HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նոր նախագիծ` ՄԻԱՎ-ի կանխարգելման և վարակակիր անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Ըստ գործադրի հիմնավորման` փաթեթի ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու անհրաժեշտությամբ:

Առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կրկնակի բժշկական հետազոտություն առողջապահության նախարարության սահմանած ընթացակարգերին և կլինիկական ուղեցույցերին համապատասխան: Միևնույն ժամանակ առաջարկվում է դադարեցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի գործունեությունը` հնարավորություն ընձեռելով, որպեսզի վարակի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և մոնիթորինգի միջոցառումները, ինչպես նաև ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում` կրկնակի բժշկական հետազոտությունները կատարվեն նաև այլ բուժհաստատություններում:

Փոփոխության է ենթարկվում նաև օրենքի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է ՄԻԱՎ-ով վարակված և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությանը և դրա փոխանցմանը ներկայացվող պահանջներին: Նշվում է, որ ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկի կողմից տրամադրվում են հետազոտվող անձին, իսկ մինչև 14 տարեկան հետազոտվող անչափահասին` օրենքով սահմանված կարգով:

ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում բժիշկը ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի ամուսնուն կամ զուգընկերոջը կարող է տեղեկացնել այն դեպքերում, երբ անձի կողմից կա գրավոր համաձայնություն:

Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանն առնչվող հոդվածներին, ապա այստեղ հստակեցումներ և մեղմացումներ են արվել:

Ըստ նախագծի հիմնավորման` միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ չկան ապացույցներ այն մասին, որ քրեական իրավունքի նորմերի կիրառումը հանդիսանում է արդյունավետ միջոց ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Նշվում է, որ ՄԻԱՎ-ի փոխանցման քրեականացումը` որպես նոր դեպքերի կանխման և համաճարակային կայուն իրավիճակի ապահովման հիմք, ճկուն գործիք չէ:

Նախագծում անդրադարձ կա նաև ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրին, ըստ որի՝ երկրներին առաջարկվում է վերանայել իրենց քրեական օրենսդրությունը` սահմանափակելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, որի արդյունքում այդ վարակը փոխանցում է այլ անձանց:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը կոչ է անում չկիրառել քրեական պատասխանատվություն հետևյալ դեպքերի համար`

  • երբ անձը տեղեկացված չէ իր հիվանդության մասին,
  • երբ անձը չի հասկանում, թե ինչ ուղիներով է փոխանցվում ՄԻԱՎ-ը,
  • բացահայտել է իր ՄԻԱՎ կարգավիճակը տվյալ անձին,
  •  չի բացահայտել իր կարգավիճակը, քանի որ վախեցել է բռնությունից կամ այլ ծանր բացասական հետևանքներից,
  •  ձեռնարկել է որոշակի միջոցներ, որպեսզի նվազեցնի վարակի փոխանցման վտանգը,
  •  երբ կողմերի միջև եղել է նախնական համաձայնություն` ընդունելով հնարավոր վտանգը:

Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված` դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:

Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 25-ին: Հիշեցնենք, որ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար այն պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter