HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դռնբաց դատական նիստը մեկնարկեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի սկսվեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, Ֆինասնաների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործը դատաքննության նախապատրաստելիս նրանց խափանման միջոցի հարցի լուծման վերաբերյալ դատական նիստը։

Գագիկ Խաչատրյանը նիստին չի ներկայացել՝ չնայած այս գործով առաջին դատական նիստը խնդրել էր հետաձգել, որպեսզի այսօր ներկայանա։

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում է Խաչատրյանը, վերջինս գրություն է ուղարկել այն մասին, որ առողջական վիճակով պայմանավորված՝ չի կարող ներկայանալ: Միաժամանակ Խաչատրյանը չի առարկել, որ նիստը կայանա իր բացակայությամբ։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նույնպես չառարկեց, որպեսզի նիստը շարունակվի իր պաշտպանյալի բացակայությամբ՝ հաշվի առնելով, որ գործով առկա է դատավարական ժամկետներ պահպանելու խնդիր։

Նշենք, որ վաղը՝ օգոստոսի 27-ին, կլրանա Գագիկ Խաչատրյանի՝ անազատության մեջ գտնվելու մեկ տարին, մինչ այդ դատարանը պետք է նրա խափանման միջոցի հարցով որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008 թվականի. ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված Հիդրոապարատ ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34 մլն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2 մլրդ 624 մլն դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Կարեն Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008թ. հուլիսի 1-ից մինչև 2014թ. մարտի 12-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի պետի, իսկ 2014թ. մարտի 12-ից մինչև 2014թ. մայիսի 23-ը կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև՝ 2014թ. մայիսի 23-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 21-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական՝ 2008թ. հունիսի 4-ից մինչև 2008թ. օգոստոսի 20-ը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ, այնուհետև՝ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը, ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՀՀ ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ:

Նիստը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter