HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում կայացել է Լավրով-Բայրամով հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 26-ին Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Սա Բայրամովի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է։ 

Հանդիպումից հետո Լավրովը նշել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը։ «Մենք բոլորս միտված ենք հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովմանը։ Այս իմաստով անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ՝ բանակցությունների կայուն գործընթացը ապահովելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նա նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամեն կերպ կօգնի ստեղծել այդպիսի պայմաններ։

Իր հերթին Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հույս ունի տեսնել Ռուսաստանի ակտիվությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ մատնանշելով, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել այն։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Լավրովը նշել է, որ առկա է բավականին լուրջ բազա, որը հնարավորություն կարող է տալ լուծելու հիմնախնդիրը։ «Ցավալի կլիներ այն կորցնել։ Այդպիսի փորձերը, ցավոք, մենք տեսել ենք, ներառյալ բանակցողների կազմի փոփոխության ջանքեր, ինչն անընդունելի է համանախագահների համար։ Մենք այդ մասին հայտարարել ենք։ Սակայն, բնականաբար, չէին խանգարի առավել ինտենսիվ բանակցությունները»,- հայտարարել է Լավրովը։

Արցախյան հակամարտությունից զատ կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում փոխադարձ գործակցությունը։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական պատվաստանյութով։ Ըստ նրա սա այն ոլորտներից մեկն է, որտեղ Բաքուն ու Մոսկվան կարող են համագործակցել։ Լավրովն էլ հավելել է, որ ռուսական պատվաստանյութն առաջին հերթին կմատակարարվի հարևան երկրներ։

Լավրովը նաև նշել է, որ որ երկու երկրները կխորացնեն համագործակցությունն էներգետիկ ոլորտում՝ հավելելով, որ բանակցություններ են վարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի ինտեգրման հարցի ուղղությամբ։

Լուսանկարը՝ Пресс-служба МИД РФ/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter