HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Գարդենիա»․ բացօթյա թատրոն (լուսանկարներ)

Օգոստոսի 20-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներքին բակում՝ բաց երկնքի տակ, կայացավ «Գարդենիա» ներկայացման առաջնախաղը։

Քառասուն հոգի հանդիսատեսը նստած էր միմյանցից սոցիալական հեռավորություն պահող զույգ-զույգ աթոռներին։ Պիեսը, որ ժամանակակից լեհ թատերագիր Էլա Հովանեցի դրամատուրգիական դեբյուտն է, պատմում է մի ընտանիքի չորս սերունդների կանանց մասին՝ պատմական համատեսքտում դիտարկելով մայրերի ու դստրերի հարաբերությունների բարդությունը։

Բեմադրիչ Գոռ Մարգարյանի քսաներորդ ներկայացումն ընդհանրապես ու առաջինը Ռուսական թատրոնում մասնավորապես, որպես գլխավոր ռեկվիզիտ է օգտագործում թատրոնի բակում ներկայացման համար կառուցված ջերմոցը։

«Ջերմոցից դուրս հերոսուհիները ներկայանում են հասարակությանը, ջերմոցում՝ էնպիսին են, ինչպիսին կան, ինչպիսին են ընտանիքում»,- նշում է բեմադրիչը։

Ի պատասխան համաճարակի մասին հարցին, Գոռն ասում է, որ պիեսը բակում բեմադրելու գաղափարը ծագել է իր ու իր նկարիչ Նելլի Բարսեղյանի մոտ արտակարգ դրությունից մոտ մեկ ամիս առաջ:

«Աշխարհն արդեն վաղուց փոխում է տենդենցները, դուրս է գալիս թատերական արկղիկներից։ Մենք էլ ենք փորձում։ Առաջին անգամն է, որ այս ներքին բակն օգտագործվում է, որպես թատերական հարթակ։ Մեծագույն հաճույք է քաղաքն օգտագործել որպես սցենոգրաֆիա։ Հետագայում էլ եմ պլանավորում գտնել նման հետաքրքիր տեղեր ներկայացումներիս համար»,- նշում է բեմադրության նկարիչ Նելլի Բարսեղյանը։

Գոռ Մարգարյանը երկրորդ հարկից հետևում է ներկայացմանը։

Իհարկե, բացօթյա բեմադրությունն իր հետ բերել է նաև որոշ դժվարություններ։ Մարգարյանը պատմում է․ «Մենք չունենք կուլիսներ, չունենք թաքնվելու տեղ։ Այսինքն ներկայացումը սկսում ենք ու հանդիսատեսի առաջ ենք մինչև ավարտը։ Դերասաններն իրենց մուտքին սպասում են պատուհանին թառած կամ խճաքարերին նստած, ասֆալտին պառկած։ Դերասաններն աշխատում են էքստրեմալ պայմաններում։ Երեկ ներկայացման հենց սկզբից սկսեց անձրև տեղալ։ Հետաքրքիր է, որ ոչ մի հանդիսատես չլքեց ներկայացումը, հովանոցներ բաժանեցինք, էդպես նստած էին։

Փորձերի ընթացքում այցելեցին հարևանները, հարցրին՝ ինչումն է բանը, ինչու ենք ամեն օր կռվում։ Պատուհաններից հաճախ լսում էինք դեռահասների բողոքներ, իբր՝ հոգնեցինք սրանից, ուրիշ բան խաղացեք»։

Ներկայացումը կարող եք դիտել Ռուսական թատրոնում սեպտեմբերին։ 

Տեքստը՝ Նարե Նավասարդյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter