
Սահմանամերձ համայնքների բնակիչները աջակցություն կստանան
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի առաջարկությունների նախագծին։
«Օրենքի նախագիծն աշխատում է 16 համայնքների 38 բնակավայրերի մասշտաբով։ 2018 թվականի տվյալներով հողի հարկի շահառուները 15,200-ն են, էլեկտրաէներգիայի շահառուները 13,800-ն են, և բնական գազինը՝ 9,200»,- հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Առաջարկությունները վերաբերել են մի քանի խնդիրների, մասնավորապես՝ փոխհատուցման մեխանիզմներ են առաջարկվել սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցների աշակերտներին տրամադրվող գրքերի և դասագրքերի վերաբերյալ։
Առաջարկությունների երկրորդ խումբը վերաբերում է գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով կորսված կամ ոչնչացած գույքի փոխհատուցմանը։
Իսկ երրորդ խումբը՝ միանվագ դրամական փոխհատուցումներին։ Դրանք կտրվեն այն քաղաքացիներին, որոնք ձեռք են բերում առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն, համապատասխանաբար՝ 3, 2 և 1 մլն դրամի չափով։ Զոհված քաղաքացիների ընտանիքներին միանվագ կտրվի գումարային հատուցում 5 մլն դրամի չափով։
Լուսանկարը՝ կառավարության արխիվից
Մեկնաբանել