HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թատրոնի «հեքիաթը» վերականգնելու սպասումով աճեմյանցիները պատրաստվում են 155-րդ թատերաշրջանին

Հոբելյանական 155-րդ թատերաշրջանը Գյումրու դրամատիկական թատրոնում կկայանա, սակայն երբ, ինչ ձեւաչափով, հանդիսատեսի քանակային ինչ սահմանափակմամբ՝ դեռեւս հայտնի չէ: Թատրոնում վերջին ներկայացումը խաղացել են 2020թ.-ի մարտի 12-ին, երկու օր անց նախատեսված էր առաջնախաղ, սակայն մարտի 16-ին՝ համավարակով պայմանավորված, երկրում մտցվեց արտակարգ դրություն, եւ արդեն 6-րդ ամիսն է` գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն չունի ներկայացում դիտելու: Ապրիլ եւ մայիս ամիսներին պլանավորած 18 ներկայացման տոմսերը գյումրեցիները չեն վերադարձրել, սպասում են պարետատան սահմանած խստացումների մեղմացմանը եւ դահլիճում ներկայացում դիտելու հնարավորությանը:

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ մեր հանդիսատեսին, իրոք յուրահատուկ հանդիսատես ունենք,-ասում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը,-այս ամիսների ընթացքում ոչ մի գյումրեցի, որ աբոնիմենտային տարբերակով մեզանից գնել էր մի քանի ներկայացումների տոմսեր, չի եկել, տոմսը չի վերադարձրել: Նշանակում է, որ մարդիկ համբերատար սպասում են համավարակի ավարտին՝ կրկին թատրոն վերադառնալու ակնկալիքով, ու սա պարտավորեցնող է»:

COVID-19-ն իր պայմանները թելադրեց նաեւ թատերական աշխարհին` սկզբում տանը մնալու երկամսյա պարտադրանք, հետո՝ փոքր խմբով աշխատելու թույլտվություն, այնուհետեւ առաջարկ եղավ թատրոններին ներկայացումները դահլիճներից փոխադրել օնլայն հարթակ, հիմա արդեն թույլատրվում են բացօթյա ներկայացումները, սակայն եւ՛ դերասանները, եւ՛ հանդիսատեսն անհամբեր սպասում են դահլիճային ներկայացումներին:

«Մենք հետեւել ենք պարետատան բոլոր ցուցումներին, փորձեցինք հանդիսատեսի հետ կապը պահել բոլոր հնարավոր տարբերակներով: Օնլայն տիրույթում մարդիկ հնարավորություն ունեցան դիտելու մեր ախիվային ներկայացումները, սեպտեմբերի 1-ին բացօթյա ներկայացում ենք նախատեսել, որի համար օգտագործելու ենք Հայորդաց տան հետնաբակը, այս ամենին զուգահեռ թատրոնում ընթանում են երկու նոր ներկայացման փորձեր: Երբ հայտարարվի, որ արդեն կարող ենք անցնել դահլիճային ներկայացումների, մենք հանդես կգանք երկու առաջնախաղով»,-նկատում է Լյուդվիգ Հարությունյանը:

atchemyan theatre_2.jpg (289 KB)

Անցած 6 ամիսները փորձություն էին թատրոնի համար: 120 հոգուց բաղկացած աշխատակազմը չի կրճատվել, սակայն, վիրուսային հիվանդության վտանգները հաշվի առնելով, սահմանափակել են ռիսկի գոտում գտնվող մեծահասակ աշխատակիցների շփումները: Նոր ներկայացումներում հիմնականում ընդգրկված են երիտասարդ դերասանները: Գյումրու դրամատիկականում ներկայում ընթանում են իսպանացի դրամատուրգ Անտոնիո Բուերո Վալեխոի «Բոցավառ խավարում» ներկայացման փորձերը: Պիեսը կույրերի խնդիրների մասին է, ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է: Մյուս ներկայացման ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է: Նա չցանկացավ փակագծերը շատ բացել, միայն հայտնեց, որ թեման ինքն առաջարկել է գյումրեցի դրամատուրգ Բաբկեն Զաքարյանին, պիեսի վրա զուգահեռ աշխատում է նաեւ դրամատուրգ Անահիտ Աղասարյանը, կլինի հետաքրքիր, երիտասարդական ներկայացում:

«Մենք ձգտում ենք կապը պահել նաեւ պատանի հանդիսատեսի հետ: Սեպտեմբերի 1-ին բացօթյա խաղալու ենք «Կորժիկը, կոմպոտը եւ կարամելկան» ներկայացումը, որի առաջնախաղը պիտի լիներ մարտի 14-ին, սակայն հայտնի պատճառներով չկայացավ: «Թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի տրամադրած դրամաշնորհի շրջանակում նկարահանել ենք 20 հեքիաթ, ամեն մեկը 8 րոպե տեւողությամբ եւ սեպտեմբերի 1-ից դրանք կլինեն եթերում: Վերցրել ենք Վարդան Այգեկցու, Մխիթար Գոշի, Աթաբեկ Խնկոյանի, Հովհաննես Թումանյանի գործերը, որոնք փոքրիկ ներկայացումների տարբերակով կլինեն, ու այդ ամենը կներկայացնի ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, կարելի է ասել՝ մեր Նոնա մորաքույրը»,-զրուցակիցս ծիծաղում է:

Գյումրու դրամատիկական թատրոնը որպես պետական կառույց ամեն տարի ստանում է պետական դոտացիա, որը կազմում է բյուջեի 90 տոկոսը, մնացած 10 տոկոսը լրացվում է ներկայացումներից ստացվող հասույթից: Բնականաբար, անցած 6 ամիսների պարապուրդը պետք է խնդիրներ ստեղծեր ֆինանսական առումով: Թատրոնը դիմել է նախարարությանը եւ ստացել անհրաժեշտ ֆինանսավորումը: Տնօրենը նշում է, որ հատկապես վերջին մի քանի տարին իրենք շատ ինքնաբավ են եղել ֆինանսական առումով, օրինակ՝ 2019թ.-ին արտաբյուջեի հաշվին կարողացել են շինարարական մեծ աշխատանքներ անել եւ հիմա, ոչ իրենց մեղքով, որոշակիորեն զրկված են այդ ինքնուրույնությունից:

6.JPG (386 KB)

«Այս ընթացքում մենք տարբեր առաջարկներ ենք արելԿԳՄՍ նախարարությանը պարետատան կողմից հերթական մեղմացումների պայմաններում դահլիճային ներկայացումները վերսկսելու առումով: Մեր դահլիճը 610 տեղ է, պատրաստ ենք ամեն ներկայացման համար վաճառել 100-ից 200 տոմս, ոչ ավելի: Գյումրու դրամատիկականը բոլոր հնարավորություններն ունի, որ մարդիկ գան, սոցիալական հեռավորություն պահպանելով ներկայացում դիտեն,-նկատում է Լյուդվիգ Հարությունյանը,-մեր առաջարկները քննարկման փուլում են, հույս ունենք, որ եթե ոչ սեպտեմբերին, ապա գոնե հոկտեմբերին թատերաշրջանը կբացենք հենց թատրոնի շենքում: Այս տարին մեզ համար հոբելյանական է նաեւ Վարդան Աճեմյանի 115-րդ տարեդարձի հետ կապված»:

155-րդ թատերաշրջանը կուղեկցվի անակնկալներով. գյումրեցիները հնարավորություն կունենան դիտելու սիրված դերասան Վարդան Պետրոսյանի եւ աճեմյանցիների համատեղ նախագիծը՝ «Վերելք» ներկայացումը: Աշխատանքներն այս պահին օնլայն են ընթանում, սակայն հույս ունեն, որ մեկ-երկու ամսից փորձերը կկարողանան տեղափոխել բեմ:  

Գլխավոր լուսանկարը «Ոչինչ չի մնա» ներկայացումից

Մեկնաբանություններ (1)

Taline Voskeritchian
Congratulations to the Gyumri Dramatic Theater on its new season! The choice of Valejo and Petrosyan is commendable, and a promissory step perhaps to a more modern/contemporary repertoire from Armenian and world theater.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter