HY RU EN

Թաթուլ Հակոբյանի նոր գիրքը՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը»

Մարտի 19-ին Բեյրութում Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի շնորհանդեսը: Շուրջ 500 էջանոց աշխատությունը, որի վրա հեղինակն աշխատել է մոտ 8 տարի, առաջինը հրատարակվել է արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ: Ապրիլի առաջին օրերին Գյումրիում և Երևանում կներկայացվի գրքի արևելահայերն տարբերակը, իսկ աշնանը տպագրության պատրաստ կլինի նաև գրքի անգլերեն թարգմանությունը՝ ընդհանուր 5 հազար օրինակ տպաքանակով:

Ներկայացնելով գիրքը՝ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց, որ հեղինակը «լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը», կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Հեղինակի և գրքի մասին խոսեցին լիբանանահայ մտավորականներ, այդ թվում Սարգիս Կիրակոսյանը, Տիգրան Ճինպաշյանը և Խաչիկ Տէտէյանը:

Թաթուլ Հակոբյանի այս գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը:

«Այս գիրքը ես սկսել եմ գրել իմ առաջին՝ «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի հետ գրեթե միաժամանակ: Եթե կուզեք, սա իմ առաջին գրքի շարունակություն է՝ երկրորդ հատորը,- Բեյրությում հավաքվածներին ասաց Հակոբյանը և ավելացրեց:- Եթե կարդացել եք իմ առաջին գիրքը, ապա խորհուրդ կտամ այս մեկը ևս կարդալ և սպասել նոր գրքերի»:

Թաթուլ Հակոբյանի առաջին գիրքը՝ «Կանաչ ու սև. արցախյան օրագիր», 2008-ին տպագրվելուց ի վեր ունեցել է հայերեն 3 հրատարակություն, ինչպես նաև թարգմանվել է արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն: