HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անձը չի կարող մասնակցել պետգնման ընդունման-հանձնման գործընթացին, եթե պայմանագրի կողմ է իր մերձավոր ազգականը. նոր նախագիծ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ու խմբակցության ղելավար Լիլիթ Մակունցը փոփոխություններ են առաջարկում «Գնումների մասին» օրենքում` գնումների գործընթացը հնարավորինս թափանցիկ դարձնելու համար: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 21-ին:

Առաջարկվում է օրենքում ամրագրել, որ Կառավարությունը հաստատում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը: Ընդ որում` կարգը նախատեսում է կարգավորումներ նաև պայմանագրերի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ, հաշվի անելով, որ`

ա. այն պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում:

բ. գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին:

գ. գործընթացին մասնակցելու պայմանները և դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ, նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից:

դ. անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում վերջինիս կամ իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուի կողմից հրապարակվում է տեղեկագրում:

ե. գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի` պայմանագրի կատարման և կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ, պայմանով, որ  անձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ: Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է` գործընթացին մասնակից դարձնելով նաև պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում.

զ. եթե միևնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումը առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա վերջինս զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություներից, ինչի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն:

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման նախագիծ հեղինակելու ազդակը եկել է բիզնես շրջանակից` որոշակի կասկածներով, որ ինչ-ինչ գործընթացներ այնքան էլ թափանցիկ չեն:

«Մենք` որպես իշխանություն, մեր նախընտրական խոստումներում էլ ֆիքսել ենք, որ պետական կառավարման համակարգը պետք է զերծ լինի կոռուպցիայից, հետևաբար գնումների գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և այստեղ պետք է որոշակի վերահսկողական գործիքներ լինեն»,- ասում է Պապոյանը:

Պատգամավորի խոսքով` դա էլ պատճառ է դարձել, որ հանրությունը ներկայացնող երեք սուբյեկտների` գնումներ գործընթացների մասնակից, բայց չհաղթած տնտեսվարողները, գնումների ոլորտում մասնագիտացված ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները հնարավորություն ստանան դառնալ այդ պրոցեսի մասնակիցը, իրականացնեն հանրային վերահսկողություն: Այդ դեպքում մի կողմից կբացառվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից` հանրությունը վստահ կլինի իր վճարած հարկերի արդյունավետ ծախսման մեջ:

Ըստ Պապոյանի` Կառավարությունը հանրային քննարկման կներկայացնի գնումների տեխնիկական կարգավորումներին առնչվող սկզբունքները, և յուրաքանչյուրն իր աաջարկները կարող է ներկայացնել, որ տեխնիկական կողմը լինի ամբողջությամբ ընդունելի բոլոր կողմերի համար: Նախագծի համահեղինակն ասում է` հանրային վերրահսկողության պարագայում պետք է բացառվի շահերի բախումը, ապա հավելում, որ եթե ինչ-որ դրույթներ բաց են թողել, ապա պատրաստ են ողջամիտ առաջարկները ներառել մինչ առաջին ընթերցում:  

Նախագծի վերաբերյալ քննարկումներ եղել են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ, իսկ Ֆինանսների նախարարությունը առաջարկները ողջունել է: Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Լուսանկարում` Գևորգ Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter