HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն

Կառավարությունն առաջարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարել` մասնավորեցման ցանկում ներառելով նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ):

Ընկերությունը պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ստորգետնյա հանքերում և շինություններում՝ իրականացնելով հանքի օդի բաղադրության մշտադիտարկում, հնարավոր փլուզումների և այլ վթարների կանխարգելմանն ուղղված  միջոցառումներ, իսկ վթարների դեպքում՝ փրկարարական աշխատանքներ իր ենթակայությամբ գործող տարածքային մասնագիտացված ստորաբաժանումների (ջոկատների) միջոցով): Այն Հայաստանի Հանրապետությունում միակ նման ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետևանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի և որակյալ ծառայության մատուցման համար:

Նշվում է նաև, որ ընկերության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումից, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական և տեխնիկական աշխատանքների կատարումից, պողպատյա ճոպանների փորձարկումից, թթվածնային և այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումից, հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումից, հանքախորշերում փոշու և գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությունից:

Մասնավորեցման առաջարկի համար հիմք է հանդիսացել վարչապետի հանձնարարականը՝ վերանայել պետության կողմից ստեղծված կազմակերպությունների կարգավիճակը և դրանցում հնարավորինս նվազեցնել պետության մասնակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ և կառավարել ավելի արդյունավետ: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 20-ին:

Հիշեցնենք, սակայն, որ նախագիծը կարող է ընդգրկվել խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ` բացառապես գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter