
Բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում
Բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրով շնորհվել է Ազգային հերոսի կոչում:
Սրտաբան Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանացել է այս բարձրագույն կոչմանը:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյան Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:
Հալեպահայ սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը Հայաստանի անկախացումից հետո եկել է Հայաստան եւ 1992-1993 թթ. աշխատել Երևանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։
1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։ 1996 թ. նրա նախաձեռնությամբ բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը։
Հրայր Հովակիմյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է։ Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել