HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի մշակութային երկու քոլեջներ կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան, ապա՝ մտափոխվել

«Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ները չեն հաշտվել Կառավարության այն որոշման հետ, որով վերակազմակերպվել են իրենց կազմակերպությունները եւ ստեղծվել է նոր ՊՈԱԿ: Նշված քոլեջները օգոստոսի 18-ին հայց են ներկայացրել վարչական դատարան կառավարության ապրիլի 23-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Գործով որպես պատասխանող նշվել են Կառավարությունն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Աննա Կիրակոսյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նախ ասաց, որ տեղյակ չէ հայցադիմումի մասին և որևէ հարցի չի կարող պատասխանել: Րոպեներ անց զանգահարեց և տեղեկացրեց, որ դատարան դիմելը եղել է կոլեկտիվների պահանջը, սակայն հայցադիմումը դատարան մուտք անելուց մեկ օր հետո որոշել են հետ վերցնել հայցադիմումը՝ հրաժարվելով դատական պաշտպանության իրենց իրավունքից:

Թե ինչու են որոշել մեկ օր անց հրաժարվել պահանջից, Ա. Կիրակոսյանը չպարզաբանեց, նշեց, թե հավելյալ տեղեկություններ չի կարող փոխանցել:

Նշենք, որ Կառավարությունն այս տարվա ապրիլի 23-ին որոշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով դարձյալ նախարարության ենթակայության տակ գործող «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Հիմնավորման մեջ նշվում էր, որ երկու ՊՈԱԿ-ներն էլ ուսումնական գործընթացն իրականացնում են նույն շենքի տարբեր հարկերում: Իրականացնում են գրեթե միևնույն մասնագիտական ուսուցումը, և հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով՝ խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը: Օրինակ՝ «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են և ուսուցանվում են երկու ուսումնական հաստատություններում էլ:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես՝ վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ  (սովորողների թվի փոփոխություն):

Լուսանկարը՝ Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter