HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի գործով դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, շարունակվում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի գործով դատական նիստը։

Դատարանը նիստի մեկնարկին անդրադարձավ իրեն ինքնաբացարկ հայտնելու հարցին։

Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անհրաժեշտ համարեց դատավոր Արթուր Մկրտչյանից որոշակի պարզաբանումներ ստանալ։

Դատավոր Մկրտչյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։ Գործի նախաքննության ընթացքում նա է մակագրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունները, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում կայացված մի շարք որոշումների դեմ պաշտպանների բողոքները։ Երեմ Սարգսյանը նշեց, որ այդ բոլոր գործերը մակագրվել են դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

«Այնպես էր ստացվել, որ Արտուշ Գաբրիելյանը կցված էր որպես Գագիկ Խաչատրյանի դատավոր, մեզ համար դա կասկածելի էր և մշտապես նրան ինքնաբացարկ էինք հայտնում»,- ասաց Երեմ Սարգսյանն ու նշեց, որ այժմ էլ, փաստորեն, Գագիկ Խաչատրյանի գործը պետք է քննի այն անձը, որը Արտուշ Գաբրիելյանին էր մակագրում մինչդատական վարույթի ընթացքում նրա վերաբերյալ գործերը։

Պաշտպանը խնդրեց բացահայտել, թե ի՞նչ կարգով է որոշվել, որ Գագիկ Խաչատրյանի գործով միջնորդությունները մակագրվեն հենց Արտուշ Գաբրիելյանին, նաև նկատեց, որ սովորաբար դատարանի նախագահը, մյուս դատավորների համեմատ, սակավաթիվ գործեր է քննում։

Դատախազ Գևորգ Սարգսյանն, անդրադառնալով Երեմ Սարգսյանի այն դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ միջնորդությունները մշտապես մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, նշեց, որ այս գործով միջնորդությունը քննել է նաև դատավոր Վահե Միսակյանը։

Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ի պատասխան հիշեցրեց, որ դատավոր Վահե Միսակյանը միջնորդություն է քննել այն ժամանակ, երբ Արտուշ Գաբրիելյանն արձակուրդում է եղել։

Անդրադառնալով Երեմ Սարգսյանի հարցադրմանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանը միայն նշեց, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատարանի նախագահն ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը, ինքն իր այդ գործառույթն է իրականացրել և մինչդատական վարույթի ընթացքում առկա գործերը մակագրվել են՝ ի թիվս այլնի հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը։ Ինչ վերաբերում է արդեն բուն գործի քննությունն իրեն մակագրվելու հանգամանքին, դատավոր Մկրտչյանը նշեց, որ քրեական գործերը մակագրվում են համակարգչային եղանակով։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենք տիրապետում են օրենքին, և եթե այս քրեական գործը այլ դատավորի մակագրվեր, իրենց մոտ կասկածներ չէին առաջանա՝ կապված մակագրման հետ։

Սարգսյանը հիշեցրեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսային խոսակցություների գաղտնալսման մասին, ընդգծեց, որ դրանցում դատավորներին ցուցումներ տալու մասին խոսակցություններ են եղել, որոնք խնդրահարույց են։

Պաշտպանը նաև հիշեցրեց, որ ԱԱԾ-ի՝ օպերատիվ հետախուզական միջացառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները քննում է Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը՝ այսպիսով փաստելով, որ դատավոր Մկրտչյանի առնչությունն ԱԱԾ-ին ակնհայտ է։

«Մեր բախտն այս առումով կարծես թե չի բերում, ուզում եմ հասկանալ՝ այս գործը դիտավորյա՞լ է ձեզ մակագրվել, թե՞ կա այլ պարզաբանում»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը դատավոր Արթուր Մկրտչյանին է մակագրվել օգոստոսի 17-ին։ Երեմ Սարգսյանը նաև հարց բարձրացրեց, որ օբյեկտիվորեն հնարավոր չէր 9 օրում ծանոթանալ 10 հազար թերթից ավելի գործի նյութերին, ու տարակուսանք հայտնեց, որ առանց քրեական գործի հանգամանքներին ծանոթ լինելու, դատավոր Արթուր Մկրտչյանը կարող է օբյեկտիվ որոշում կայացնել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով։

Այս և այլ հանգամանքներ մատնանշելով՝ Սարգսյանը նշեց, որ թեև ինքը տեսնում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր՝ տվյալ պահին այդպիսի միջնորդություն չի ներկայացնում։

Հետո դատարանում քննության առարկա դարձավ դատախազ Գևորգ Սարգսյանին բացարկելու հարցը։ Երեմ Սարգսյանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց, դրան միացավ նաև Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատախազ Սարգսյանը գործի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել, իսկ գործի քննության ընթացում թույլ են տրվել մի շարք խախտումներ, որոնք չեն վերացվել։

Ըստ Երեմ Սարգսյանի՝ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո իրենց չեն տրվել գործի ամբողջական նյութերը, իրենց՝ պաշտպաններին բավարար ժամանակ չի տրամադրվել գործի նյութերին նախաքննության ավարտից հետո ծանոթանալու համար, ԱԱԾ-ում Խաչատրյանների և ՊԵԿ այլ պաշտոնյանների վերաբերյալ քննվող գործից Խաչատրյանների մասն անհիմն է անջատվել, որ անտեսվել է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ իրենց բարձրացրած խնդիրները։

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը, վկայակոչելով օրենքով դատախազին բացարկ հայտնելու հիմքերը, նշեց, որ պաշտպանի կողմից վկայակոչած փաստարկներից որևէ մեկը օրենքով բացարկ հայտնելու հիմք չէ, իսկ գործով դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում նրա կայացրած որոշումները չեն կարող նրան բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք հանդիսանալ։

Երեմ Սարգսյանը հակադարձեց, որ բացարկի հիմք ի թիվս այլնի՝ կարող է լինել դատախազի կանխակալ վերաբերմունքը որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ։ Խոսքն, ըստ էության, հենց այս մասին է։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց բացարկի միջնորդությունը, այսինքն՝ դատախազ Գևորգ Սարգսյանը կշարունակի պաշտպանել Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով մեղադրանքը։

Գլխավոր լուսանկարում՝ դատախազ Գևորգ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter