HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Սանիթեք»-ի գործով կասկածյալ չկա, հայտնի է վնասի չափը, բայց այն վերականգնող չկա

11 ամիս է՝ իրավապահ մարմինները քննում են «Սանիթեք Ինթերնեյշնլ» և «Սանիթեք SARL» ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու փաստերի կապակցությամբ հարուցված քրեական գործը: Սակայն, մինչ օրս կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Փոխարենը «Սանիթեք»-ն ակտիվ դատական գործընթացների մեջ է Երևանի քաղաքապետարանի հետ:

Քրեական գործը հարուցվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը մասնակցություն չունի, այլ կերպ ասած՝ չունի տուժողի կարգավիճակ:

Գլխավոր դատախազությունից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Երևան համայնքին պատճառվել է շուրջ 5 մլրդ 314 մլն դրամի նյութական վնաս: Իսկ 580 մլն 347 հազար դրամի վնաս էլ պատճառվել է պետությանը՝ հարկերը վճարելուց խուսափելու հետևանքով: Պատճառված վնասները վերականգնված չեն:

Նշենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել էր, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել հօգուտ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և «Սանիթեք SARL» ընկերությունների: Մասնավերապես՝ կեղծ տեղեկությունները վերաբերել են նշված ընկերությունների՝ մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայությանը՝ ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դա էլ հիմք է հանդիսացել, որպեսզի վերջիններիս հետ կնքվեն Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր (ներառյալ ձմռան ամիսները):

Քննությամբ պարզվել է, որ անտեսվել է նաև հիմնական պայմանագրերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման ֆինանսական կազմակերպության՝ երաշխիքի ներկայացման հանգամանքը: Լիբանանյան «Սանիթեք SARL» ընկերության հետ 2013թ.-ին՝ 10 տարի, իսկ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ու «Սանիթեք SARL» ընկերության (կոնսորցիում) հետ 2015թ.-ին 12 տարի ժամկետներով կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր: 2014թ.-ից սկսած նշված ընկերությունների հետ պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում:

Դրանով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով: Դրա հետևանքով Երևանի համայնքը կրել է 1 մլրդ 607 մլն 722 հազար դրամի չափով նյութական վնաս:

Բացի այդ, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ: Յուրաքանչյուր տարի այդ աշխատանքների համար վճարվել է շուրջ 1 մլրդ 805 մլն դրամ: Սակայն, Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2553 հատը, թեև «Սանիթեքը» պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ, որը մաքրում, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում կպահանջի, միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:

Ծառայություններ մատուցող երկու ընկերությունների ներկայացրած տվյալներով՝ 2014թ. սկսած Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել և տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներ:

Պայմանագրերով նախատեսված են եղել կոնտեյներների 4000 հարթակների մաքրման աշխատանքներ, մինչդեռ դրանցից կառուցվել է ընդամենը 459-ը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հարթակների մաքրման համար գումարները վճարել են 100 %-ով այն դեպքում, երբ կառուցված է եղել միայն դրանց շուրջ 20 %-ը: Արդյունքում 2014թ. սկսած գոյություն չունեցող հարթակների մաքրման համար ավել է վճարվել շուրջ 354 մլն դրամ և Երևանի քաղաքապետարանին պատճառվել է նույնքան նյութական վնաս:

Իրավապահ մարմինները եզրակացրել են, որ ընկերության իրավասու անձինք, իմանալով, որ նախատեսված թվով կոնտեյներների փոխարեն տեղադրվել է ավելի քիչ, իսկ աղբի կոնտեյներների հարթակների մաքրման ծառայությունները մատուցել են 20 %-ի չափով՝ առերևույթ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով 3 մլրդ 706 մլն դրամի չափով ավել գումար են ստացել փաստացի ձեռք չբերված աղբի կոնտեյներների տեղադրման և այլ ծառայությունների դիմաց: Իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ: Դրա արդյունքում տարիներ շարունակ համայնքային բյուջեից վճարել են փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների դիմաց: Արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5 մրդ 314 մլն դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Գումարի բռնագանձման հայցադիմումներ՝ «Սանիթեքի» և Երևանի քաղաքապետարանի կողմից

«Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վ. Մարգարյանը 21.06.2019թ. հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 40 մլն 100 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին: Նույն գործի շրջանակներում, գումարի բռնագանձման պահանջով, «Սանիթեք»-ի դեմ հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը՝ պահանջելով 2 մլրդ 589 մլն 138 հազար դրամ:

Միայն քաղաքապետարանի կողմից վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմել է 51 մլն 783 հազար դրամ: Քաղաքապետարանը նշել է, որ «Սանիթեքի» կողմից ծառայություններ չմատուցելու արդյունքում ստիպված է եղել կատարել ահռելի ֆինանսական ծախսեր և կապիտալ ներդրումներ՝ սեփական միջոցներով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ իրականացնելու համար: Նշված ծախսերի ծավալը 2019թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է ավելի քան 1.6 մլրդ դրամ: Երևան համայնքը ձեռք է բերել մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ ներդրումներ նշված ծառայությունների իրականացման համար:

Չնախատեսված ծախսերի և կապիտալ ներդրումների հետ մեկտեղ պետական տուրքի գումարի ամբողջ չափով վճարման պարտավորությունը ֆինանսական մեծ բեռ է Երևան համայնքի համար: Քաղաքապետարանը վճարել է 500 հազար դրամ, իսկ մնացածի մասով ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով պետական տուրքի մնացորդի վճարումը տարաժամկետել և այդ հարցին անդրադառնալ կայացվելիք դատական ակտով: Առաջին ատյանի դատարանը մերժել էր քաղաքապետարանի միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումը վերադարձրել: Սակայն, քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է և վերացրել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Այս գործով դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 24-ին, և այս պահին հայտնի չէ, թե կողմերն ինչ գումար են պահանջում միմյանցից:

Սնանկ «Սանիթեքը» դեռ դատական գործընթացների մեջ է

Մեկ այլ գործով, «Մոսէսքո» ՍՊԸ-ի դիմումով, Սնանկության դատարանը «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին 2019թ. նոյեմբերի 13-ի վճռով ճանաչել է սնանկ, որի վարույթը դեռևս շարունակվում է: Ուշագրավն այն է, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:

Գործով պարտատերեր են հանդես եկել՝ «Մոսէսքո» ՍՊԸ-ն, «Միկմետալ» ՍՊԸ-ն, Երևան համայնքը, ՊԵԿ-ը, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, «Ավտոստոպ» ՍՊԸ-ն, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, «Նախշին» ՍՊԸ-ն, «Նոր Աստղ» ՍՊԸ-ն, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն, «Եռյակ» ՍՊԸ-ն, «Ավտոֆան Էյ Սի» ՍՊԸ-ն, «Նյու Թրաք» ՍՊԸ-ն, «Էվէ կոմ» ՍՊԸ-ն, «Քկոավտո» ՍՊԸ-ն, «Գոարշո» ՍՊԸ-ն, «Արպանիվ» ՍՊԸ-ն, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, Ա/Ձ Լարիսա Թևոսյանը, Ա/Ձ Արթին Զաբոյանը, Ա/Ձ Վարդան Սէրսէրյանը, Ա/Ձ Անահիտ Բադայանը, Ա/Ձ Հակոբ Ճենանյանը:

Դատարանի 11.03.2020թ. որոշմամբ Երևան համայնքը գրանցվել է որպես 2 մլրդ 940 մլն դրամ գումարի չափով պարտատեր:

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն իր հերթին 24 մլն 702 հազար դրամ բռնագանձելու մասին Երևանի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը փոխանցվել է Սնանկության դատարանին, և կատարվում է քննություն:

«Սանիթեքի» ոդիսականը

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով դեռևս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեց երկուսը: Մեկը՝ լիբանանյան «Սանիթեք SARL» ընկերությունն էր, որը պատասխանատու էր Երևանի արևմտյան հատվածի մաքրության համար, երկրորդը՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը։ Վերջինս էլ պետք է իրականացներ արևելյան հատվածի աղբահանությունը, սանիտարական մաքրումը:

«Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ»-ը հիմնադրվել է 2010թ. սեպտեմբերին, Բեյրութում, իսկ 2014թ. դեկտեմբերից իր հայաստանյան մասնաճյուղով գործում է նաև Երևան քաղաքում:

«Սանիթեք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ»-ը գրանցվել է 2014թ. հուլիսի 14-ին: Ընկերության տնօրենը «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համասեփականատեր և տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլն է:

Իսկ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2015թ. մարտի 17-ին: Ընկերության բաժնետերերի 55 %-ը պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Միքսդ ինդասթրիս կորպ.» ՍՊԸ-ին: Օֆշորային այս ընկերության հետ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում բաժնեմասեր ունեն նաև լիբանանցիներ Սարի Հադդադը՝ 5 %, և Նիքոլա Էլ Թաուիլը՝ 40 %: Վերջինս նաև «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրենն է:

register.jpg (64 KB)

2013-ի սեպտեմբերի 17-ին «Սանիթեք SARL» ընկերության (որոշ փաստաթղթերում նշված է «Սանիտեկ» ՍՊԸ) և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի (10 տարի) ծառայությունների մատուցման բազային միավորի գինը կազմել է 2 մլրդ 589 մլն 138 հազար դրամ: 15.09.2015թ. կնքած թիվ 1 փոփոխությամբ պայմանագրի ժամկետը երկարաձգվել և սահմանվել է 12 տարի:

Մինչ այդ պայմանագրի կողմերը 11.08.2014թ. համաձայնագիր են ստորագրել, որով  «Սանիթեք SARL» ընկերության իրավունքներն ու պարտականությունները կիրականացնի «Սանիթեք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ»-ը:

Կարճ ժամանակ անց «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը դուրս մնաց շուկայից և 2015թ․-ի մարտի 27-ին «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի ու «Սանիտեք SARL» ընկերության, որոնք հանդես են եկել, որպես կոնսորցիում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի միջև կնքվեց նաև մայրաքաղաքի արևելյան հատվածի աղբահանության, սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր: Դրանով իսկ «Սանիտեք SARL»-ը ստանձնել է ամբողջ մայրաքաղաքի մաքրման աշխատանքների պատասխանատվությունը: Սակայն, ընկերությունը Էրեբունի վարչական շրջանում իր աշխատանքները սկսել է 2016թ. մարտի 16-ից: Մինչ այդ քաղաքի աղբահանությամբ զբաղվում էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող «Էրեբունի մաքրություն» ընկերությունը: 2013 և 2015 թվականներին կնքված պայմանագրերի համաձայն՝ քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի «Սանիթեք SARL» պետք է վճարեր տարեկան մոտ 5 մլրդ 39 մլն դրամ։

Դեռևս 2017թ․-ից Երևանի իշխանությունները և բնակչությունը պարբերաբար դժգոհում էին քաղաքի մաքրման աշխատանքների որակից: Աղբի կույտերի նկարները ողողում էին համացանցը՝ նշագրումներով, որ օրերով աղբը չի տեղափոխվում:

Երկրում իշխանափոխությունից հետո, երբ Երևանի քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանը, ավելի սրվեցին քաղաքապետարանի և «Սանիթեքի» փոխհարաբերությունները: Ստեղծված իրավիճակը պատճառ դարձավ, որ քայլեր ձեռնարկվեն այդ ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարումն ու դրանց կնքման օրինականությունը ստուգելու ուղղությամբ:

Մայրաքաղաքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու ավագանու որոշում էր դրվել շրջանառության մեջ: 2019թ. ապրիլի 23-ին ընդունված ավագանու որոշումով՝ ստեղծվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նույն տարվա օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը:

Իսկ 2019թ․ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետը, դիմելով երևանցիներին, ասել էր, թե 2019թ. հուլիսից իր հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը: Այն ավարտվել է, և ունեն ամբողջական պատկերը: Քաղաքապետը նաև արձանագրել էր, որ 2019թ․ օգոստոսի 29-ից «Սանիթեքն» իսպառ դադարեցրել է ծառայությունների մատուցումը: Դրանից ելնելով էլ,
հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ ամբողջությամբ միակողմանի կերպով լուծել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:

Դրան նախորդել էին տուգանքները, որոնք կիրառվել էին ընկերության նկատմամբ՝ պայմանագրի կետերի խախտման համար։ Ընկերությունը նաև նախազգուշացվել էր, որ ծառայությունները պատշաճ չկատարելու դեպքում կկիրառվեն ավելի կոշտ միջոցներ։

Ընկերության տնօրինությունն էլ լրագրողների հետ զրույցում պատճառաբանում էր, որ չորս տարվա ընթացքում այրվել է մոտ 1000 աղբաման, կոտրվել է մոտ 2000-ը, ինչը ընկերությանը 700 հազար դոլարի վնաս է պատճառել։ Մինչդեռ պայմանագիրը կնքելու ժամանակ հնարավոր վնասի չափը նախատեսել էին 200 աղբամանի հաշվարկով։ «Շատ աղբամաններ օգտագործվում են ոչ ըստ նշանակության։ Շատ է շինարարական աղբը, որը բեռնվում է աղբահանության համար նախատեսված մեքենաներ, և պատճառում է 20 հազար դոլարի վնաս»,- ասել էր ղեկավար Նիկոլաս Տավինը՝ դժգոհելով նաև աղբավայրերի ճանապարհների վատ վիճակից, ինչը լրացուցիչ վնաս է պատճառում նաև իրենց շարժական գույքին՝ ավտոմեքենաներին:

«Սանիթեքը» պարբերաբար հայտարարում էր, որ վեճը լուծելու է միջազգային արբիտրաժային դատարանում: «Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիքոլա Էլ Թաուիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ»,-նշել էին ընկերությունից՝ 2019թ. հոկտեմբերի 14-ին տարածելով մամուլի հաղորդագրություն:

Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նմանատիպ վեճ կա, ինչին գրավոր պատասխանել են, թե «Արբիտրաժային դատարան նշված ընկերությունների դիմելու վերաբերյալ տեղեկատվություն առ այս պահը Երևանի քաղաքապետարանում առկա չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter