HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին և այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:

Վերջինս, ստանալով կաշառքի գումարները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է` խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` պատշաճ չի ստուգել վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների` ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, հուշել է թեստի հարցերի ճիշտ պատասխանները, իսկ տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին արձանագրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված քաղաքացիները հանձնել են տեսական քննությունն ու ճիշտ են պատասխանել քննական հարցերին:

Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետևանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B»,  «B, C» կարգերի վարորդական վկայականներ:

Վերը նշված արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/, 311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/, 38-34-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու միջնորդության և կաշառք տալու փորձի համար ևս 13 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի և մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter