառնական նշանակություն տալու համայնքի ծրագիրը հավանության էր արժանացել Կառավարության կողմից: Սուբսիդավորված ծրագրի արժեքը 9 մլն 713 հազար դրամ է: Քանի որ Լեռնակերտը բարձր լեռնային համայնք է, ծրագրում գործում է համաֆինանսավորման 45/55 բանաձևը՝ 40/60-ի փոխարեն. համայնքի մասնակցությունը նվազեցված է 5 տոկոսով:

«Լեռնակերտում այս տարի երկու սուբվենիցոն ծրագիր է իրականացվելու,- տեղեկացնում է համայնքապետը,- առաջինը հանդիսությունների սրահն է, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուսը՝ գիշերային լուսավորության ցանցի ընդլայնումը, որի համար մրցույթն արդեն հայտարարված է: Հանդիսությունների սրահի հետ կապված մշակույթի տան ներսը ձևափոխությունների ենք ենթարկել, նաև խոհանոց պիտի լինի, սանհանգույց, կոյուղատարի հարցն ենք լուծում, դրսում սեպտիկ հոր ենք կառուցել, քանի որ գյուղը կոյուղատար ցանց չունի՝ տնտեսություններն անհատական լուծումներ են տալիս»:

Գյուղական նախկին ակումբը՝ կառուցված 1957թ.-ին, որտեղ խորհրդային տարիներին կազմակերպվում էին կինոդիտումներ և ներկայացումներ, անցած 30 տարիներին շատ քիչ է ծառայել բուն նպատակին: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն սոցիալական ծրագրերի շրջանակում, համաֆինանսավորմամբ վերանորոգել և կահավորվել էր շենքի սենյակներից մեկը՝ վերածելով այն մեծահասակների համար ժամանցի վայրի: Ծրագրի բյուջեն 800 հազար դրամ էր, որից 600 հազար դրամը՝ կազմակերպության, 200 հազար դրամը՝ համայնքի ներդրումն էր: Մինչ այդ էլ, նույն կազմակերպության ֆինանսավորմամբ (ընդհանուր բյուջեն՝ 900 հազար դրամ) և համայնքի ներդրումով, մշակույթի տան բակում խաղահրապարակ էր կահավորվել:

Լեռնակերտ համայնքն ու համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մարկոսյանը բնորոշում է որպես «ծրագրերի գերազանցիկ»: Լեռնակերտում 2017-2020թթ․ ընթացքում կազմակերպության կողմից ֆինանսավորվել են 4 սոցիալական և 2 փոքր բիզնես ծրագրեր: Լեռնակերտը կարելի է համարել համայնք-ՀԿ համագործակցության լավագույն օրինակներից մեկը: 

«Մեր ծրագրերի համար շատ կարևոր է համանքապետի, ավագանու և, իհարկե, համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը, գյուղում ինչ-որ բան դեպի լավը փոխելու ցանկությունը: Սա պիտի առաջնահերթ լինի, որ առկա միջոցներն էլ կարողանան ճիշտ ուղղորդել: Արթիկի նախկին տարածաշրջանում մենք երկու գյուղի հետ ենք առայժմ աշխատում՝ Անուշավան և Լեռնակերտ, պիտի ասեմ, որ մինչև հիմա շատ լավ արդյունքներ են ունեցել: Լեռնակերտի համար կարող եմ ասել, որ իրենք անում են ավելին, քան իրենցից պահանջվում է: Մեր ծրագրերում պահանջվող պարտադիր 10 տոկոս մասնակցության փոխարեն, Լեռնակերտը 50-100 տոկոս մասնակցություն է ապահովում: Շատ ոգևորիչ է, երբ դեռ մի ծրագիրը չավարտած, համայնքապետը հարցնում է, թե ուրիշ ինչ ծրագիր կա, ինչպես կարող են մասնակցել, ուրիշ ինչ մի դրական, օգտակար բան կարող են համայնքի համար անել»,- նկատում է Գոհար Մարկոսյանը:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում աշխատանքներ է իրականացրել Շիրակի մարզի 70-ից ավելի գյուղերում՝ վերջին տարիներին սոցիալական ծրագրերի իրականացման թիրախում Աշոցքի տարածաշրջանի աղքատ գյուղերն են: Արթիկի վարչատարածքի համայնքներում համագործակցությունը համեմատաբար նոր է, սակայն մասնակցային առումով՝ շատ ավելի արդյունավետ:

«Շատ ավելի ակտիվ են, շատ ավելի պատրաստակամ են,- ասում է Գոհար Մարկոսյանը,-օրինակով ասեմ՝ փոքր դրամաշնորհների մրցույթը որ հայտարարում ենք, եթե մյուսները ուշացումով, շատ դեպքերում թերի ծրագրեր են բերում, Լեռնակերտից միշտ ստանում ենք ամբողջական, մշակված ծրագիր և բոլորից էլ արագ: Լեռնակերտում համաֆինանսավորմամբ մանկապարտեզի խոհանոցն է նորոգվել, երկու փողոցի լուսավորության արդիականացումն է իրականացվել եւ ամեն հանդիպման ժամանակ համայնքապետը հետաքրքրվում է, թե էլ ինչ կարող են անել փոքր գումարներով»:

Մոտ 1500 բնակիչ ունեցող Լեռնակերտի բյուջեն 42 մլն դրամ է, առյուծի բաժինը պետական դոտացիան է, սեփական եկամուտը 5-6 մլն դրամ է: Համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանն ասում է, որ փորձում են եղած միջոցներով մասնակցել բոլոր հնարավոր ծրագրերին, որոնք այս կամ այն կերպ կբարելավեն բնակիչների կյանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter