HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կապսի կիսակառույց ջրամբարի վերակառուցման նպատակով կվերաբնակեցվի Ջրաձոր համայնքը

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվել է իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1»՝ մասնավորապես Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը։ Այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության որոշմամբ հաստատվեց ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը։

Նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, առաջին փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3:

«Խոսքը վերաբերում է 1985 թվականից նախատեսված դեռևս կառուցվելիք Կապսի ջրամբարին, որի նպատակը պիտի լիներ 30 հազար հողերի ոռոգման ապահովումը։ 1988 թվականի երկրաշարժը, դեպքերի հետագա զարգացումը 1993 թվականին բերեցին նրան, որ այդ շինարարությունը կասեցվեց, ինչի արդյունքում ունենք քիչ չափով կառուցված պատվար, շրջանցիկ թունել, որով գետը շրջացում է պատվարը, և իրավիճակ, երբ Ջրաձոր համայնքում և հարակից միջավայրում որևէ գործողություն չի արվել՝ ակնկալելով, որ ջրամբարն, այնուամենայնիվ, հետագայում պիտի կառուցվի»,- նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ դրա իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը: Դա կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն և բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև գյուղական շրջանների զարգացման խթանմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Բացի դրանից՝ ծրագրի նպատակն է նպաստել պարենային ապահովությանը, ավելացնել գյուղատնտեսական արդյունավետությունը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ, պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը և բիոբազմազանությունը, ինչպես նաև նվազեցնել Կապսի ջրամբարից ներքև գտնվող բնակչության անվտանգության ռիսկը:

Համաձայն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3)  ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի  Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի, մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։

Հետագայում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային և հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խոսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում  իրականացնել ազդակիր հողերի օտարում։

Ծրագրի վարկային համաձայնագրի առանձին համաձայնագրով հողերի ձեռքբերման և վերաբնակեցման հարցի կարգավորումը սահմանված է որպես ջրամբարի շինարարական պայմանագրի ստորագրման նախապայման, իսկ վերաբնակեցման ծախսերի փոխհատուցման պարտավորությունը վերապահված է Կառավարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter