
ՀՀ-ում կովերը, խոզերը, ոչխարներն ու այծերը շատացել են
Այս տարի անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում ավելացել է կովերի, խոզերի, ոչխարների եւ այծերի գլխաքանակը: Հաշվառումն անց է կացվել բոլոր մարզերի 312 գյուղական բնակավայրերի 10436 գյուղացիական տնտեսություններում:
Անասնագլխաքանակի ամենամյա համատարած հաշվառումն անց է կացվել հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ) 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ: Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքագրվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով:
Հունվար-փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հանրապետության բոլոր մարզերի 312 գյուղական բնակավայրերի 10436 գյուղացիական տնտեսություններում անց են կացվել անասնագլխաքանակի հաշվառման արդյունքների ստուգումներ (ստուգաճշտումներ), որոնց նպատակը եղել է անասնագլխաքանակի համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատումը:
Ստուգաճշտմամբ ստացված տվյալներով ճշգրտվել են համատարած հաշվառման արդյունքները, այսպես. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 1.0 %-ով, կովերինը` 1.2 %-ով, խոզերինը` 6.3 %-ով, ոչխարներինը և այծերինը` 2.5 %-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետությունում հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 599.243 խոշոր եղջերավոր անասուն, որից 283.349-ը՝ կով: Խոզերի թիվը կազմել է 108.088, ոչխարներինը՝ 561.634, այծերինը՝ 28.580: Ամենափոքրը եղել է ձիերի թվաքանակը՝ 9.912:
Մեկնաբանել