
Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ծառայողներից: Հայկ Գրիգորյանը ղեկավարում է քննչական խմբի կողմից կատարվող աշխատանքները:
Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին.:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում ներկայումս հարցաքննվում են նշված շենքի բնակիչները, քննչական խմբի կողմից զուգահեռ քննչական գործողություններ են իրականացվում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Մեկնաբանել